HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Գիտությունն ու դրա ֆինանսավորումը Հայաստանում. Հովհաննես Հովհաննիսյան

Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համատեղ առաջարկներ էին ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

5 առաջարկներից մեկը «Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ» միջոցառմանը հատկացվող գումարը 1․5 մլրդ դրամով ավելացնելն էր։

Կառավարությունը հաստատեց, որ 2020թ․ բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհով գիտության ֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով:

Գիտության, դրա ֆինանսավորման, Հայաստանում գերակա ոլորտների մասին «Հետքը» զրուցել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Նախագծի շուրջ քննարկումները շատ ակտիվ են հատկապես առցանց հարթակներում։ Երիտասարդ գիտնականները տեսանյութեր են տարածում ու պատմում իրենց հետազոտությունների մասին ու հաստատում գիտության ֆինանսավորման անհրաժեշտությունը։ Այս պահին գիտության թեման արդիական է, բայց հստակ չէ, թե տարբեր կողմերն ինչպես են ընկալում ու սահմանում գիտությունը, որի ֆինանսավորման մասին ակտիվ քննարկումներ են տարածվում։ Կասե՞ք՝ ինչպես եք Դուք սահմանում գիտությունը։ Ի՞նչ ենք հասկանում գիտություն ասելով։ 

-Անկեղծ ասած չգիտեմ՝ արդյոք պե՞տք է տանք գիտության սահմանումը, թե՞ ոչ։ Նույնն է, ինչ փորձենք կրոնը սահմանել։ Կարող են լինել տարբեր սահմանումներ ու մոտեցումներ։ Եթե փորձեմ ձեւակերպել, ապա գիտությունը նորությունն է, գիտական արդյունքը՝ ինչ-որ նորույթ, նոր խոսք, որը հետագայում դառնում է նոր գիտելիք։ Գիտությունը ֆունդամենտալ և կիրառական նորարական արդյունքն է, որը նպաստում է տվյալ գիտաճյուղի զարգացմանը և ինչ-որ չափով նպաստում է հասարակության առաջընթացին։

Հայաստանում մեծ իմաստով երկու տեսակի գիտություն կա ՝ ֆունդամենտալ և կիրառական, բացի հայագիտությունից։ Հիմա մենք Կառավարությունից ուզում ենք հավելյալ 1.5 միլիարդ դրամ թեմատիկ ֆինանսավորման համար։ Ընթացակարգն այսպես ենք պատկերացնում՝ պետությունը սահմանում է գրանտներ հետազոտական խմբերի համար, որոնք ներկայացնում են հայտեր, փորձագետներն ուսումնասիրում են, տալիս միավորներ, որոնց համաձայն տրվում են գրատներ համապատասխան խմբերին։ Ամբողջ հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս է օգտագործվում այդ պրոդուկտը։ Կարծում ենք՝ այստեղ հաշվետվողականության, հասանելիության, կիրառելիության հետ կապված խնդիր ունենք։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը Սովետական Միության կոլխոզի պատմության մասին հետազոտություն անի, ոչ ոքի հետաքրքիր չի լինի։ Այն հետաքրքիր կարող է լինել միայն այն դեպքում, երբ հստակ լինի, որ այն կարող է այսօրվա գյուղատնտեսության մեջ մեծ պրոդուկտների բերել։

Ի՞նչ պահանջներ են դրվում Գիտության կոմիտեի կողմից։ Երբ հետազոտական խմբին հատկացնում ես գումար, ի՞նչ ես ուզում նրանից։ Որպես պետություն պետք է ուզես, որ տվյալ գիտաճյուղը զարգանա Հայաստանում, նոր կադրեր, երիտասարդներ ներգրավվեն։ Բայց հաշվետվությունները չեն հանրայնացվում, մարդիկ չեն տեսնում՝ հանրային միջոցները, իրենց հարկերով ֆինանսավորված հետազոտությունները օգտակար են թե ոչ։ Պետք է դա բաց լինի, մարդիկ մտնեն, կարդան, քվեարկեն, մեկնաբանություններ թողնեն։ Այս թափանցիկությունը լավ կազմակերպված չէ, հիմա միտք ունենք այդ հատվածն ուժեղացնել։ Առաջարկում եմ հստակ չափորոշիչներ դնել՝ Գիտության կոմիտեն գրանտը տրամադրի պարտադիր երկու տարով ու պահանջի, որ արդյունքում, օրինակ, նվազագույնը մեկ կամ երեք հոդված տպագրվի Impact factor-ով։ Վերջինում հոդված տպագրել նշանակում է համաշխարհային գիտության մեջ թեկուզ մի փոքր խոսք ունենալ։ Այսօր գիտության չափելիության միակ ցուցիչը դա տպագրված հոդվածների քանակն է, պարբերականը, որտեղ հրապարակվել են ու դրա վրա կատարված հղումները։

Ի՞նչ ենք հասկանում գիտական արդյունք ասելով։

Դա հեծանիվ հորինելը չէ։ Ամբողջ աշխարհում էլ գիտական արդյունքը դա նոր խոսքն է տվյալ գիտաճյուղում։ Կիրառականի դեպքում արդյունքն այն է, թե ինչպես է այն կիրառվում ինդուստրիայում։ Բայց դրան զուգահեռ կա ֆունդամենտալը, որը միանգամից կիրառական արդյունք չի տալիս, բայց շատ կարեւոր եւ անհրաժեշտ է , որպեսզի երկրում զարգանան մյուս գիտաճյուղերը։ Այստեղ շատ էական է՝ հետազոտությունդ նշանակալից է տեղական, թե համաշխարհային մակարդակով։ Եթե գիտական հոդվածդ տպվում է, օրինակ անգլիական շատ հայտնի պարբերականում, նշանակում է, որ համաշխարհային մակարդակով խոսք ասացիր։

Արարատ Միրզոյանն իր ելույթում նշում է, որ գիտության ֆինանսավորման հատվածով ռիսկեր է տեսնում, որովհետեւ հաստատվում են գիտական թեմաներ, որոնք արդիական չեն տնտեսության ու հոսքեր ապահովելու տեսանկյունից։ Համաձա՞յն եք, որ կան ռիսկեր։

Ես իմ ելույթում բերեցի Իսրայելի օրինակը, երբ հարյուր ստարտափի մեկ միլիոն դոլար փող են տվել, հետո ստարտափներից մեկը 12 միլիարդով վաճառել։ Գիտությունը ծախս չէ։ Գիտության եւ կրթության նկատմամբ պետք է փիլիսոփայություն փոխել։ Տարիներ շարունակ մենք դրան նայել ենք որպես ծախս, ավելի կոպիտ՝ որպես, օրինակ, սրճարան կամ առեւտրի կենտրոն՝ ներդրում անել, հաշվարկել որքան հաճախորդ կլինի ու դրան համապատասխան քանի տարում գումար հնարավոր կլինի աշխատել։ Գիտությունը սրճարան չէ, պետք են երկարաժամկետ ներդրումներ, իսկ արդյունքը կարող է մի քանի տարի չզգաս, բայց հետո այն լինի ներդրումների հնգապատիկի կամ տասնապատիկի չափ։ Այն երկրները, որոնք չեն զարգացրել գիտությունը, ուղղակի զարգացած չեն։ ԱՄՆ-ի հզորությունը որտե՞ղ է` համալսարաններում։ Այնտեղ կան մեծ թվով գիտահետազոտական համալսարաններ, որտեղ գիտնականը նաեւ դասավանդում է։ Մեզ մոտ գիտություն-ակադեմիա առանձին են։ Պետք է  գիտությունը բերել լսարան։ Օրինակ՝ ես Հայաստանի Ամերիկյան համալսարանում եմ դասավանդում ու այսօր ուսանողներին ներկայացնում էի հետազոտություններիցս մեկը, պատմում՝ ինչպես եմ արել, ինչ եմ ստացել։ Դա իմ անձնական հետազոտոթյունն է, այսինքն՝ դրա մասին չեն կարող ինչ-որ տեղ կարդալ կամ լսել։ Ի՞նչ արեցի։ Հետազոտությունը բերեցի լսարան։ Մինչեւ այդ մոդելը չկիրառենք, դժվար կլինի նոր զարգացումներից խոսելը։

Ի՞նչն է խանգարում Կառավարությանը գիտության ֆինանսավորումը մոտեցնել զարգացած երկրների ցուցանիշներին (ՀՆԱ 1 %)։

Չեմ կարող ասել՝ ինչն է խանգարում, որովհետեւ ես Կառավարության մաս չեմ, բայց մեր հանձնաժողովը, թիմն ամեն ինչ անում է, որ գիտության գոնե այդ մասի ֆինանսավորումն ավելացնի։

Գիտության առաջնահերթության որոշման ի՞նչ մեխանիզմ եք պատկերացնում, եւ ո՞ր կողմն է պատասխանատու դրա համար՝ Գիտության կոմիտե՞ն, թե՞ նախարարությունը։

Իմ կարծիքով դա պետք է անի Կառավարությունը։ Բոլորով մի սեղանի շուրջ ռեսուրսների գույքագրում անեն ու հասկանան՝ ունեցած ռեսուրսներով ինչն է հնարավոր զարգացնել։ Պետք է տեսնել՝ Հայաստանը ինչ կարող է տալ աշխարհին։ Օրինակ՝ գյուղատնտեսությունը համարում ենք ռազմավարական ոլորտ, ի՞նչ կարող ենք անել այն զարգացնելու համար։ Իսրայելի նման փոքր երկիրը անապատի մեջ ծովի աղի ջուրը ֆիլտրելով եւ ջրելով քաղցր պոմիդոր է ստանում եւ տարեկան մոտ երկու միլիարդ դոլարի արտահանում անում։ Բայց դրան զուգահեռ նրանք ունեն Volcani կոչվող ինստիտուտը, որտեղ աննկարագրելի հաջողություններ են գրանցում նորարարության՝ նոր բերքի, տեսակների, նոր սնուցման համակարգերի մշակման տեսանկյունից։ Գիտությունը տնտեսվարողին տալիս է միտք, պրոդուկտ, որն արտադրում են, վաճառում, ու պետությունը զարգանում է։ Սա է մոդելը։ Պետք է սկսել խնդրի ճիշտ ձեւակերպումից։

Հայաստանում, օրինակ, քիմիական արտադրությունը քանդվել է, չնայած քիմիա գիտության տված նորարարական պրոդուկտները ահռելի կարող են լինել։ Մենք քիմիայի դպրոցը քանդել ենք։ Հիմա կասեն դե եթե չկա, փող չտանք, թող փակվի գնա, բայց դա չի նշանակում, որ այդ ոլորտը չի կարող մեզ մոտ զարգանալ։

Պետության խնդիրն է տեր կանգնել գիտության, մշակույթին, արվեստին։ Դրանց տված արդյունքը տարբեր խողովակներով հետ է գալիս իր մոտ։

Մեկնաբանություններ (4)

Հրաչյա Սարգսյան
Ողջունելի է, որ օրենսդիր մարմնի պատասխանատուների մոտ առկա են միանգամայն ընդունելի մոտեցումներ՝ թե հիմնարար և թե կիրառական ուղղություններով գիտության զարգացման համար: Միանգամայն հիմնավոր եմ համարում, որ Հայաստանում գիտության ֆինանասավորման ծավալների համար որպես ուղենիշ չպետք է ծառայեն համաշխարհային միջին վիճակագրական տվյալները: Մենք պարտավոր ենք երկրում ապահովել արդար, հավասար մրցակցային պայմաններ գիտնականների կայացման համար: Դատապարտելի է, երբ հայ երիտասարդը հարկադրված լքում է հայրենիքը գիտության հանդեպ իր ծարավը բավարարելու նպատակով: Գիտակրթական ոլորտը, , այո պետք ինքնաբավ լինի, բայց նաև պետք է թափանցիկ լինի հասարակական վերահսկողության համար, որպիսզի բացառվեն կոռուպցիոն դրսևորումները: Հուսով եմ մտահոգությունս գիտակրթական հասարակության ներկայացուցիչների մեծ մասը կիսում են...
Hrach
Ի՞նչն է խանգարում Կառավարությանը գիտության ֆինանսավորումը մոտեցնել զարգացած երկրների ցուցանիշներին (ՀՆԱ 1 %)։ Ինձ թվում է այուօր Հայաստանի դեպքում 1% քիչ է: ՀՀ բնակլիմայական եվ բնաշխարհի վիճակի խորը ուսումնասիրություն է պետք, նոր տեխնոլոգիաներով նոր մոտեցումներով, եւ դրա արդյունքները կապել գյուղատնտեսուտյան, դեղագործության եւ էներգիաի հայթայթման հետ: Սա ֆունդամենտալ գործ է որը հնարավորություն կտա տնտեսական մոդելներ մշակել եւ ներդրումներ անել որի արդյունավետիթյունը կլինի բարցր: Արանձ այդ պատկերի դժվար է լինելու արագ եւ ճիշտ ուղությամբ զարգանալը: Մարդիկ եթե տեսնեն աշխատող մոդել (հատկապես հայերը) մասայաբար կսկսեն դրանով զբաղվել, մենք այդպիսին ենք, լավ է վատ է տենց է, ճիշտ մոդել մշակեք ու տվեք կանեն: Իսկ դա միայն գիտահետազոտական կարույցները կարող են տալ: Հնարավոր չի հասարակ այսօրվա քաղաքացու համար գտնել մենակով մի հատ գործ որ կարողանա իր բարեկեցությունը ապահովի, շատ դջվար է դա, 21 րդ դարն է, ու քանի որ զրոյից են սկսում 1% քիչ է, երբ սյստեմյ լինի միգուց է բավարա լինի հիմա դա քիչ է: Ընդվորում շատ գիտության բնագավարի աշխատողներ իրենք կհիմնեն հիմնարկներ եթե համոզված լինեն որ իրենց մոդելյ լավն է: Այսինքն ստեղծեք շատ գիտակ մարդկանց հետո իրենք կվորոշեն թե ինչով զբաղվեն:
Սուրեն Պետրոսյան
Պրոդուկտ, հա պրոդուկտ
Սամվել Գևորգյան
Հարգարժան պրն: Հովհաննիսյան, խնդրո առարկա թեմայով, խդրում եմ ծանոթացեք մեր Հայրենիքում ստեղծված,, և արդեն շատ լայն միջազգային ճանաչման արժանացած մեր "Տեխնոլոգիական Հարթակի" հետ /www.psi.am/: Այն ունի բազմաթիվ կիրառություններ: Դրանցից մեկում՝ "Սահմանների ու Տարածքների աննկատ ու կանխավ Հսկման Համակարգեր - EWBSS" բնագավառում /Samvel Gevorgyan about his center, youtube - https://www.youtube.com/watch?v=9zFYtSXBYQY/ մենք արդեն հասել ենք արտադրական մոդելի ստեղծմանն ու արտադրության կազմակերպման հարցում բազմամիլիոնանոց ներդրողների հետ բանակցելու փուլին: Մյուս բնագավառներում /"non-invasive" բժշկական ախտորոշում, բժշկական նոր ու մոբիլ /տեղաշարժվող/ տոմոգրաֆի ստեղծում, թույլ մագնիսական դաշտերի գրանցում, գազ, նավթ և այլ հանքերի փնտրում և տեղայնացում, այլն/ մենք նորարական գաղափարներ գեներացնելու և ինժեներական մշակումներ իրականացնելու տարբեր փուլերում ենք /TRL1 - TRL7/: Կարծում եմ, որ տեխնոլոգիական մեր հարթակի բազմակողմանի կիրառումն ու արտադրության բերելը /գերադասելի է՝ Համայն Հայության միջոցներով/ էապես կնպաստի մեր Մեծարգո Վարչապետի կանխանշած, ու ապագային միտված ֆինանսական խնդիրների լուծմանը: Հարգանքով, ԵՊՀ պրոֆ., "PSI" ընկերության հիմնադիր, Սամվել Գևորգյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter