Հայաստանում աճել է հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց թիվը
Վերջին շրջանում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, աճել է հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց թիվը: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում 480 մլն մարդ տառապում է տարբեր տեսակի հոգեկան հիվանդություններով, կամ որևէ կերպ առնչվում է հոգեբուժական ծառայությունների հետ:
Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ հասարակության մոտավորապես 1,5 տոկոսն են կազմում: Մոտ 44000 ՀՀ քաղաքացի այս կամ այն կերպ առնչվում է հոգեբուժական ծառայությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ Արմեն Սողոյանը:
«Մարդկանց մեջ`յուրաքանչյուր 4-ից 1-ը իր կյանքի ընթացքում հոգեկանի հետ կապված որոշակի խնդիրներ ունենում է: Հոգեկան խնդիր ունենալ չի նշանակում ծանր հոգեկան խանգարում ունենալ: Դրանց մեջ մտնում են դեպրեսիաները, տագնապները, որոշակի անհանգստություններ, որոնք կարճաժամկետ են և լրիվ բուժելի»,-ասաց Արմեն Սողոյանը: Բանախոսը նշեց, որ բոլոր տիպի հոգեկան հիվանդությունները բուժելի են, եթե հայտնաբերվեն ժամանակին և ունենան հասարակական ճիշտ մոտեցումներ:
«Մենք պետք է իրազեկված լինենք, որ հոգեկան հիվանդը որևէ վտանգ չի կարող ներկայացնել հասարակության համար: Ապացուցված է, որ հոգեկան հիվանդների կողմից կատարվող հանցագործությունները իրենց թվով չեն գերազանցում սովորական բնակչության շրջանում կատարվող հանցագործություններին: Նման տեսակետ չկա, որ հոգեկան խանգարումներ ունեցողները հակված են ավելի վատ վարք ցուցաբերելու»,-ասաց բանախոսը:
Նա նշեց, որ ժամանակին բուժում ստացած հոգեկան հիվանդը կարող է լիարժեք մարդ համարվել և բոլոր մարդկանց նման ապրել, աշխատել, ստեղծագործել և օգուտ տալ ինչպես իր ընտանիքին, այնպես էլ` հասարակությանը:
Այն հոգեկան հիվանդությունները, որոնք ժամանակին չեն բուժվում, կարող են առաջացնել մի շարք խնդիրներ, այդ թվում` հաշմանդամություն:
«Ծանր հոգեկան հիվանդությունները հաշմանդամություն առաջացնող ամենամեծ խմբերից են: Ամբողջ աշխարհում հաշմանդամների 13 տոկոսը կազմում են հոգեկան հիվանդները: Ծանր խանգարումները 70-90 տոկոսով հաշմանդամություն են առաջացնում»,-ասաց Արմեն Սողոյանը:
Նա նշեց, որ տարբեր են հոգեկան հիվանդությունների առաջացմանը նպաստող գործոնները: «Բոլոր հիվանդությունների նման, հոգեկան հիվանդություններն էլ ունեն ներքին նախատրամադրվածություն: Այն կարող է փոխանցվել մարդուն գենետիկորեն, ժառանգաբար, և դեռևս ներարգանդային շրջանում հղի կնոջ տարած հիվանդությունները սթրեսները, հղիության ընթացքում վնասակար սովորությունները`ալկոհոլ օգտագործել, ծխել և այլն, կարող են մարդու հոգեկանի վրա ազդեցություն ունենալ»,- ասաց բանախոսը:
Նա նշեց նաև, որ հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները, փոքր տարիքում տարած սթրեսները, երեխայի ոչ ճիշտ դաստիարակությունը:
«Հետագայում էլ, երբ մարդու կյանքում սթրեսները, տրավմաները շատ են լինում, դրանք նույնպես նպաստում են թեթև հոգեկան խանգարումների»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ հոգեկան հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել տնտեսական վիճակը, քաղաքակրթությունը:
Հոգեբանը խորհուրդ տվեց ապրել ավելի թեթև, հնարավորինս զերծ մնալ սթրեսներից: Եթե նկատվում են հոգեկանի հետ կապված փոփոխություններ, առանց պատճառի տրամադրության անկում, չպետք է ամաչել և ներփակվել, այլ անպայման դիմել մասնագետի:
Հրաչուհի Ալմաստյան
ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել