HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի բնակֆոնդի 27%-ը բաժին է ընկնում Երևանին

Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2018թ. վերջին կազմել է 93.7 մլն քմ։ Այդ թվում՝ քաղաքներում բնակֆոնդի մակերեսը 52.7 մլն քմ է  (կամ հանրապետության ընդհանուր բնակֆոնդի 56.2%-ը), իսկ գյուղերում` 41 մլն քմ (43.8%): Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տարին մեկ անգամ հրապարակվող «Հայաստանի բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը» զեկույցից։ 

Վիճկոմիտեից պարզաբանում են, որ բնակֆոնդի տվյալները աղբյուրը Կադաստրի կոմիտեն է, համատիրությունները, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչները և այլ իրավաբանական անձինք։ 

Տարիների ընթացքում, ինչպես ցույց են տալիս հրապարակված տվյալները, Հայաստանի բնակարանային ֆոնդն ընդլայնվել է։ Վերջին տասը տարում այն ընդլայնվել է 8.7 մլն քմ-ով կամ 10.2%-ով։ Ըստ Վիճկոմիտեի՝ հանրապետության բակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 85 մլն քմ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ բնակֆոնդն ընլայնվել է քաղաքների հաշվին, իսկ գյուղերում էական փոփոխություններ չկան։ Մասնավորապես, եթե 2008 թվականի վերջին քաղաքների բնակֆոնդի ընդհանուր մակերեսը կազմել է 44.7 մլն քմ, ապա 2018 թվականին՝ 52.7 մլն քմ։ Համետաթյան համար՝ այս նույն ընացքում գյուղերում բնակֆոնդը 40.3 մլն քառակուսի մետրից հասել է ընդամենը 41 մլն քառակուսի մետրի։ Այսինքն ՝ երբ ասում ենք, որ հանրապետության բնակարային ֆոնդի ընդհանուր մակերեսը վերջին տասը տարում աճել է, պետք է նկատի ունենալ, որ խոսքը հիմնականում քաղաքների բնակֆոնդի մասին է։

Այստեղ հետաքրքրական են նաև բնակֆոնդի մասին 2008 թվականից առաջ ընկած տվյալները։ Օրինակ՝ 2006 թվականի զեկույցում նշված է, որ գյուղերում բնակարանային ֆոնդը կազմել է ընդամենը 32.8 մլն, իսկ 2008-ին, ինչպես նշեցինք, 40.3 քմ։ Այդպիսով, ստացվում է, որ երկու տարում գյուղերի բնակֆոնդը էականորեն ընդլայնվել է։ Եվ մյուս հավանական տարբերակը՝ 2006 թվականի տվյալները հետագայում ճշգրտվել են։

Վերդառնալով 2018 թվականի տվյալներին, նշենք, որ Հայաստանի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի գերակշիռ հատվածը զբաղեցնում են բնակելի առանձնատները։ Նախորդ տարվա տվյալներով՝ Հայաստանում 406 933 հատ առանձնատուն կա, որի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 65 մլն քմ կամ հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 70%-ը։

Իսկ բազմաբնակարան շենքերի ընդհանուր քանակը 19 174 է, որոնք ունեն 444 095 բնակարաններ։ Դրանց ընդհանուր մակերեսը 28.5 մլն քմ է կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 30%-ը:

Մայրաքաղաքին  բաժին է ընկնում բնակֆոնդի 27%-ը

 Հայաստանի ընդհանուր բնակֆոնդի մոտ 27%-ը Երևանում է. դա կազմում է 25.1 մլն քմ։ Այսօր մայրաքաղաքում 4 868 բազմաբնակարան շենք կա, որոնք ունեն ընդհանուր առմամբ 233 895 բնակարան։ Դրանց ընդհանուր մակերեսը 15.4 մլն քմ է։

Իսկ առնձանտների քանակը մայրաքաղաքում 61 188 է՝ ընդհանուր 9.6 մլն քմ մակերեսով։

Համեմատության համար նշենք, որ 10 տարի առաջվա համեմատ մայրաքաղաքում բնակարանների քանակն ավելացել է 12 162-ով, իսկ առանձնատներինը՝ 18 934-ով։

Մայրաքաղաքում թվով ամենաշատն ինը և ավելի հարկանի շենքերն են։ Դրանց թիվը կազմում է 2077: Քանակով հաջորդ տեղում հինգ հարկանի շենքերն են՝ 1400:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա բնակֆոնդով մակերեսի ծավալով մայրաքաղաքից հետո Կոտայքի մարզն է, հաջորդում են Լոռին ու Արարատը։

Հավելենք, որ Հանրապետության մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսով 2018թ. վերջին կազմել 31.6 քառ. մ, ընդ որում, քաղաքաբնակինը` 27.8 քառ. մ, գյուղաբնակինը` 38.3 քառ. մ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։