HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Գևորգ Կոստանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի հետախուզում է հայտարարվել». պաշտպանները կբողոքարկեն որոշումը

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը կքննի դատավոր Մարինե Մելքոնյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը: Այսօր, ժամը 17:00-ին նշանակված է գործով դատական նիստ:

Պաշտպանն ասաց, որ առարկելու են միջնորդության դեմ, նշեց, որ պատրաստվում են բողոքարկել Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու Հատուկ քննչական ծառայության որոշումը:

«Գևորգ Կոստանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի հետախուզում է հայտարարվել»,-ասաց Գևորգ Գևորգյանը։

Նշենք, որ Կոստանյանի շահերը ներկայացնում է նաև մեկ այլ փաստաբան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել է Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ՝ մեղադրանք առաջադրելու համար:

Գևորգ Կոստանյանը, որը հայտնում է, թե Մոսկվայում է, ողջամիտ չի համարում 48 ժամվա ընթացքում ներկայանալու պահանջը, իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Կոստանյանը 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:

Այս գործողությունները, փաստորեն եղել են Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելն ու նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:

Մասնավորապես, ըստ Ալիք Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝  պաշտոնեական կեղծիք կատարելը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

լուսանկարը` Ֆոտոլուրի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter