HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սանասարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդության հարցով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի (այս պահին լիազորությունները կասեցված են), նախկին աշխատակիցներ Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի, «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանի գործի քննությունը:

Նախորդ դատական նիստին Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու վերաբերյալ: Ըստ Սանասարյանի պաշտպաների՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որն իրականացրել է այս քրեական գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է: Ըստ պաշտպանների՝ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։ Միջնորդության գրավոր տարբերակը տրամադրվել էր կողմերին, և դատական նիստը՝ հետաձգվել:

Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանի ներկայացված միջնորդությամբ, փաստացի, վիճարկվում է ԱԱծ քննչական դեպարտամենտի կարգավիճակը:

«ՀՀ քրեական օրենսգրքի՝ նախաքննության մարմինները սահմանող հոդվածի համաձայն՝ քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ, ինչպես նաեւ՝ հարկային և մաքսային մարմինների քննիչները, այսինքն՝ նախաքննության մարմինների թվում է նաև ԱԱԾ-ն: Մեկ այլ հոդվածով արդեն սահմանված են քննիչի, այդ թվում՝ ԱԱԾ քննիչի լիազորությունները: Դրանք նախատեսված են նաև քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով»,- ասաց Գևորգ Սարգսյանը:

Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը առարկեց Ինեսսա Պետրոսյանի միջնորդության դեմ՝ կապված միայն քրեական գործի վարույթը կասեցնելու պահանջի հետ, մյուս մասով՝ կապված ՍԴ դիմելու հետ, Անանյանը միացավ միջնորդությանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Խաչատրյանին:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել
Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է արդեն իսկ վերը նշված` Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին վերագրվող գործողություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter