Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է հիմնադրման 15-ամյակը
Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 15-ամյակի առթիվ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է միջազգային համաժողով։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդմամբ`երկօրյա համաժողովին մասնակցելու համար Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ելույթ կունենան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզերը, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը, Վենետիկի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Հերդիս Թորգեյսդոտիրը, Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նախագահ Միկոլա Գնատովսկին, այլ երկրների օմբուդսմաններ և միջազգային փորձագետներ։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ:
Համաժողովի երկու օրերի ընթացում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, որոնք կվերաբերեն մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերին ու ժամանակակից մարտահրավերներին, խոսքի ազատության և ատելության խոսքի արգելքին, վատ վերաբերմունքի կանխարգելմանը, ներառյալ՝ երեխայի խնամքի և սոցիալական խնամքի հաստատություններում, ինչպես նաև կանանց իրավունքների պաշտպանությանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել