HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրին

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի պաշտպանները այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացրին Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատարանում քննվող քրեական գործը ԱԱԾ-ում հարուցվել է 2019 թվականի փետրվարի 20-ին՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը գլխավոր դատախազի տեղակալը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարին գրություն է ուղարկել, որով գործի քննությունը հանձնարարվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Ամիսներ անց՝ 2019-ի ապրիլի 18-ին, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործի նախաքննությունը շարունակել է իրականացնել ԱԱԾ քննչական դեպարտամենտը:

Սանասարյանի պաշտպանները գտնում են, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը, քանի որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, իսկ օրենքը սահմանում է, որ  օրենսդիր, դատական և գործադիր իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական  ծառայություն իրականացնող անձանց վերաբերյալ քննությունը կատարում են Հատուկ քննչական  ծառայության քննիչները։

Ըստ պաշտպանների՝ գործի ամբողջ նախաքննությունն իրականացվել  է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, այսինքն՝ ոչ այն մարմնում, որտեղ գործը ենթակա էր քննության, ուստի նրանք միջնորդեցին այդ հիմքով Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Միջնորդության ավարտից հետո Դավիթ Սանասարյանի աջակիցները, որոնք գտնվում էին նիտերի դահլիճում, սկսեցին ծափահարել:

«Ինձ մոտ տպավորություն է, որ դուք եկել եք  հանրահավաքի»,-ծափահարությունների ավարտից հետո ասաց դատավոր Դավիթ Բալայանը:

Ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պետք է ծանոթանա դրա գրավոր տարբերակին: Դատավոր Դավիթ Բալայանը, թեև հետաձգեց նիստը, նշեց, որ վերը նշված միջնորդությունը ներկայացված է եղել նաև գործի նախաքննության ընթացքում, ուստի քրեական գործում առկա է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի փետրվարի 14-ին: Դատավոր Դավիթ Բալայանը դեռ նախորդ դատական նիստին էր հայտնել իր՝ այլ նիստերով ծանրաբեռնվածության մասին:

Դահլիճում, այնուամենայիվ, դժգոհեցին, որ նիստն այդքան ուշ է նշանակվում: Քաղաքացիներից մեկը արձագանքեց՝ 2021-ի՞ փետրվարին է նշանակվել նիստը, թե՞ 2022-ի:

Դավիթ Բալայանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց, որ խոսքը 2020 թվականի մասին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter