HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առողջապահության ապահովագրում. նոր հարկային բե՞ռ, թե՞ համակարգի որակի բարձրացում

Հայաստանի Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագիծը, որը ներկայացվել է օրեր առաջ, մի շարք քաղաքացիների դժգոհությանն է արժանացել։ Եթե փորձենք մեկ նախադասությամբ բացատրել, ապա նախատեսվում է առողջապահության ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել որպես առողջապահության հարկ։ Օրեր առաջ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված այս նախագիծը, ըստ որոշ մասնագետների, հավելյալ բեռ է քաղաքացների համար և նվազեցնելու է նրանց եկամուտները։ Մինչդեռ Առողջապահության նախարարությունը համարում է, որ առողջապահության համապարփակ ապահովագրումը թույլ կտա մարդկանց օգտվել հիմնական բժշկական օգնությունից և սպասարկումից, հասանելի կդարձնի այդ ծառայությունները նրանց համար։ Եվ սա, ըստ նախագծի հիմնավորման, բարելավելու է հիվանդացության և մահացության ցուցանիշները, նպաստելու է առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերի նվազմանը։

Ընդգծենք, որ նախագիծը դեռևս հանրային քննարկումների փուլում է։ Այն առայժմ ոչ Կառավարության դատին է ներկայացվել, ոչ էլ՝ Ազգային ժողովի։

Առողջության հարկ՝ հնարավոր նոր հարկատեսակ աշխատողների համար

Առողջապահության նախարարության մասնագետները, որոնք մշակել են այս նախագիծը, եզրահանգել են, որ այսօր պետությունը պետական բյուջեից բավարար գումարներ չի կարողանում հատկացնել առողջապահության ոլորտի խնդիրները լուծելու համար։ «Համակարգի արդյունավետության բարձրացման քայլերը չեն համապատասխանում պետության կողմից հատկացվող ֆինանսավորմանը, իսկ բնակչության կողմից կատարվող ծախսերը մեծամասամբ անկառավարելի և անկանխատեսելի են, քանզի կատարվում են միայն առողջական խնդիրների առաջացման դեպքում»,- նշված է նախագծում։  

Ոչ բավարար չափով ֆինանսավորումը, ըստ նախագծի հիմնավորման, հանգեցրել է հասարակության սոցիալապես անապահով հատվածի թույլ թիրախավորմանը, իրական ծախսերից ցածր փոխհատուցվող գների, բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը հանգեցրել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը, և ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի: Ֆինանսական միջոցների պակասը խոչընդոտում է համակարգի զարգացմանը և բուժօգնության որակի բարելավմանը, նպաստում է բազմաթիվ ընտանիքների աղքատացմանը առողջապահական աղետալի ծախսերի պատճառով, խոչընդոտում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության և ֆինանսական մատչելիության բարելավմանը: 

Այս խնդիրները լուծելու համար նախատեսվում է աշխատող բնակչությունից գանձել առողջության հարկ։ Այն կազմելու է աշխատողի եկամտի 4-6%-ը։ Սակայն, նախագիծը կազմողները համոզված են, որ այդ գումարը լրացուցիչ բեռ չի դառնալու աշխատող բնակչության մի մասի համար՝ 41%-ի, իսկ մյուս 59%-ի պարագայում այն մեղմվելու է եկամտահարկի համահարթեցման արդյունքում եկամտահարկի չափի նվազման միջոցով:

Այսինքն՝ ըստ Առողջապահության նախարարության, քաղաքացիների եկամտահարկը կնվազի, փոխարենը կներդրվի առողջության հարկը, և նույն քաղաքացին չի զգա նոր հարկի ծանրությունը։ Հենց այս թեզի հետ համաձայն չեն մասնագետները, ովքեր դեմ են նախագծին. նրանց հիմնավորումներին կանդրադառնանք հոդվածի մյուս մասում։

Նախագծում նշված է, որ առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա. «Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150  հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ.-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա»:

Իսկ չաշխատող քաղաքացիների փոխարեն առողջության հարկի գումարները կտրամադրվեն պետական բյուջեից։  Այլ խոսքով՝ առողջապահության համապարփակ ապահովագրման ներդրումը ենթադրում է առողջության հարկից լրացուցիչ գումարների ներգրավում, ինչպես նաև պետական բյուջեի առողջապահական ծախսերին ուղղված գումարների ավելացում։  

Այս որոշման նախագիծը մշակել է առողջապահության նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը: Այն հաշվարկները կատարել է ըստ տարբեր առողջապահական ծառայությունների փաթեթների։

Ըստ նախագծի՝ առողջության համապարփակ ապահովագրությունը  նախատեսվում է ներդնել 2022 թվականից։

Առողջապահության համապարփակ ապահովագրություն ներդնելու համար կծախսվի շուրջ 230 մլրդ դրամ

Առողջապահության նախարարությունը հաշվարկել ու եզրահանգել է, որ ԱՀԱ ներդրման հետևանքով  բյուջետային մուտքերը կավելանանոչ միայն առողջապահական ծախսերից ազատված միջոցները սպառողական այլ ծախսերին ուղղելու արդյունքում, այև բժշկական կազմակերպությունների շրջանառության ավելացման, ոչ պաշտոնական շրջանառության կրճատման տեսքով։ ԱՀԱ ներդրումից հետո տեղական բյուջեները կունենան լրացուցիչ միջոցներ՝ իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կառավարման արդյունավետության բարձրացման հետևանքով ձևավորված շահաբաժինների տեսքով։ ԱՀԱ ներդրման ընդհանուր ծախսը կազմում է շուրջ 229.1 մլրդ դրամ։ Նախագծում նշված է. «Համաձայն բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված ֆինանսական ցուցանիշների, 2018 թվականին հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններից ստացված եկամուտը կազմել է շուրջ 82 մլրդ դրամ: Պետական տուրքերի և հարկերի մասով վճարումները կազմել են շուրջ 14.4% կամ 11.7 մլրդ դրամ: Նախնական գնահատականների հիման վրա, բացի առողջության հարկի տեսքով բյուջեի ավելացումից (շուրջ 122.8 մլրդ դրամ), բժշկական ծառայությունների մատուցման արդյունքում պետական բյուջե հարկերի և տուրքերի տեսքով կվերադառնա շուրջ 32.7 մլրդ դրամ»:

Ըստ նախագծի հեղինակների՝ այս ամենի վերջնական ակնկալվող արդյունքը կլինի հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Լրացուցիչ բեռ, տնօրինվող եկամուտների նվազում. նախագծին դեմ արտահայտվողների փաստարկները

Ժամանակին, երբ եկամտային հարկը Հայաստանում համահարթ դարձնելու գաղափարը դեռևս նախագծի տեսքով էր, բավականին թեժ քննարկումներ էին ընթանում։ Ինչպես գրեթե բոլոր նախագծերի դեպքում, այդ գաղափարն էլ և՛ կողմ, և՛ դեմ տեսակետների էր բախվում։ Որպես եկամտային հարկը համահարթեցնելու գլխավոր շարժառիթ ու դրական հետևանք իշխանությունները նշում էին այն, որ աշխատող բնակչության տնօրինվող եկամուտները առաջիկա մի քանի տարում աճելու են։ Մասնավորապես, երբ մի քանի տարվա ընթացքում եկամտային հարկը բոլորի համար հավասարվի 20%-ի, կստացվի, որ 3 տոկոսային կետով նվազում է մինչև 150 հազար դրամ ստացողների եկամտային հարկը և ավելի բարձր տոկոսային  կետերով՝ 150 հազար դրամից բարձր ստացողներինը։ Այս փաստարկը բազմիցս շեշտվեց Ազգային ժողովում հարկային փոփոխությունների փաթեթի ընդունման ժամանակ։ Հիշեցնենք, որ եկող տարվանից եկամտային հարկը Հայաստանում դառնալու է համահարթ՝ 23% բոլորի համար։ Այն աստիճանաբար նվազելու է և դառնալու 20%: Սակայն, սրան զուգահեռ ավելանում են պարտադիր կենսաթոշակային գումարները՝ 2.5%-ից դառնալով 5%։  

Եվ եթե քաղաքացիների մի մասի եկամուտները կարող էին աճել եկամտային հարկի համահարթեցման արդյունքում, ապա առողջության հարկի ներդրման պարագայում այդ ավելացումը տեղի չի ունենա։ Նախագծին ընդդիմացողների գլխավոր փաստարկներից մեկը հենց սա է։

Բացի այդ, ստացվում է, որ աշխատողների հաշվին առողջապահության համապարփակ ապահովագրությունից օգտվելու են նաև չաշխատող անձինք, քանի որ վերջիններիս համար վճարվելու է պետական բյուջեից։ Իսկ պետական բյուջեն գոյանում է նույն աշխատողների հարկերից։ Այսինքն՝ աշխատողները կրկին «պահելու» են ամբողջ բնակչությանը։ Այս առիթով նախագծի քննարկումների մասնակիցները հիշել են նախորդ տարվա նոյեմբերին Ղազախստանի հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում նա ասել էր. «Մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրավիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ»։

Նախագծի քննարկման մասնակիցների արծարծած հարցերից մեկն էլ այն է, թե որքանով է քաղաքացու համար շահավետ պարտադիր ապահովագրումը նույնիսկ այն դեպքում, երբ նա պարբերաբար օգտվում է բժշկական ծառայություններից։ Դիցուք, քաղաքացու անվանական աշխատավարձը, որն այսպես կոչված «կեղտոտ» աշխատավարձն է, ամսական կազմում է 400 հազար դրամ։ Եթե նա այդ գումարից ամսական 6% առողջության հարկ վճարի, ապա տարեկան նրա վճարած հարկի ընդհանուր գումարը կկազմի 288 հազար դրամ, ամսական՝ 24 հազար դրամ։ Այդ քաղաքացին այսօր պատրա՞ստ է այդչափ գումար տրամադրել առողջապահական ծառայություններին։  

Նախագծին դեմ արտահայտվողների փաստարկները սրանով չեն սպառվում։ Այնուամենայնիվ, նրանց մի մասն ընդհանուր առմամբ դեմ չէ առողջապահության ապահովագրմանը։ Խնդիրը ներդրման մեխանիզմներն են։

Նոյեմբերի 23-ին ֆեյբուքյան իր էջում առողջապահության նախարար Արսեն Թորոյանը խոստացել է, որ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացնելու ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter