Բաց նամակ սփյուռքից` Երևանի քաղաքապետին ու ՀՀ ոստիկանապետին
Գրում եմ սփյուռքից, երևանցու լիարժեք իրավունքով, ուր հինգ տարի ապրել ու ուսանել եմ որպես սփյուռքահայ ուսանող: Երևանի բնակիչները իմ հարազատներն են, իսկ յուրաքանչյուր ծառ ու թուփ, այգի ու շենք, պողոտա ու արձան իմ սրտին մոտ են: Ասեմ նաև, որ Երևանում ծայրահեղական «էքստրեմիստի» կոչում եմ ստացել 1965 թվականի ապրիլի 24- ին Հայոց դեմ գործադրված ցեղասպանության 50-ամյակի Երևանի հարյուրհազարանոց բողոքի ու պահանջատիրական ցույցին մասնակից լինելուս համար: Մի կոչում, որը հպարտությամբ կրում եմ ամբողջ կյանքում:
Ցավի և պայքարի հիշարժան օր էր, ուր մեր ժողովրդի նորագույն պատմության զարթոնքի սկիզբ դրվեց: Այդ օրը Արարատ լեռը ավելի բարձր էր երևում, այնքան բարձր, որի ձյունափառ գագաթը տեսանելի է եղել սփյուռքի ողջ հայությանը: Հայ ժողովուրդը նոր որակավորում ստացավ թե՛ հայրենիքում, և թե՛ս սփյուռքում:
Հուշեր պատմելու նպատակ չունեմ, սակայն անպայման, պետք է նշեմ, որ ցուցարարներիս վրա Ապրիլ 24-ին միայն ջուր շփեցին, և իշխանությունները մեզ վրա կրակելու հրաման չտվեցին, ինչպես մարտի մեկին Մաշտոցի փողոցի վրա: Այդ օրը երևանցիները զոհ չտվեցին, ազատության (օպերայի) հրապարակը չարնաներկվեց:
Անցան տարիներ: Ներկա սերունդը նոր հարցեր ունի լուծելու: Հայաստանի երիտասարդությունը այս պահին, ձմռան այս ցրտին կանգնած է Երևանի Մաշտոցի պուրակում: Ցուցարարները շրջափակված են Ձեր հրամանատարության տակ գտնվող ոստիկանների օղակով, ովքեր Ձեր հրամանն են կատարում և ջանում են, որպեսզի քաղաքապետի «օրինական» շինարարության հրամանը ի կատար ածվի:
Ծանոթ լինելով Հայաստանում տիրող ներկա վարչաքաղաքական անօրեն համակարգի գործունեությանը, միամտություն կլիներ ձեզանից ժողովրդանպաստ մի բան հուսալ: Ուստի` բողոքում եմ: Դուք ձեր անօրինությունների ու դաժանությունների մեջ բախտավոր եք: Ձեր դիմաց կանգնած է օրինապահ, խելացի և մոտ անցյալից դառը հիշողություն ունեցող մի զանգված, որը փորձում է խաղաղ միջոցներով ձեր իշխանությանը կարգի հրավիրել:
Համացանցի ու «սոցիալական» այլ կապի միջոցներով շարունակաբար տեսնում ու կարդում ենք այն բոլորի մասին, ինչ տեղի է ունենում ամեն մի օր Երևանում, ամեն մի պահ Մաշտոցի պուրակում: Ձեր հաստավիզ ոստիկաններն այնպիսի դաժանությամբ են հրում ու քաշքշում երիտասարդ ուսանող աղջիկներին, որ ամեն մի քաղաքակիրթ մարդու մոտ զայրույթ է առաջացնում: Այս երիտասարդների միակ «մեղքը», իրենց քաղաքի կանաչ տարածքի պաշտպանությունն է:
Իսկ դուք՝ քաղաքապետ ու ոստիկանապետ, ի՞նչ եք պաշտպանում, ու՞մ շահերն եք պաշտպանում: Միթե՞ այս քաղաքը ձեր ու ձեր երեխանների քաղաքը չէ՞: Ո՞վ է ձեզ և ձեր իշխանություններին իրավունք տվել այսպես թշնամաբար ու անօրինությամբ մաս-մաս անել ու առևտրի առարկա դարձնել մեր հայրենիքը: Այդ հողը ձերը չէ, այդ քաղաքն ու պուրակներն ու ծառները «մեր բոլորինս է հավասար», և դուք իրավունք չունեք Մաշտոցի պուրակում կաշառքի ու բիրտ ուժի միջոցով կրպակներ տեղադրել: Տեսաժապավեններում ձեր ներկայացուցիչները թութակի պես կրկնում են շինարարության «օրինական» լինելու մասին: Ոչ, պուրակում, ծննդաբերական հիվանդանոցին կից տարածքում առևտրի կրպակներ տեղավորելը օրինական լինել չի կարող:
Ապշել կարելի է, թե ինչպիսի ցինիկությամբ ցանկանում եք արդարացնել ձեր կեղծիքները: Գիշերով շինարարություն եք անում, ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելու համար: Ձեր այս ինքնավստահ ու անպատիժ գործելակերպն , անշուշտ, մեր ժողովրդի համբերատարության, օրինապահության և նաև զգուշավորության արդյունքն է: Այսպիսի սանձարձակություն ու անօրինություն Փարիզի, Բեռլինի ու Ստոքհոլմի քաղաքապետն ու ոստիկանապետն իրենց թույլ չէին տա, քաջ իմանալով, որ օրենք կա, որ ժողովուրդը նրանց կարգի կհրավիրի...
Պահանջում եմ դադարեցնել անօրեն շինարարությունը և բիրտ ուժի կիրառումը իմ հայրենակից քաղաքացիների նկատմամբ:
- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի
սփյուռքահայ շրջանավարտ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
«Երախտագիտություն» մեդալի շքանշանակիր
- Ստոքհոլմի արքայական տեխնոլոգիական
ինստիտուտի դասախոս
Դոկտ. Արամայիս Միրզախանյան
23 Փետրվար, 2012թ. Ստոքհոլմ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել