
Զարեհ Սինանյանն այցելել է Օդեսայի հայ համայնք
Օդեսայում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցին պատրաստվել ու սպասում էին առանձնակի տրամադրությամբ: Հայ համայնքի հետ հանդիպումը զուգորդվեց մշակույթի տան 11 և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 24-ամյակների տոնական ծրագրով, որտեղ հայկականության մթնոլորտն ապահովեցին մշակույթի տան, կիրակնօրյա հայկական դպրոցի և մանկապարտեզի, վոկալ համույթի, գրական ստուդիայի, երիտասարդական ակումբի սաները: Այս մասին տեղեկացնում է Հանձնակատարի գրասենյակը։
«Ես ինքս լավ հասկանում եմ՝ ինչ է նշանակում սփյուռքում լինել, շարունակել ապրել որպես հայ, չձուլվել: Գիտեմ, որ շատ հաճախ Ուկրաինայի հայ համայնքն իրեն ուշադրությունից դուրս է զգացել, որի համար անկեղծորեն ցավում եմ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դուք միշտ լինելու եք մեր ուշադրության կենտրոնում, հայրենիքը միշտ պատրաստ է օգնել, և այդ օգնությունն այլևս երկկողմանի պիտի լինի»,-շեշտել է հանձնակատարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին սրտացավ և բարձր մակարդակով տարվող աշխատանքի համար:
«Հայրենիքը ձեզ շատ է սիրում, կարոտում է, միշտ ունեցել է և այժմ էլ ունի ձեր կարիքը, իմացեք, որ դուք միայնակ չեք»,-ամոփոփել է իր խոսքը Զարեհ Սինանյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը, Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սանվել Տիգրանյանը, այլ կառույցների ղեկավարներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պագևատրվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվոգրով:
Մեկնաբանել