HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում՝ Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների հետ

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի մի խումբ բնակիչներին և նրանց փաստաբաններին, որոնք ներգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:

Տիգրան Դադունցը նշել է, որ նման երկխոսությունը կարևոր է՝ օտարման գործընթացներում առկա իրավիճակը համակողմանի պատկերացնելու և դրանից բխող խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ գտնելու տեսանկյունից, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով:

Հանդիպմանը մասնակից քաղաքացիները ներկայացրել են այն խնդիրները, որոնց, սկսած 2008 թվականից, բախվել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում: Բնակիչների շահերը ներկայացնող փաստաբանները խոսել են այն իրավական ուղիների մասին, որոնք, ըստ իրենց, կարող են հանգեցնել օտարման գործընթացներում քաղաքացիներին հուզող խնդիրների լուծմանը: Քննարկվել են նաև օտարման գործընթացներին վերաբերող՝ գործող օրենսդրական կարգավորումները և դրանց կիրառման արդյունքում առաջացրած խնդիրները:

Տիգրան Դադունցը կարևորել է օտարման գործընթացներում փաստական և իրավական ամբողջական պատկերի կառուցումը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախանշված նպատակներից է նաև պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների գործընթացում խախտումների բացահայտումը՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջոցով: Միևնույն ժամանակ, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշվել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված դիրքորոշումները հաշվի կառնվեն համապատասխան փաստական և իրավական վերլուծություններ կատարելու և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ փնտրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter