
Արտահանման աճը հոկտեմբերին կտրուկ դանդաղել է
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։
Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա առաջին տասն ամիսներին ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 643 մլրդ դրամ՝ 2018 թվականի նույն ամիսների համեմատ աճելով 8.8%-ով։
Շինարարության ծավալն այս ընթացքում կազմել է 296.3 մլրդ դրամ՝ աճելով 4.5%-ով։
Ներքին առևտրաշրջանառությունը 2 տրլն 566 մլրդ դրամ է, աճը՝ 8.9%:
Ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 438 մլրդ դրամ՝ աճելով 15.1%-ով։
Գյուղատնտեսության տվյալները չեն հրապարակվել։ Վիճկոմիտեի մեկնաբանմամբ՝ դրանք հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ:
Իսկ միայն հոկտեմբերին, 2018 թվականի հոկտեմբերի նկատմամբ, ՏԱՑ-ի աճը կազմել է 7.7%: Սեպտեմբերին գրանցված 12-ամսյա աճի համեմատ (7.5 %) այն որոշակիորեն արագացել է։
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանն, ապա հունվար-հոկտեմբերին ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 2.145 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 7.2%-ով։
Իսկ ներմուծումը կազմել է 4.273 մլրդ դոլար, աճը՝ 6.2%:
Հատկանշական է, որ սեպտեմբերին գրանցված աճի բարձր տեմպը չի պահպանվել ոչ արտահանման, ոչ էլ ներմուծման պարագայում։ Մասնավորապես, եթե այս տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ներմուծումը նվազել է 2.3%-ով, ապա սեպտեմբերին այն աճել է 30.9%-ով, իսկ հոկտեմբերին՝ 15.8%-ով։
Արտահանման պարագայում աճի տեմպն ավելի կտրուկ է դանդաղել։ Եթե օգոստոսին աճել է 14.9%, սեպտեմբերին՝ 34%-ով, ապա հոկտեմբերին՝ ընդամենը 1.3%-ով։
Մեկնաբանել