HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է բարձրացնել աշխատանքային, զինվորական կենսաթոշակների, նպաստների չափը 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների միջին չափերը, ինչպես նաև` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը: Որպես այս փոփոխությունների հիմնավորում նախարարությունը նշել է, որ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2020 թվականին կանխատեսվում է 26500 դրամ։ Նշենք, որ այն նախորդ տարվա համեմատ 1000 դրամով ավելի է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Վերը նշված փոփոխությունները նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից։

Մասնավորապես՝ առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար դարձնել 950 դրամ (800 դրամի փոխարեն)։ 

Նախատեսվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը` դրանք սահմանելով 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Կբարձրանա նաև զինվորական ծառայության ստաժի, զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կդառնա 1600 դրամ (1500 դրամ), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` 1-ին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)։

Իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 27000 դրամ (25500 դրամի փոխարեն), երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Մեկնաբանություններ (1)

Սիրան
26.500 դրամով եկեք հաշմանդամ երեխա պահեք,կամ հաշվարկն ուղարկեք,տեսնենք ոնց եք հաշվարկել,օրը քանի՞դրամով խնամակալ ու երեխա կարող են ապրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter