HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերն այլևս գոյություն չունեն…

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ կպատմեմ տարբեր պատմություններ՝այստեղ առաջին զբոսանքի հնարավորության, առաջին անգամ խցերի պատուհաններից արևի լույս թափանցելու, բանտում հայտնված առաջին հեռուստացույցի, առաջին անգամ մեր հաշվին խուց վերանորոգելու թույլտվության մասին...

Մահապատժականներիս բաժնում առաջին անգամ հեռուստացույց հայտնվեց 2002 թվականին: Արսեն Արծրունին էր ստացել երկարատև բանակցություններից հետո: Մենք նույն խցում էինք, և հենց այդ ժամանակահատվածում էլ ես էի բանակցություններ վարում խուցը վերանորոգելու համար: Թույլատրվեց, հարազտներս ուղարկեցինօլիֆ և ներկեր` իրենց պարագաներով: Օրեր անց խցի պատերը սպիտակ էին, իսկ հատակն՝ամբողջությամբ կանաչ: Հատկապես կանաչ գույնի հետ կապված էի երկար համոզում վարչակազմին`ինչու՞ չլինեն գույներ, ինչու՞ գոնե այդ կերպ չզգանք մեզ բնության գրկում…

Հեռուստացույցն աշխատում էր օրը 24 ժամ: Պատկերացնու՞մ եք` դժոխային տարիներից հետո առաջին անգամ տեսնում էինք գույներով լցված կյանքն ազատության մեջ: Իհարկե, որոշ ժամանակ անց, արդեն հարկավոր չէր, որ ամբողջ оրը հեռուստացույցը միացված լիներ: Բայց խցում էր նաև սիբիրյան ճամբարներով անցած մի դատապարտյալ, ով անընդհատ նստում էր հեռուստացույցի առջև, նույնիսկ քնում էր այդպես: Մի խոսքով` հեռուստացույցը դարձել էլ նրա կյանքը: Ու արդեն ամիսներ անց ուզում էինք, որ այդ սարքը փչանար, մի քիչ ուղեղներս, ականջներս հանգստանային:

Բնականբար, հետո այլ խցերում էլ հայտնվեցին հեռուստացույցներ, նաև ավելի ճոխ վերանորոգումներ թույլատրեցին, բայց վանդակը վանդակ է մնում…

Ճիշտն ասած` չեմ հիշում, թե խցում երբ թույլատրեցին սառնարան ունենալ, բայց Գորիսի բանտի փախուստից հետո, երբ ինձ ձերբակալեցին և բերեցին «Նուբարաշեն», իմացա, որ ցմահ բանտարկյալները խցում կարող են սառնարան ունենալ: Մինչ այդ, ձմռանը սննդամթերքը դնում էինք պատուհանագոգին, իսկ ամռանը, օրինակ, կարագը դնում էինք ջրով լցված ամանի մեջ,պարբերաբար ջուրը փոխում, որ չհալվի:

Արդեն գրել եմ, որ այն տարիներին մահապատժականի ատամնացավի լավագույն լուծումը դրա հեռացումն էր. պլոմբելու, շապիկ կամ պրոթեզ պատրաստելու մասին խոսք անգամ չէր կարող լինել: 2005 թվականն էր, ինձ իջեցրեցին առաջին հարկում գտնվող ստոմատոլոգի աշխատասենյակ և… զարմանքիս չափ ու սահման չկար. այնտեղ էին հայրս և եղբայրս` խալաթները հագած: Իրենց հետ էին բերել «պորտատիվ տուրբինկա», քանի որ բանտում նման սարք չկար, որը անհրաժեշտ էր մետալոկերամիկական աշխատանքներ կատարելու համար: Այսպես լուծվեց մի քանի բացակայող ատամներիս հարցը, որոնք կորցրել էի «նացիստական ճամբարում», որտեղ ատամ պլոմբել չէր թույլատրվում: Երևի սա առաջին դեպքն էր, որ ատամը ոչ թե հեռացվում էր, այլ բուժվում: Այսօր արդեն թույլատրում են դատապարտյալին տեղափոխել ցանկացած կլինիկա, որտեղ կարող է ստանալ ցանկացած տիպի բուժսպասարկում:

Առաջին զբոսանքի մասին հոդված-նամակներիցս մեկում գրել եմ՝ գրեթե բոլորը վատացել էին մաքուր օդից. անսովոր էր մութ զնդանի տարիներիչօդափոխվող օդից հետո մոլորակի մթնոլորտում հայտնվելը… բայց իմացանք, որ դա զուտ բացառություն էր խցերի վարակազերծում կատարելու համար: Դրանից հետո շուրջ 2 տարի զբոսանք դեռ չէին տրամադրում: 2001 թվականից սկսած շաբաթը 1-2 անգամ էին տրամադրումզբոսանք, իսկ շաբաթ-կիրակի օրերին ասում էին, որդրանք աշխատանքային օրեր չեն, հետևաբարզբոսանք չեն կարող տրամադրել: Իրավաբանական գիտելիքներ հետզհետե հավաքելով՝ Քրեակատարողական օրենսգրքից իմացա, որ ամենօրյա առնվազն մեկ ժամ զբոսանքը պարտադիր է` ներառյալ շաբաթ-կիրակին: Պատկերացնում եք, անձամբ ես 6-7 տարի առհասարակ մաքուր օդի և արևի երես չեմ տեսել, ոմանք՝ 10 տարի: Պարզապես փակել էին երկաթբետոնյա դագաղի մեջ և չգրված պայմաններով պատիժ էին իրականացնումպետության և հասարակության անունից: Սրանքճչացող անօրինություններ էին: Բանտի աշխատակիցները այդ ժամանակվա իշխանությունների անունից անձամբ էին երևի հորինում այդ չգրված անմարդկային օրենքները: Օրինակ`շաբաթ-կիրակի մաքուր օդ շնչելն արգելված է, իսկ մնացած օրերին՝ ըստ բանտապահների ցանկության: Զբոսանքի հարցի վերաբերյալ տարբեր պատկան մարմիններին բազմաթիվ դիմումներ էի գրում այդ տարիներին, բայց հարցը չէր լուծվում: Արդեն հուսահատված, եթե չեմ սխալվում՝ նորից ՄԻՊ գրեցի և նշեցի, որ համբերությանս բաժակը լցվել է` դատարան եմ դիմում հենց զբոսանքի համար: Ինչ-որ անձինք այցելեցին ինձ, հարցրեցին. «Եթե դատարանով էլ չլինի, ի՞նչ ես անելու»: Ասացի, որ անպայման կդիմեմ ՄԻԵԴ և կոչ կանեմ «Նուբարաշեն» բանտով անցնող հազարավոր քաղաքացիներին միանալ և բողոքներ ներկայացնել ՄԻԵԴ զբոսանք չտրամադրելու հարցի հետ կապված: Անկասկած կհաղթենք` կճանաչվի մեր իրավունքի խախտումը և մեր պետությանը կպարտադրեն հազարավոր ազատազրկվածների վճրարել փոխհատուցում: Զբոսանքն էլ, գիտեք, զբոսախցում է լինում, բանտի վերին հարկում, 4 պատ է, միայն վերևում ճաղեր կան: Այն էլ՝ մի 3 տարի առաջ բանտի վերևում սլուդայով տանիք կապեցին: Հիմա արևի ճառագայթներն էլ չեն անցնում զբոսախուց, անձրև ու ձյուն էլ չենք տեսնում:

Ովքե՞ր են պատասխան տալու շուրջ երեք տասնամյակ հազարավոր ազատազրկվածների սնունդը կամ դրա համար պետական բյուջեից դուրս գրվող գումարները ոչ նպատակային օգտագործելու, ազատազրկված քաղաքացիների հիմնարար իրավունքները խախտելու, երկար տարիներ մարդկանց մաքուր օդից զրկելու, ծեծ ու ջարդիհամար...  

2003 թվականին վերջապես ԵԽ-ի պահանջով սկսեցին «Նուբարաշեն» բանտի խցերի պատուհաններից հանել երկաթյա ստվերավարագույրները: Տարիներ անց առաջին անգամ արևի լույսը մտնում էր բանտախցեր, կարող էինք մաքուր օդ շնչել և … ագահաբար նայում էինքդուրս` դեպի ազատություն: Ես անձամբ ժամերով կպած էի մնում լուսամուտին, նայում երկնքին, դիմացի սարին, հավատով սպասում Հրաշքին  ու տարիներ անց Նա հայտնվեց:

Երկու անգամ բանտի պատերը քանդելով`ժամանակավոր ազատություն եմ ստացել, իսկ Հրաշքի հայտնվելուց հետո պատեր քանդելու կարիք չկա, այն պարզ պատճառով, որ այդ պատերնայլևս գոյություն չունեն… սա հոգեվիճակ է:

Պայքարը շարունակվում է…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter