HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միացում»-ի 30 տարին. բանավեճերի միասնական լեզուն դեռ գտնված չէ

Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ «Հայկական ընտրություն» ՀԿ-ի (Երեւան) նախաձեռնությամբ օրերս Ստեփանակերտում կազմակերպվել էր «Կլոր սեղանի» շուրջ քննարկում՝ նվիրված 1989թ. դեկտեմբերի 1-ին Արցախի ազգային խորհրդի եւ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված՝ վերամիավորման մասին համատեղ որոշման 30-ամյակին: Նախատեսվում է նման միջոցառում անցկացնել նաեւ դեկտեմբերի 1-ին Երեւանում:

Հայաստանի եւ Արցախի քաղաքական շրջանակներում վերամիավորման («Միացում») գաղափարի հերթական փուլի աշխուժացումը դրսեւորվեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, եւ այժմ մեծ թափ է ստանում: Պետք է նշել, որ 1991 թվականին ընդունված պետական որոշումների էության շուրջ վիճաբանությունները, ինչի արդյունքում վերը նշված համատեղ նստաշրջանի որոշումը կասկածի տակ էր դրվել, անցած բոլոր տասնամյակների ընթացքում չէին հանդարտվում: Շատերը ցայսօր 1991 թվականի որոշումները համարում են Հայաստանի ազգային շահերի դավաճանություն: Մյուսներն այդպիսի որոշումների արդիականությունը հիմնավորում են Հայաստանի հետ Արցախի վերամիավորման խնդրի վերջնական լուծման ավելի արդյունավետ ուղիներ որոնելու անհրաժեշտությամբ: Հաջորդները գտնում են, որ Արցախի իրավաքաղաքական սուբյեկտայնությունն ուժեղացնում է նրա անվտանգության երաշխիքները: Առաջացած իրավիճակի վերաբերյալ կան այլ տեսակետներ եւս՝ ընդհուպ մինչեւ «անկախություն, թե միացում» բուն երկընտրանքը մտացածին համարողները:

Բայցեւայնպես՝ բոլոր կարծիքներից անկախ, անցյալի իրավաքաղաքական խնդիրների բեռն իր պայմաններն է թելադրում: Չի ստացվում անտեսել ներկա պահի բազմաթիվ հիմնահարցեր, որոնք այդ որոշումներով են ձեւավորված: Տարիների ընթացքում հայկական միջավայրում ծագած հանրային կարծիքների եւ իրարամերժ դիրքորոշումների բուն ներկապնակն այդպիսի հիմնախնդիրներից մեկն է: Այդ կարծիքների փոխանակման շուրջը բանավեճեր կազմակերպելու փորձերը վկայում են, որ այսօր մենք գործ ունենք ազգային ու միջազգային քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգության ոլորտներում առկա հիմնախնդիրների ընկալման ու ըմբռնման խորքային հակասությունների հետ: Հենց այդ հակասական կարծիքներն են արտացոլված ինչպես բուն քննարկվող «Միացում»-ի, այնպես էլ նրա լուծման համար առաջարկվող ուղիների գնահատման հարցերում:

Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հայ հասարակությունը բախվում է այնպիսի հիմնարար խոչընդոտների, որոնք ծառանում են իրավական պետականություն կազմավորելու ուղին ընտրած էթնիկ հանրությունների առջեւ: Այստեղ հանելուկ չպետք է լինի՝ աշխարհի էթնոքաղաքական տեսլականը միշտ հակասության մեջ է քաղաքական աշխարհի գնահատման իրավական սանդղակի հետ: Էթնիկ հանրույթը միշտ վստահ է, որ գոյություն ունի ազգային պետություն կազմավորելու սեփական մշակույթ, եւ բոլոր քաղաքական իրողությունները գնահատում է այդպիսի պրիզմայով: Նման պայմաններում այն գործիչները, որոնք փորձում էին ազգային իրողություններն իմաստավորել իրավագիտակցության պրիզմայով, իրենք էին խճճվում էթնիկական ու իրավական փիլիսոփայության լաբիրինթոսներում:

Արցախի հիմնախնդրի դեպքում նշված իրավիճակը բարդանում է նրանով, որ 1991 թվականից սկսած` հայկական պետության իրավաքաղաքական մոդելը լղոզված գտնվեց: 1991-ին ընդունված` Հայաստանի անկախության Հռչակագիրը Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածք հայտարարեց Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻ մարզի միավորված տարածքը: Այդ նույն թեզի վրա է հիմնվում 1995 թվականին ընդունված` ՀՀ սահմանադրությունը: Հաշվի առնելով, որ ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել էր ոչ թե անկախության Հռչակագրով հայտարարված տարածքում, այլ նախկին խորհրդային Հայաստանի տարածքում, խնդիրներ էին ծագել ԼՂԻՄ կարգավիճակի հարցում: Ավելին` 1991 թվականի օգոստոսի 10-ին Լեռնային Ղարաբաղի անկախության մասին առանձին հանրաքվեի անցկացումը, ինչպես նաեւ հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախության մասին առանձին հռչակագրի ընդունումը խորացրին իրավական աններդաշնակությունը: ՀՀ-ն չճանաչեց ԼՂՀ-ի անկախությունը` շարունակելով գործով նրան վերաբերվել որպես սեփական տարածքի: ԼՂՀ-ի բյուջեն համալրվում է ՀՀ-ի բյուջեից, իսկ երկրի անվտանգության համակարգն ամբողջովին միասնականացված է: Միաժամանակ միջազգային դիվանագիտության մեջ ՀՀ-ն իրեն զերծ էր պահում պատերազմի հետեւանքների եւ այն հիմնախնդիրների համար պատասխանատվություն կրելուց, որոնք դուրս էին նախկին խորհրդային Հայաստանի շրջանակներից:

Նման որոշումներից հետո ձեւավորված` Հայաստանի ներքաղաքական իրողությունները խաթարել են երկրի քաղաքացիների իրավունքների եւ պատասխանատվության պատկերը: Հայաստանի քաղաքացու անձնագիր ունեցող` ԼՂՀ-ի բնակիչները ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն: Բացի դրանից, նրանք ՀՀ սահմանադրությամբ պաշտպանված չեն, այլ օգտվում են ԼՂՀ տարածքում ՀՀ-ի կողմից եւ միջազգային մակարդակում վարվող քաղաքականության պաշտպանությունից: Միաժամանակ` երկրի գործնական կյանքում նկատվել է մի դեպք, որը վերջնականապես լղոզել է քաղաքացիների իրավունքների խնդիրը: 1998-ին ԼՂՀ-ի` ընտրական իրավունք չունեցող քաղաքացին (Ռոբերտ Քոչարյանը) ՀՀ-ում համապետական մակարդակի ընտրություններում հաղթել եւ զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը: Տարիներ անց մեկ այլ դեպք պատահեց, երբ ԼՂՀ-ում ընտրական իրավունք չունեցող գործչին (Սամվել Բաբայանին), որը ՀՀ քաղաքացի է, մերժվեց մասնակցել ԼՂՀ տարածքում կայանալիք նախագահական ընտրություններին: Կարելի է իրավական աններդաշնակության պակաս նշանակալի մի շարք այլ օրինակներ եւս բերել, բայց փաստն այն է, որ հասարակությունը եւ իշխանությունները խճճվել են իրենց իսկ ստեղծած խաղի կանոններում:

Էթնիկական փիլիսոփայության տեսանկյունից` տեղի ունեցող բոլոր հակասական գործողություններն ու գործընթացները չունեն ոչ մի բացատրություն եւ կոշտ դիմադրություն են առաջ բերում: Հայաստանի Հանրապետությանը նախկին ԼՂԻՄ տարածքի կցվածությունն անառարկելի փաստ է (միակ իրավական փաստարկումը): Արցախի բնակիչներին ընտրական իրավունքից զրկելը համարվում է անօրինական գործողություն ՀՀ ղեկավարության կողմից: Այն, որ ԼՂՀ-ի ներկայիս տարածքը ԼՂԻՄ-ի տարածքի հետ չի համընկնում` սկզբունքային հանգամանք չի դիտվում: Արցախի՝ որպես Հայաստանի մասի կամ առանձին պետության, միջազգային չճանաչվածությունը հայկական պետականության համար էական փաստ չէ:

Հետեւաբար` նկարագրյալի տեսանկյունից ներկա պահի խնդիրը հանգում է միայն ՀՀ սահմանադրության պահանջների իրականացմանը` վերադարձնել Արցախի բնակչության ընտրական իրավունքը եւ միասնականացնել պետական հաստատությունները:

Իրավական փիլիսոփայության տեսանկյունից` ամեն ինչ շատ ավելի հակասական է: Ընդհուպ մինչեւ 2018 թվականը ՀՀ ղեկավարությունը միջազգային մակարդակով ընդունել է վիճելի տարածքների ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի խնդիրների առկայությունը: Այդ իմաստով ՀՀ ղեկավարության դիրքորոշումը համընկել է միակ օրինակարգ միջազգային ատյանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշման հետ: Ազգային քաղաքականության շրջանակներում ՀՀ ղեկավարությունը Արցախի մասով շատ հարցերում ձեւականորեն հեռավորություն է պահպանում Սահմանադրության պահանջներից, բայց միայն ոչ այն հարցում, որը վերաբերում է ՀՀ անձնագիր ունեցող Արցախի բնակիչներին ընտրական իրավունք տրամադրելուն: Մնացած ամեն ինչում ԼՂՀ-ի հետ հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենսդրական ակտերով:

Այդպիսի քաղաքականությունն, ի վերջո, ապահովում է պետական ինստիտուտների կայուն գործունեությունը հայոց պետականության ամբողջ տարածքում, բայց ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ներքաղաքական կյանքի անջատվածությունը պարբերաբար առաջացրել ու առաջացնում է բազմաթիվ հակասություններ: Թերեւս` հենց այդ հանգամանքն է խթանում ՀՀ սահմանադրության պահանջներն իրավաբանորեն լիարժեք ամրագրելու հրամայականը: Շատերը կարծում են, որ հակասությունների այդպիսի պարբերական ալիքներն ավելի խոր պատճառներ ունեն, դրանք են` Արցախի եւ ՀՀ-ի իրավաքաղաքական սերտաճումը արհեստականորեն զսպելու` խմբային շահերի դրսեւորումները: Ընդունելով այդ հանգամանքը, մյուսները մատնանշում են, որ ՀՀ-ի եւ Արցախի լիածավալ սերտաճման խնդիրը շատ ավելի լայն է, եւ չի կարող լուծվել ընդամենը ներքին իրավական կարգավորմամբ: Այս հարցերում պարզություն մտցնելու անհրաժեշտությունը երբեք չի թուլանում: Սակայն նշված թեմայով բանավեճերի համար միասնական լեզուն տակավին գտնված չէ:

Այսպես թե այնպես` տվյալ թեմատիկայով բանավեճերի ընդլայնումը չի կարող հեշտ գործ լինել: Հարկավոր է զրույցը սկսել բոլորի համար հասկանալի լեզվով: Նման լեզու կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, եթե ցանկություն առաջանա բոլորի համար ընկալելի ու համոզիչ գնահատականներ տալ ազգային իրողություններին:

Մանվել Սարգսյան

լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի ֆեյսբուքյան էջից

acnis.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։