HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Վարդանյանի որդին արդարացվել է, իսկ ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սերժ Վարդանյանին, որը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ:

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանը: Վարդանյանի ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Վերջինս մինչև դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալն էր միջնորդել, որ իր նկատմամբ վերը նշված հիմքով դադարեցվի քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու ընկերը՝ Ռոբերտ Հայրապետյանը, մեքենայով են եղել, և երթևեկության կանոնների խախտման առթիվ վիճաբանություն է առաջացել մեկ այլ մեքենայում գտնվող Շանթ Մագարյանի հետ: Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Մագարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Գործի շրջանակներում Վարդանյանի և վերջինիս ընկերոջ նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, շուրջ 5 տարի քննում էր խուլիգանության հոդվածով հարուցված այս գործը, սակայն այն ավարտին չէր հասցնում:

Գործով տուժող Շանթ Մագարյանը պնդում էր՝ Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի հետ վիճաբանության ժամանակ  վերջիններս ոստիկանների են նկատել ու փորձել մեքենայով փախուստի դիմել, ինչի հետևանքով իրեն 30 մետր գետնին քարշ տալով տարել են իրենց հետ, ու մարմնական լուրջ վնասվածք պատճառել: Ըստ Մագարյանի՝ վիճաբանության ժամանակ ինքը ձեռքը մեքենայի պատուհանից ներս է տարել, ու վարորդի կողքին գտնվող ուղևորը՝ Ռոբերտ Հայրապետյանը, բռնել է այն և ոստիկաններից փախուստի դիմելու ընթացքում բաց չի թողել, որի հետևանքով էլ ինքը ստացել է մարմնական վնասվածքը: 


Լուսանկարում ձախից՝ Մանվել Գրիգորյանը, Սերժ Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter