HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանին աղբատարներ նվիրողները պաշտոնյաներին կապակցված ընկերություններն են (լրացվող)

Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։  

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ 

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է, հիմնադրվել է 2019թ-ի հունվարի 11-ին։ Ընկերության բաժնետերերից է Արմինե Եղիազարյանը (12․5 %), ով ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Ընկերության 50 %-ի բաժնետերը Աիդա Հովհաննիսյանն է, իսկ Մարինա Թադևոսյանը, Նարեկ Ասատրյանը և Սամվել Մանիջոյանը տիրապետում են 12․5-ական տոկոս բաժնետոմսերին։

N&S.jpg (110 KB)

Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամբ։ Ուղիղ մեկ շաբաթից՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ ընկերության կողմից կառուցապատման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ 

«Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների համակարգում այս ընկերության վերաբերյալ տվյալներ չկան, հետևաբար հանրության համար գաղտնիք է մնում դրա աշխատակիցների քանակը կամ արդյոք ունի՞ աշխատակիցներ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, «Ն եւ Ս քոնսթրաքշն» ընկերությունն այս տարվա հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողներից 104-րդն է եղել՝ վճարելով 364 միլիոն դրամ հարկ։

Արմինե Եզիազարյանին է պատկանում ընկերության 12,5 տոկոս բաժնեմասը։ 2018-ի հոկտեմբերի 27-ից նա հանդիսանում է նաև «Արտ Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։

Նախարարի նախկին տեղակալի հարկային պարտավորություններ ունեցած ընկերությունը 

Մեկ «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենա էլ Երևան համայնքին նվիրել է «Էյչ բի Էմ գրուպ» ընկերությունը։ 

Այս ընկերության 33 տոկոսի սեփականատերը տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2000-2013) Հրանտ Բեգլարյանն է, 0․02 տոկոսի բաժնետերը նրա դուստրը՝ Աննա Բեգլարյանը, իսկ 33-ական տոկոս բաժնեմասերը պատկանում են Հրաչյա Մինասյանին և Հրանտ Հախնազարյանին։

HMB.jpg (125 KB)

Հրանտ Բեգլարյանը, Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանն այս տարվա օգոստոսի 22-ին Երևանի քաղաքապետարանից Հյուսիսային պողոտա 8 հասցեում գտնվող իրենց երկու տարածքի համար առանձնացված հասցեներ են ստացել (Հյուսիսային պողոտա 8 շենք, շինություն 11 և 6)։ Եռյակը համատեղ ևս մեկ ընկերություն է ունեցել՝ «Սմարտ Չոյս» ՍՊԸ-ն։

Չնայած ընկերությունը քաղաքին «ԿամԱԶ» մակնիշի աղբատար է նվիրել, սակայն այս տարվա հուլիսի 3-ի դրությամբ մոտ 244 հազար դրամի չկատարած հարկային պարտավորություն է ունեցել։

«Սամվել Ալեքսանյանը չի նվիրել», նրա հորեղբոր որդին է նվիրել 

Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Վերջինս գրանցված է Մալաթիա-Սեբաստիա Օհանովի փողոց 15/1 հասցեում, որտեղ գտնվում է նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պնդել է, որ Սամվել Ալեքսանյանը համայնքին աղբատար չի նվիրել․ «Սամվել Ալեքսանյանը Երևանին չի նվիրել (աղբատարեր,- խմբ․)։ Սամվել Ալեքսանյանին կապակցված այն ընկերությունները, որոնց մասին հանրությունը տեղյակ է, չեն նվիրել։ Եթե ապագայում պարոն Ալեքսանյանը կորոշի ինչ որ նվեր մատուցել, քաղաքը կարծում եմ չի հրաժարվի»,- նշել է Հակոբ Կարապետյանը։

Հակոբ Կարապետյանը ասել է նաև, որ նվիրատվությունների դիմաց  Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն կամ արտոնություն ընկերություններին չի տրամադրում։

Նշենք, որ համայնքին մեկ աղբատար ավտոմեքենա էլ նվիրել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։

«Հետքը» շարունակում է ուսումնասիրել այս ընկերությունների գործունեությունն ու դրանց սեփականատերերին։

Մեկնաբանություններ (1)

Արմեն
Բա ասում էի՞ք Սամվել Ալեքսանյան։ Թե որ քաղաքը մաքուր ա վատ ա։ Թույլտվություն մենք էլ ենք ստացել ու առանց կոպեկի, իհարկե գոնե այգի քաղաքի համար կարելի ա բարեկարգել, չէ որ քաղաքն ա բիզնեսի միջավայր տրամադրել։ Դա սոցիալական պատասխանատվություն ա ու նորմալ ա, մամուլն ա շատ դեղին և դառել է անտանելի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter