Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊԲ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության ծրագրով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
Բարձրաստիճան հյուրերը շնորհակալություն են հայտնել զինվորականներին հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացները բարձր մակարդակով կյանքի կոչելու համար և խրախուսել առավել աչքի ընկած զինվորականներին: Վերջիններս էլ իրենց հերթին վստահեցրել են, որ ինչպես առայսօր, այսուհետ ևս պատրաստ են անթերի կատարել առաջադրված մարտական խնդիրները և օպերատիվ-մարտավարական իրադրության յուրաքանչյուր զարգացման դեպքում անխախտ պահել մեր երկրի սահմանները:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել