Լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկանում են ֆիլմ նկարահանել խաչքարի մասին
Լիտվացի կինեմատոգրաֆիստները ցանկություն են հայտնել ֆիլմ նկարահանել խաչքարի մասին: Այս մասին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը: Դեսպանը խնդրել է ֆիլմի նկարահանման հարցում նախարարության աջակցությունն ու խորհրդատվությունը:
Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել նաև երևանյան զբոսայգիներում լիտվական փողային կվինտետի՝ «Վիլնյուս-բրաս-բենդի» և հայկական փողային նվագախմբերի համատեղ բացօթյա համերգներ անցկացնելու վերաբերյալ:
Հասմիկ Պողոսյանը դեսպանին ծանոթացրել է Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայ գրատպության 500-ամյակի ծրագրերին, առաջարկել մասնակցել նախատեսվող տոնական միջոցառումներին, այլ երկրների շարքում հանդես գալ լիտվական տպագիր առաջին գրքերի երևանյան ցուցադրությամբ:
Գեդրիուս Ապուոկասը խոստացել է ապրիլի 21-ին մեկնարկող «ArmBookExpo» հայ գրքի ցուցահանդեսին տրամադրել հայերի ու Հայաստանի մասին լիտվերեն հրատարակված գրականություն:
Փետրվարի 29-ից Հայաստանում մեկնարկելու է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցելու է նաև լիտվացի անվանի դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը:
Հունվարի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել