HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առանց գյուղացիների գիտության նրանց հողերը տրվել են «Ծառուկյան քոթթոն ռոդ» ընկերությանը․ քրեական գործ է հարուցվել

Այս տարվա ապրիլին «Ծառուկյան Քոթթոն Ռոդ» ՍՊԸ-ն Արմավիրի մարզում բամբակի արտադրություն սկսեց։ Ընկերության սեփականատերերն են պատգամավոր Գագիկ Ծառուկյանը (80%) ու գավառցի գործարար Գագիկ Խաչիկյանը (20%)։

Գագիկ Ծառուկյանն Արաքս և Հայկաշեն համայնքների բնակիչների հետ հանդիպմանն ասել էր, որ բամբակի մշակությունն ընդգրկելու է Արաքս գետի ափին գտնվող տարածքները, և 1000 հեկտարի վրա փորձնական ցանվել է բամբակի սերմ։ Պատգամավորը հայկաշենցիներին խոստացել էր՝ եթե մինչ աշուն ստացված շահույթը շատ լինի, օգտագործվող մեկ հեկտարի համար նախատեսված 80 000 դրամ վճարը կդարձնի 100 հազար դրամ։

«Այսօր քանի հեկտար, որ տրամադրում եք, գումարը պե՞տք է վաղը փոխանցեմ ձեզ, կանխիկ տամ, դու (նկատի ունի Հայկաշենի համայնքապետ Վարշամ Հովհաննիսյանին-հեղ․) մարդկանց գումարները տաս․․ Վաղը ես քեզ 20 միլիոնը ուղարկեմ, եղբայր ջան։ Երբ ասեք, հարց չկա։ Բամբակը կծլի, չի լինի, ես այդ գումարը տվող եմ»,-նշել էր Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը Հայկաշենի համայնքապետ Վարշամ Հովհաննիսյանին խոստացել էր հաջորդ օրը 20 մլն դրամ ուղարկել համայնքապետարան՝ գյուղացիներից վերցրած հողերի օգտագործման վճարումները կատարելու համար։ Հովհաննիսյանը «Հետքին» ասաց, որ հրաժարվել է ընդունել այդ գումարը։

Բամբակի մշակությունը սկսելուց օրեր անց Գայ համայնքի բնակիչները, որոնց հողերը գտնվում էին Հայկաշեն համայնքի կազմում, տեսան, որ իրենց սեփականություն հանդիսացող հողերում ևս բամբակ է ցանվել։

Նրանք պնդում են, որ Հայկաշեն համայնքի ղեկավար Վարշամ Հովհաննիսյանն առանց իրենց իմացության թույլատրել է իրենց սեփականություն հանդիսացող հողերում բամբակ ցանել։

Այդ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու հատկանիշներով, որոնք ակնհայտորեն դուրս են եղել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց։

Գյուղացիների բողոքից հետո Հայկաշենի համայնքապետ Վարշամ Հովհաննիսյանը Գայի բնակիչներին հավաստիացրել է, թե հողերի օգտագործման համար սեփականատերերի հետ պայմանագիր կկնքվի, սակայն մինչ օրս որևէ գործողություն չի կատարվել։

Գայի բնակիչներն այժմ չեն էլ կարող գտնել իրենց հողերի տեղը, քանի որ հողերը վարել են, հողերի միջով ճանապարհ է բացվել, եւ խախտվել են դրանց սահմանները։

Հողի օգտագործման պայմանավորվածությունը եղել է Հայկաշենի համայնքապետի հետ

«Ծառուկյան Քոթթոն Ռոդ» ՍՊԸ-ի բաժնետեր Գագիկ Խաչիկյանը «Հետքին» հայտնեց, որ դեռևս երկու տարի առաջ Հայկաշենի համայնքապետարանի հետ համայնքային հողերի օգտագործման պայմանագիր են կնքել՝ 700 հեկտարի համար։ Սակայն, այն վերաբերում է միայն համայնքային հողերին, ոչ թե սեփականություն հանդիսացող հողերին։

«Պայմանագիր կա կնքված համայնքապետարանի հետ, և համայնքապետարանի հետ են համաձայնեցվել թե´ հողի հարկը և թե´ գնային քաղաքականությունը։ Համայնքապետի հետ է պայմանավորվածությունը եղել, քանի որ ներդրումային ծրագիր է, ներկայացվել է համայնքապետարան ծրագիրը, հավանության է արժանացել»,-ասաց ընկերության իրավաբան և հաշվապահ Լուսինե Աղլամազյանը։

Լուսինե Աղլամազյանը հավաստիացնում է, որ ընկերությունը երբեք չի հրաժարվում վճարել գյուղացիներին ունեցած հողային պարտավորությունները։ Ասում է՝ երեկ այցելել են Հայկաշենի գյուղապետարան, բաշխել հողի հարկի պարտավորությունը։ «Հողի պարտավորությունը պետք է առանձնացվի գումարից, որ ես հասկանամ` ինչքան է իրենց հողի հարկը, վճարեմ, նոր մնացորդը տամ գյուղացիներին»,-նշեց նա։

Բնակիչները պատահաբար են իմացել իրենց հողերը վարելու մասին

«Այս տարվա գարնանը իմացանք, որ Հայկաշեն համայնքի համայնքապետն առանց սեփականատերերի կարծիքն ու համաձայնությունը ստանալու թույլատրել է մեր հողերում բամբակ ցանել։ Մարդիկ կան, որ գնացել, ասել են՝ մի ցանի, ես պետք է բերեմ բան ցանեմ,  բանի տեղ չի դրել»,-ասում է Գայ համայնքի բնակիչ Արմինե Պողոսյանը։

Նա Հայկաշեն համայնքի տարածքում 1 հա մակերեսով հող ունի, որն ամիսներ առաջ բամբակ ցանելու համար վարել են։ Սակայն Պողոսյանին հաջողվել է դադարեցնել բամբակի մշակումը։

Արմինե Պողոսյանն ասում է՝ Հայկաշենի համայնքապետը որոշ սեփականատերերի խոստացել է 1 հա-ի համար տարեկան 80 000 դրամ վարձակալության գումար վճարել։

«Այդպես խաբել, ճանապարհ է դրել։ Ոչ էլ եկել է համաձայություն վերցնի, առանց ասելու ցանել են»,-ասում է նա։

Տեսնելով, որ Հայկաշենի համայնքապետի հետ չեն կարողանում համաձայնության գալ և իրենց հողերում արգելել բամբակ մշակել, Գայի բնակիչները բողոք են գրել գլխավոր դատախազին, որից հետո քրեական գործ է հարուցվել։

Արմինե Պողոսյանն ասում է՝ իրավիճակի մասին հայտնել են նաև Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանին, ով խոստացել էր երկու օրից Հայկաշենի գյուղապետի հետ հանդիպել։ Սակայն մինչ օրս մարզպետարանը որևէ գործողություն չի կատարել՝ Գայի բնակիչների խախտված իրավունքները վերականգնելու համար։

Գայի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանը ևս պատահաբար է իմացել, որ իր հողում բամբակ են մշակում։ «Հողը վարած ժամանակ գնացել ենք, Հայկաշենի համայնքապետի հետ խոսել ենք, որ պետք է գան մեզ հետ պայմանագիր կապեն, նոր ցանք անեն, բայց իրենք առանց մեզ հետ պայմանագիր կապելու 100 հոգուն բաժանած հողը սարքել են մի կլետկա, իրենց համար ցանք են արել։ Ճանապարհ էլ սկի չկա, բաժանումն էլ են խախտել»,-ասում է նա։ 

Հայկաշենի համայնքապետը Անդրանիկ Ավետիսյանին մայիս ամսին խոստացել էր 10 օրվա ընթացքում հողի վարձակալության պայմանագիր կնքել՝ 1 հեկտարի համար 80 000 դրամով։ Սակայն մինչ օրս որևէ պայմանագիր նրա հետ չի կնքվել։

Անդրանիկ Ավետիսյանը Հայկաշենում 6000 քմ մակերեսով հող ունի, որում նախկինում ցորեն էր ցանում։ Հետագայում ոռոգման ջուր չլինելու պատճառով Ավետիսյանը դադարեցրել է հողի մշակումը։ 

Չնայած հողը չէր մշակում, բայց մինչ 2017 թվական հողի հարկ է վճարել։ Երկու տարի է չի վճարում։ «Հիմա էլ չեմ վճարում, չեմ ուզում Հայկաշեն համայքի համար մուծում անեմ»,- ասում է նա։

Գայի բնակիչները մեկուկես տարի առաջ արգելել էին իրենց հողերում բամբակ ցանել

Հայկաշենի համայնքապետ Վարշամ Հովհաննիսյանը Գայ համայնքի հողերի օգտագործման մասին ապրիլին հեռախոսազանգով է տեղեկացրել Գայի համայնքապետ Սեյրան Մարկոսյանին։

«Ինձ զանգեց, ասեց՝ Գագիկ Ծառուկյանը գալիս է Հայկաշեն համայնք, ժողովրդի հետ հանդիպման, կարա՞ս` արի։ Ասեցի՝ զբաղված եմ, չեմ կարող»,-նշում է ասում է Սեյրան Մարկոսյանը։

Հետագայում Սեյրան Մարկոսյանը, տեղեկանալով, որ Գայի բնակիչների հողերում առանց նրանց իմացության բամբակ է ցանվել, զանգահարել է Վարշամ Հովհաննիսյանին: Վերջինս հավաստիացրել է, թե բնակիչների «հարցերը կլուծի»։ 

Խնդիրը կարգավորելու համար գյուղացիները և Սեյրան Մարկոսյանը հանդիպել են Արմավիրի մարզպետի խորհրդական Վահե Դավթյանին։

«Ասեց` այդ հարցը մենք կլուծենք, կկանչենք համայնքի ղեկավարին, կլուծենք»,-ասաց Սեյրան Մարկոսյանը։  

Հողերը բամբակի մշակության հանձնելու առաջարկություն Մարկոսյանին Վարշամ Հովհաննիսյանն արել էր նաև մեկուկես տարի առաջ։ Սակայն Գայի բնակիչները դեմ են եղել 1 հեկտարը 50-60 հազար դրամով վարձակալության հանձնելու առաջարկին, այդ պատճառով Մարկոսյանը հրաժարվել է համայնաքապետի այդ առաջարկից։ 

Այդ ժամանակ Հայկաշենի հողերում բամբակ ցանելու նպատակ ուներ Գագիկ Խաչիկյանը։ 

Հողերն առանց որևէ փաստաթղթի են հանձնվել «Ծառուկյան քոթթոն ռոդ»-ին

Հայկաշենի համայնքապետ Վարշամ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Ծառուկյան քոթթոն ռոդ» ընկերությանը փոխանցված բնակիչների սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման համար վարձակալության և օգտագործման որևէ պայմանագիր չի կնքվել, այժմ մասնագետների հետ քննարկում են, որ «պայմանագրերը ճիշտ ձևով կազմեն»։

«Նախնական բանավոր հայտարարություն է եղել, բամբակի մշակման համար Ծառուկյանն անձամբ եկել է համայնք ժողովրդի հետ հանդիպման, ամբողջ աշխարհն է տեսել, հեռուստացույցով ցուցադրել են, դրանից հետո մի ամսից ավել հողերի վարելու ընթացքն է եղել․․․Մարդիկ ձեն չեն հանել, դրանից հետո հիմա մարդիկ կան, բողոքում են ու ասում են, որ մեր հողերն առանց ասել ցանել եք»,-«Հետքի» հետ զրույցում նշեց Վարշամ Հովհաննիսյանը։

Համայնքապետը չի հերքում, որ Գայի բնակիչների հետ չի հանդիպել, ծրագրի մասին չի տեղեկացրել, բանավոր հայտարարություն է եղել։

«Հիմա վարվել է, էդ մարդկանց հողն էլ չի ցանվել, ինչու՞մն է պրոբլեմը»,-հարցնում է համայնքապետը։

Անդրադառնալով խոստացված պայմանագրերի կնքմանը, Վարշամ Հովհաննիսյանը նշեց, որ ում հողը մշակվել է, նրա հետ մինչ տարեվերջ պայմանագիր կկնքվի։ Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը վճարե՞լ է խոստացած 20 մլն դրամը, համայնքապետն ասաց ոչ` պարզաբանելով. «Ինքը պատրաստակամություն է հայտնել գումարը փոխանցելու, ես չեմ ընդունել այդ առաջարակը։ Որովհետև դեռ ոչ մի բան չէր արվել, ես ինչի՞ համար այդ գումարը վերցնեի»։

-Այդ դեպքում ի՞նչ միջոցներով եք սեփականատերերի հետ պայմանագիր կնքելու,- հարցրինք համայնքապետին։

-Ես մասնագետների հետ կքննարկեմ, կորոշենք` ինչ միջոցներով»,-ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter