ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կթվայնացվի
Համաշխարհային բանկը ֆինանսավորել է «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում իրականացվելիք բարեփոխումների աշխատանքները:
ՏՄՊՊ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար:
«Ծրագիրը մեզ համար կենսական նշանակություն ունի: Խնդիր ենք դրել դրա շրջանակում իրականացնել մի շարք բարեփոխումներ, որոնք շոշափելի արդյունքներ կտան և կնպաստեն մեր գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` նշել է Գեղամ Գևորգյանը:
Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են թվային հարթակի ստեղծումը, որի արդյունքում կբարելավվի ներքին վարչարարությունը, էականորեն կկրճատվեն տնտեսվարողների կողմից մրցակցային մարմնին դիմելու և պատասխաններ ստանալու ժամկետները, որոշումների կայացման գործընթացը կդառնա էլ ավելի թափանցիկ:
«ԵԱՏՄ-ում ևս սկսվել է թվայնացման գործընթացը մրցակցության ոլորտում, և ես շատ եմ ցանկանում, որ հենց Հայաստանն այս առումով լինի առաջամարտիկը: Իհարկե, այդ ցանկությունը բավականին հավակնոտ է, սակայն կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել