
Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել տարերային աղետներից 50-100 % վնաս կրած հողօգտագործողներին
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնք այս տարվա տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով 50-100 % վնաս են կրել։
Նախարարությունն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից 437 միլիոն դրամ տրամադրել, որը կազմում է պատճառված վնասի մոտ 4,6 %-ը:
Նման նախագիծ է Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ 2019 թվականի ընթացքում վնաս է պատճառվել շուրջ 15698 հա հողատարածքի։ Դրա հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 9 միլիարդ 578 միլիոն դրամ։
Ըստ նախարարության տվյալների՝ այս տարվա տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած հողօգտագործողների (11569,5 հա) վնասի չափը կազմում է 7 միլիարդ 469 միլիոն դրամ։ Վնասի հաշվարկները կազմվել են՝ հիմք ընդունելով մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը։
Խաղողի, պտղի և հատապտղի համար նախատեսվում է փոխհատուցել վնասի 5 %-ի չափով, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի և կարտոֆիլի համար՝ 4 %-ի չափով, իսկ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համար՝ 1 հա ցանքին անհրաժեշտ սերմացուի արժեքի 50 %-ի չափով (յուրաքանչյուր հա-ի հաշվով 30 հազ. դրամ): Միջինացված հաշվարկներով 1 հա խաղողի այգու համար աջակցության գումարը կազմելու է 57 հազար դրամ, պտղինը և հատապտղինը՝ 71 հազար դրամ, բանջար-բոստանային, կերային, տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի համար՝ 59 հազար դրամ դրամ:
Տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողներին փոխհատուցում տրամադրելով՝ էկոնոմիկայի նախարարությունը նպատակ ունի նվազեցնել հողերի օգտագործման ռիսկայնության մակարդակը, բարելավել հողօգտագործողների սոցիալական վիճակը։
Մեկնաբանել