HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը սանկցիա կիրառեց Յ. Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ու դատախազ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ

Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի  Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։

Այսօրվա դատական նիստին առաջին անգամ ներկայացել է դատախազ Կարեն Բիշարյանը։ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին նրան։  Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ  դատախազ Կարեն Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

«Դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ ազգային ժողովում հրավիրված քննարկումների ընթացքում, դատախազ Բիշարյանը, ամբիոնից պատասխանելով առաջադրված հարցադրումներին, մասնավորապես այն մասին՝ արդյոք գործում առկա չեն գնդապետի կոչումներ ունեցող նախկին պաշտոնյաների, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, Կարեն Բիշարյանն ասել է, որ այդպիսի հիմքեր առկա չեն, և Քոչարյանին որպես վկա հարցաքննության հրավիրելու հարկ նույնիսկ չկա»,- հիշեցրեց Հովհաննես Խուդոյանը։

Հետագայում, ըստ պաշտպանի, որոշակի քաղաքական պրոցեսների արդյունքում Կարեն Բիշարյանը տեսել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր։ Խոսքը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություն մասին է։

Ըստ Հովհաննես Խուդոյանի, այն հիմքերի մասին, որոնք այժմ Քոչարյանի մեղադրանքի հիմքում են, դատախազությունը տեղյակ է եղել նաև 2018-ի փետրվարին, երբ Կարեն Բիշարյանն անում էր հայտարարությունը։

«Քաղաքական փոփոխությունների արդյունքում դատախազը կանխակալ վերաբերմունք է դրսևորում պարոն Քոչարյանի նկատմամբ։ Հնարավոր չէ՝ նրա պես մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող մարդու համար ինչ-որ բան այդ ընթացքում փոխված լիներ, նա ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը, ուստի չի կարող սույն գործով մեղադրող դատախազ լինել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն իր խոսքում նկատեց, որ  Քոչարյանի և մյուսների գործողություններում քրեորեն հետապնդելի արարք չտեսնելուց ուղիղ 4 ամիս 10 օր հետո իրենք տեղեկացան, որ որոշում է կայացվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղասդրանք առաջադրելու մասին. «Ի՞նչ փոխվեց Դատախազությունում՝ սկսած գլխավոր դատախազից. նրան հիշատակում եմ, որովհետև դեռևս այն ժամանակ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանին վկա հարցաքննելու մասին, ինչը նա մերժել է»:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի Պողոսյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ նրա և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև։

Միհրան Պողոսյանը նույնպես շեշտեց, որ 2018-ի փետրվարին Կարեն Բիշարյանն ԱԺ ամբիոնից հանրությանը տեղեկացնելով քրեական գործի մասին՝ հայտարարել է, թե բարձր զինվորական դասային աստիճան ունեցող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, անգամ որպես վկա հրավիրելու հիմքեր առկա չեն։

«Հետագայում՝ ապրիլ-մայիս ամիսներին, Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո գործի ընթացքն ամբողջությամբ փոխվել է, և փոխվել է նույն դատախազի հսկողության ժամանակ, մինչդեռ գործի փաստական հանգամանքները որևէ կերպ չեն ավելացվել։ Դատախազության և ՀՔԾ հաղորդագրություններն այն մասին են խոսում, որ նախաքննությունն այդ ժամանակահատվածում ձեռք է բերել ընդամենը 0038 հրամանը և նախագահի հրամանագիրը»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանը շեշտեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի  հրամանագրում դեռևս 2008 թվականից հստակ նշված են եղել արտակարգ դրության իրականացման պայմանները և դրանում ներգրավված անձանց շրջանակը, ինչ վերաբերում է 0038 հրամանին, դեռևս 2011 թվականին այդ հրամանը հրապարակելու համար անձ է ենթարկվել քրեական պատասխանատվության, 0038 հրամանի մասին տեղյակ է եղել ինչպես դատախազությունը, այնպես էլ գլխավոր դատախազը։

«Կարեն Բիշարյանը կամ 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել կամ հիմա․ երկու դեպքում էլ օրենքով չի գործել և այդ հիմքով ենթակա է բացարկման, այլ տարբերակ  ուղղակի չկա»,- ասաց Միհրան Պողոսյանը։

«Չի կարող որևէ հանգամանք չփոխվի և անձանց նկատմամբ․․․»,- Պողոսյանը ցանկանում էր շարունակել խոսքը, երբ դատախազներից Պետրոս Պետրոսյանը, վեր կենալով տեղից, ասաց՝ առարկում եմ։

«Ես Ձեզ չեմ ընդհատում, երբ դուք խոսում եք»,- բարձր տոնով ասաց Միհրան Պողոսյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը, տեղից վեր կենալով, կրկին բարձր տոնով ասաց, որ Պետրոսյանն առարկում էր պաշտպանի հայտարարության վերաբերյալ, ի՞նչ է նշանակում պահանջել, որ չառարկի։

«Դու ինձ մի՛ ասա՝ ինչ անեմ»,- շարունակեց Միհրան Պողոսյանը։

Դատարանում պաշտպանի և դատախազի միջև վիճաբանությունն այնքան սրվեց, որ դատավորն ընդմիջում հայտարարեց, ապա վերադառնալով՝  վիճաբանող կողմերի նկատմամբ  նկատողության տեսքով դատական սանկցիա կիրառեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter