HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերը կքննվեն առանձին

Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա նիստին պաշտպան Լևոն Բաղդասարյանը արտահերթ հայտարարութամբ հանդես եկավ՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի այն հարցազրույցին, որտեղ ներկայացնում է հատված Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցից, որը վերաբերում է Մանվել Գրիգորյանին։ Փաստաբանը նշեց, որ դատարանը հաշվի չի առնում Գրիգորյանի հիվանդությունների մասին էպիկրիզները, որոնք ամրագրվել են նաև առողջապահության նախարարության հանձնաժողովի կողմից։ Ըստ հիվանդությունների մասին տեղեկանքի՝ ներկայացվում է, որ Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները վատթարացել են, որը պայմանավորված է եղել կալանքով։ Փաստաբանն ասաց, որ թեև Մանվել Գրիգորյանը 6 ամիս գտնվել է ստացիոնար բուժման մեջ, այնուամենայնիվ հիվանդություններն ավելացել են։

Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի հայտարարությանը, փաստաբանն ասաց․

«Ես որպես Գրիգորյանի պաշտպան, իրավունք ունեմ մտածելու, որ Գրիգորյանի գործով դատարանն ուղղակի կամ անուղղակի ձևով չի կարող արդարադատություն կայացնել։ Ես նման պայմաններում ցանկանում եմ այս փոսից դուրս գալ և կայացնել արդարադատություն», - նշեց փաստաբանն, ապա դատարանին ներկայացրեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն: Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է, ստացիոնար բուժման պայմաններում նա ֆիզիակական ակտիվություն չունի, որը բացասական է ազդում կյանքի վրա։ Որպես խափանման միջոց առաջարկեցին 5 մլն դրամ գրավ։

Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունից հետո ներկայացրեց, որ սա պաշտպանների թվով 12-13-րդ միջնորությունն է, որի հիմքը նույնն է՝ առողջական վիճակի վատացում։ Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ պաշտպանները միջնորդություն կարող են ներկայացնել, եթե կան հիմքեր, իսկ այսօր ներկայացրած միջնորդության հիմքին դատարանը դատավարության նույն փուլում արդեն իսկ անդրադարձել էր։ Մինչև դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կհրապարակեր, Մանվել Գրիգորյանի վիճակը նորից վատացավ, նիստը ընդմիջվեց և Գրիգորյանին դուրս հանեցին նիստերի դահլիճից։ Դատական նիստի վերսկսվելուց  հետո Գրիգորյանին այլևս ներս չբերեցին։ Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ միջնորդությունը 12-13 անգամ ներկայացնելուց հետո կատարվում է իրավունքի չարաշահում։ «Միջնորդությունը չի քննվում, և եթե նույն հիմքով նորից միջնորդություն ներկայացվի, նորից չի քննվի»,- հայտարարեց նախագահող դատավորը։ Մինչ Գրիգորյանի պաշտպանները ցանկանում էին առարկությամբ հանդես գալ, դատավորը չթույլատրեց, հայտարարելով մյուս դատական նիստի օրը։ Մնացական Մարտիրոսյանը կայացրեց որոշում՝ գործից առանձնացնել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանին վերաբերող հատվածը։

Նազիկ Ամիրյանի գործով հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 3-ը, իսկ Գրիգորյանի մասով գործը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։

Դատավորի այս որոշումների վերաբերյալ Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հայտարարությամբ հանդես եկավ, նշեց, որ իրենք պետք է առարկությամբ հանդես գային դատավորի որոշման դեմ, սակայն Մնացական Մարտիրոսյանը չթույլատրեց, անդրադարձավ նաև միջգերատեսչական հանձնաժողովի կայացրած որոշմանը, նշեց, որ դատավորին քանի անգամ դիմել են՝ հնարավորություն տալ հարցեր ուղղել հանձնաժողովի անդամներին, սակայն միջնորդությունները մերժվել են։ «Էս մարդկանց էլ չեք լսել (նկատի ունի մեղադրողներին-հեղ․), մարդիկ բողոք են գրել, ես հաջորդ դատական նիստին ներկայացնելու եմ ինքնաբացարկի միջնորդություն։ Այլ բան չի մնում, քան խնդրել դատարանին, գալ իրավական դաշտ և գործը քննել Քրեական դատավարության օրենսգրքով», - նշեց փաստաբանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter