HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանում կա 614 վթարային շենք, որից 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության

Հայաստանում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող 614 բազմաբնակարան շենք կա, որից 524-ը՝ 3-րդ, 90-ը՝ 4-րդ աստիճանի վնասվածության:

Բնակության համար վտանգավոր պայմաններում արդեն մի քանի տասնամյակ ապրում է Ժանետա Գալստյանի ընտանիքը: Ճարտարապետական գեղեցիկ լուծումներով այս շենքը Գյումրիի կենտրոնական հատվածում է` Տիգրան Մեծ փողոցում: Շենքի արտաքին մասից նկատելի չէ, որ շենքի մի հատվածն ամբողջությամբ փլուզվել է: Կիսաշենքի մի հատվածում, սակայն, բնակիչներն ապրում են, ասում են՝ այլ տարբերակ չունեն: Այստեղ վնասված են գրեթե բոլորի բնակարանները, իսկ երկրաշարժի ամեն մի ցնցում իր հերթական հետքն է թողնում արդեն իսկ վնասված բնակարանների պատերին:

«Երրորդ հարկից մինչև առաջին հարկ բլած է, ուղղակի դռները փակ ենք պահում, որ խուժան-մուժան չմտնի կրակ գցեն, որ կրակ գցեն էս շենքը մի վայրկյանում կիջնի»,-ասում է Գյումրիի 3-4-րդ աստիճանի վթարային շենքի բնակչուհի Ժանետա Գալստյանը:

Նա ցույց է տալիս շենքի փլուզված հատվածները: «Վտանգավոր է, բայց ինչ անեմ, երկու թոռանս հետ էստեղ եմ ապրում, դժբախտաբար ծնողներն արտերկրում են առողջական խնդիրներով, մենք էլ ստիպված մնացել ենք էստեղ, վարձի հնարավորություն չունենք: Հույս ունինք, որ 2020 թվականի մեջ պտի ամրացնին»,-ասում է Ժանետա Գալստյանը։

Շենքն այս վիճակում է 2012 թվականից, սակայն դեռ 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը վթարային է: Շենքը կառուցվել է 1938 թվականին, վնասվածության աստիճանը 3-4 է, վերջին անգամ տեխզննության է ենթարկվել 2017 թվականին:

4 շքամուտքերից մեկն ամրացվել է 2003 թվականին, Լինսի հիմնադրամի միջոցներով, մյուս մուտքերը 30 տարի չեն ամրացվել:

Վթարային շենքերի բնակիչները հարցազրույցներից հոգնել են, ասում են՝ հեռուստացույցի աստղ են դարձել, բայց խնդիրներն էդպես էլ չեն լուծվում, սակայն հույս են կապում «ընկեր Փաշինյանի» կառավարության հետ:

Նույն շենքի բնակչուհի Լալա Համբարյանն էլ կենցաղային տարրական պայմանների բացակայությունից է դժգոհում: «90-ականներն են, աղջիկ ջան, դաժե բաղնիք չունենք, կարոտ ենք երկու ձեռքով լողանալուն… Մինչև մեռնելն էլ էստեղ կապրինք»,- ասում է նա:

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, 92 վթարային շենք կա, որոնցում բնակվում է շուրջ 6500 մարդ:

Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը 3-րդ, պատշգամբները՝ 4-րդ աստիճանի վթարային է:

Այստեղ է բնակվում Սաթենիկ Ղազարյանի 5 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ 3 անչափահաս զավակները:

Շիրակի մարզում 3-րդ և 4-րդ աստիճանի 114 բազմաբնակարան վթարային շենքեր են հաշվառված, որոնք բոլորն էլ, ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանից, ըստ գործող սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի՝ պիտանի չեն բնակության համար:

Շիրակի մարզպետարանը փորձում է 4 շենքի հարց լուծել

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքով՝ մարզում առկա բոլոր վթարային շենքերն ամրացնելու համար անհրաժեշտ է առնվազն 40 միլիարդ դրամ գումար, որը Կառավարությունը տրամադրել չի կարող:

«Մինչև 2003 թվականը Գյումրի քաղաքում շատ վթարային շենքեր են ամրացվել, դժբախտաբար 2003 թվականից հետո ամրացման աշխատանքներ չեն իրականացվել: Կառավարության որոշման համաձայն՝ եթե ամրացման ենթակա շենքը 1-ին և 2-րդ աստիճանի է, դրա վերանորոգումն իրականացվում է համայնքային կամ բնակիչների միջոցների հաշվին, եթե 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային է, պետք է արվի պետական միջոցների հաշվին: Այնպես որ պետք է իրականացվեր պետական միջոցների հաշվին: Վերջին տարիներին ամրացման աշխատանքները դադարեցվել էին, հիմնականում իրականացվում էր աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագրերը»,- ասաց Ալբերտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ մարզպետարանը դիմել է Կառավարությանը՝ խնդրելով մարզկենտրոն Գյումրիի 4 վթարային շենքի հարց կարգավորել:

«Առաջարկել ենք, որ այդ շենքերի վերաբերյալ ծրագիր իրականացվի, ի ուրախություն մեզ, մեր բնակիչների, Կառավարությունից ստացանք դրական արձագանք, Կառավարությունում քննարկվում է որոշման նախագիծ, որով նախատեսվում է Տիգրան Մեծի 5 շենքն ամրացնել, վերականգնել: Բոլոր օղակների համաձայնությունը կա, որ այդ որոշումն ընդունվի: Նախատեսվում է 2020 թվականին պետական բյուջեի պահուստային ֆոնդից Շիրակի մարզի հայտի հիման վրա իրականացնել այդ շենքի ամրացման շինարարական աշխատանքները: Մյուս 3 շենքերն են Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքը, Իսահակյան 9 շենքը և Ղուկասյան 29 շենքը: Սրանք բոլորն էլ ունեն մասնակի փլուզումներ, այս երեք շենքերի համար նախատեսվում է  բնակարանների գնման վկայագրերի տրամադրում: Քաղաքացուն վկայագիր է տրվելու, որ կարողանա Գյումրի քաղաքում կամ այլ համայնքում իր համար բնակարան ձեռք բերել»,- նշեց Մարգարյանը՝ հավելելով, որ խնդիրը պետք է քննարկեն նաև շահագրգիռ կողմերի՝ այդ շենքերի բնակիչների հետ:

Ըստ մարզպետարանի աշխատակցի՝ տարեկան 4 շենքի խնդիր լուծելով` հնարավոր է սայլը տեղից շարժել:

Հանրապետությունում ամենաշատ վթարային շենքերը Լոռու մարզում են, որից 84-ը՝  Վանաձորում:

Վթարային շենքեր կան ոչ միայն քաղաքի ծայրամասերում, այլ նաև կենտրոնական փողոցներում՝ Տիգրան Մեծ, Մոսկովյան, Գրիգոր Լուսավորիչ:

Վթարային 3-րդ աստիճանի Ավետիսյան 55 շենքի բնակիչ Հովիկ Զագյանը ընտանիքով տեղափոխվել է տնակ, ասում է՝ լավ է տնակում ապրեն, քան նման պայմաններում: Այս շենքում է նաև վերջինիս հայրական տունը, որտեղ ապրում է եղբոր ընտանիքը: «Եղբորս տանն առիթ է լինում, կես ժամ մնում, գնում եմ, վախենում եմ»,- ասում է մեր զրուցակիցը:

Վանաձորի ծայրամասում գտնվող Շիրակի խճուղի 30 3-րդ աստիճանի վթարային շենքի բնակչուհի Հայաստան Ստեփանյանն ընտանիքի հետ այս շենքում ապրում է 43 տարի, ճիշտ այնքան, որքան շենքի տարիքն է: Չնայած շենքի վրա գրված է բնակելի չէ, ենթակա է քանդման, սակայն բնակիչները շարունակում են բնակվել:

«Ինչ էս շենքը ստացել ենք, էդ օրվանից ապրում ենք, սկզբում գրել էին շենքի վրա ենթակա է քանդման, ինչ-որ ժամանակ հետո գրեցին՝ ենթակա չէ, բայց դե ապրում ենք: 50 տնից 26-ն է ապրում, բայց բոլոր տեղերն էլ գրանցված մարդիկ կան, սպասում են շենքի ամրացման, մեկ ասում են պտի ամրացնեն, մեկ էլ՝ չէ»,- ասաց տիկին Հայաստանը:

Երկրաշարժի ժամանակ, ըստ բնակիչների, ցնցումներն այնքան ուժգին են լինում, որ վերջիններս չեն կարողանում կողմնորոշվել, իջնել աստիճաններով:

«Մենք մեր միջոցներով չենք կարող գնալ ուրիշ մի տեղ տուն առնել, ապրում ենք, երկրաշարժը լինում, ցնցում է, վախում ենք, դուրս ենք թափում, հանդարտվում է, տներն ենք մտնում»,- ասում է մեր զրուցակիցը:

Շենքի առաջին հարկերի մեծ մասը բնակեցված չէ, քանի որ փլուզումներ կան, այդ բնակարանների դռները բաց էին: Բնակիչներն ասում են՝ շատ տներ որպես պահեստ են օգտագործում, չօգտագործվող իրեր են դնում այնտեղ:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն ասում է, որ եթե շինարարական նախահաշիվ կազմվի շենքերի ամրացման համար, ապա վստահաբար այն թանկ հաճույք կլինի:

«Կառավարությունում այդ խնդիրը կա դրված, զուտ ֆինանսական խնդիրների հետ է կապված, որքանով նայում եմ պարոն Վերմիշյանի (Քաղաքաշինության կոմիտեի նախագահ) մոտեցումները, նույնիսկ խնդիր է դրվում, որ տիպային շենքեր կառուցվեն, բնակիչների հարցը լուծվի: Հնարավոր է այդ շենքերը քանդվեն, նորերը կառուցվեն ու նույնիսկ տնտեսապես ավելի ձեռնտու լինի: Ներկա կառավարությունը էտապ-էտապ փորձում է հարցերը կարգավորել, կարծում եմ՝ մոտ ապագայում աղետի գոտու խնդիրը լուծված կլինի, ու կանցնեն վթարային շենքերի խնդրին: Բնակիչներն էսքան համբերել են, թող մի քիչ էլ համբերեն, լուծում լինելու է հաստատ»,- ասում է Արմեն Ջանազյանը:

Բնակֆոնդի համատարած ուսումնասիրության մասին

Բազմաբնակարան շենքերի համատարած հետազննություն պետական միջոցների հաշվին Հայաստանում պատվիրվել է 2003 թվականին:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդում առկա է մոտ 19 հազար շենք, որոնց տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու համար կպահանջվի մոտ 6 միլիարդ դրամ: 2003-2019 թվականների ընթացքում տարբեր մարմինների (սեփականատերեր, պետություն, համայնք և այլն) կողմից պատվիրված հետազննության արդյունքներով՝ հանրապետությունում առկա է 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 90 և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող 524 շենք:

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ համատարած հետազոտություն Երևանում իրականացվել է 2006 թվականին, Երևան համայնքի միջոցների հաշվին: Հիմք ընդունելով 90-ական թվականներին գույքագրված վթարային շենքերի ցանկը՝ ստեղծվել է նմանատիպ խնդիրներ ունեցող շենքերի նախնական բազա:

«Ըստ անհրաժեշտության և ըստ ահազանգերի՝ Երևանի քաղաքապետարանի տարեկան աշխատանքային ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում իրականացվում են բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազոտական աշխատանքներ: 2019թ. հետազոտվել են թվով 20 շենքեր»,- ասված է քաղաքապետարանից ստացված հարցման պատասխանում:

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումն ապահովելու նպատակով ներկայումս իրականացվում է Սիսակյան փողոց հ.3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ, որի բնակարանների հիմնական մասը տրամադրված է Արցախի 4-րդ նրբ. հ.8 և հ.10 հանրակացարանային շենքերի բնակիչներին:

4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցումն իրականացվում է Կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 և 2009 թվականի փետրվարի 5-ի N 172 որոշումների համաձայն:

Քաղաքաշինության կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ներկայումս մշակվում է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգ, որի ընդունումից հետո կմեկնարկի անձնագրավորման գործընթաց: Վերջինս հնարավորություն կտա ունենալ ամբողջական տեղեկատվություն հանրապետության շենքերի ու շինությունների բնութագրերի (այդ թվում՝ վնասվածության աստիճանների) վերաբերյալ, կենտրոնացված հավաքագրել այդ տվյալները, դրանց հիման վրա ստեղծել տեղեկատվական համակարգ և մշտական ռեժիմով թարմացնել այն:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնել են նաև, որ համաձայն Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 12-ի N39 արձանագրության՝ նախատեսված է 2020 թվականին մշակել բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագիր, որում կամրագրվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բազմաբնակարան շենքերի մասով ձեռնարկվելիք հետագա քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter