HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճամբարակի զորամասի պայմանագրային զինծառայողները հայտնվել են վարկային սարդոստայնի մեջ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում ծառայող Արմավիր քաղաքի մի խումբ պայմանագրային զինծառայողներ հայտնվել են վարկային սարդոստայնի մեջ: Տարիներ առաջ աշխատավարձի տասնապատիկի չափով վարկեր են վերցրել «Հայբիզնեսբանկ»-ի Վարդենիսի մասնաճյուղից և չեն կարողանում վճարել տարբեր պատճառներով:

Մկրտիչ Աբգարյանի վարկային պատմությունը տարբերվում է մյուսներից: Մկրտիչը «Հետք»-ին պատմեց, որ 2016թ.-ին 1 մլն 740 հազար դրամ վարկ է վերցրել «Հայբիզնեսբանկ»-ից և տվել զորամասի հրամանատարին:

Վերջինս այժմ չի աշխատում և անցել է թոշակի: Հրամանատարը, երբևէ Մկրտիչին գումար չի տվել, որպեսզի վարկային պարտավորությունները կատարի: Վարկային գումարի չափն այժմ կազմում է մոտ 3 մլն 200 հազար դրամ:

«Հրամանատարը դիմել ա, որ իբր ձեռք բռնենք, գնացել, աշխատավարձի տասնապատիկի չափով վարկը վերցրել, առանց մի կոպեկ մեզ պահելու մեր քարտերը տվել ենք իրան, ինքն էլ գնացել, կազինոյում կրվել ա: Մի հոգի չի, մոտ 20 հոգի ենք այդ վիճակում: Մի կոպեկ վարկ չի վճարել»,- պատմում է Մկրտիչ Աբգարյանը:

Զինծառայողներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին: Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Մկրտիչ Աբգարյանն ունի վկայի կարգավիճակ, սակայն այս պահին որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Կատարվում է նախաքննություն:

Մկրտիչը ընտանիքի հետ ապրում է տնակում, սոցիալական ծանր պայմաններում: Ասում է, որ եղել են ամիսներ, երբ վարկային պարտավորությունը կատարելու համար իր աշխատավարձից են 30-40 հազար դրամ պահել: Չգիտի, թե ինչպես է ազատվելու այդ վարկային պարտավորությունից: Հույսը իրավապահ մարմիններն են, սակայն, Մկրտիչի ասելով, ոչ մի նորություն գործից չկա, իրեն տեղյակ չեն պահում մանրամասների մասին:

Հավաքված տղամարդիկ պատմում են իրենց վարկային պատմությունների մասին: Լևոն Հարությունյանը մոտ 5 տարի առաջ «Հայբիզնեսբանկ»-ից վարկ է վերցրել և չի կարողացել մարել: Տույժ-տուգանքներ են ավելացել և, ըստ Լևոնի, փաստացի տոկոսադրույքն այժմ կազմում է 34 %, այն դեպքում, երբ վարկի տոկոսը վերցնելու պահին կազմել է 18 %:

Լևոնը ասաց, որ վերցրել է 1 մլն 750 հազար դրամ վարկ՝ աշխատավարձի տասնապատիկի չափով: 4 տարվա ընթացքում վճարումներ կատարել է, իր ասելով, նույնիսկ 1 մլն 700 հազար դրամից էլ շատ է վճարել, բացի վերջին ամիսներից, երբ սոցիալական վիճակը վատացել է և չի կարողացել վճարումներ կատարել: Սակայն ներկա պահին վարկային պարտավորությունը հասել է մոտ 2 մլն 500 հազար դրամի: Դրան ավելացել են նաև այն մարդկանց գումարները, որոնց համար Լևոնը երաշխավոր է եղել, ընդհանուր՝ 7 մլն դրամ:

Նշենք, որ պայմանագրային զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում նաև երաշխավոր լինելու պատճառով: Տղաները պատմեցին, որ բոլոր զինծառայողները, մեկը մյուսին երաշխավոր կանգնելով, կարողացել են վարկեր ստանալ ու մեկի չվճարելով՝ հայտնվել են դժվար իրավիճակում:

«Գնում, դիմում ենք, որ վերակառուցում անեն: Հեռուստացույցով ասում են՝ վերակառուցում ենք վարկերը, տույժ ու տուգանքները ջրում ենք, բայց գնում, դիմում ես, այնպիսի պայմաններ են առաջ քաշում, որ ընդհանրապես հնարավոր չի ու խելամիտ չի: Ասում են՝ թող երաշխավորները իրենց վարկերը մաքրեն նոր կգաս քո վերակառուցումը կանենք, բոլորն էլ իմ վիճակում հայտնված տղերք են: Կամ տույժ-տուգանքները մաքրում են, բայց հաջորդ օրվանից էլի նույն ձևով 34 %-ը հաշվում են, էլ իմաստը որն է ջրելու»,- ասում է Լևոնը:

Նա պատմեց, որ ներկայում ստանում է 180 հազար դրամ աշխատավարձ, և այդ աշխատավարձով հնարավոր չէ պահել երկու անչափահաս երեխա, թոշակառու ծնող, ընտանիք և զուգահեռ վճարել վարկի ու դրա տույժ-տուգանքների գումարները:

«Մեծ-մեծ խոսում են մենակ: Դե թող հետևեն, որ 34 %-ով առաջին գիծ ծառայողի վրա վարկ են հաշվում: Դատավորի, դատախազի փող են բարձրացնում, որ չգռփեն, բայց մեր նմաններին, որ ցրտին դուրսը կանգնում, սահման ենք պահում 34 % վարկ են հաշվում: Էլ առողջություն էլ չունենք, բոլորիս ոտքերը ցուրտը տարել է, բայց աշխատանք է, աշխատում ենք, մեր երկրին էլ օգտակար ենք լինում»,- ասում է Լևոն Հարությունյանը:

Լևոնը նշեց, որ ամիս է եղել 10 անգամ գնացել Վարդենիս, եկել են, որպեսզի պարզաբանում ստանան բանկից: Եթե խնդիր է լինում վարկի հետ, հորդորում են գնալ Վարդենիս՝ 250 կմ: Վարկը ձևակերպվել է բանկի Վարդենիսի մասնաճյուղից, աշխատավարձը ևս այնտեղից է փոխանցվում:

Բանը հասել է նրան, որ պայմանագրային զինծառայողներից շատերը ստիպված փոխել են բանկային քարտերը և աշխատավարձը այլ բանկից են ստանում, որպեսզի քաշքշուկների մեջ չընկնեն:

«Մեր կառավարությունը թող լավ իմանա, մենք փող չենք մուրում: Մենք մեր աշխատավարձն ենք ուզում, որ նորմալ ստանանք: Գնում ծառայում ենք, ընենց տպավորություն չստացվի, որ մուրում ենք: Մենք պատրաստ ենք մեր վարկի մայր գումարները վճարենք, թող տույժ-տուգանքները, երաշխավորներին հանեն, մենք մեր վճարումները անենք: Ես զինվորական եմ, այնպես են պատասխանում, որ ինձ վատ եմ զգում, ոնց որ փող մուրամ»,- նշում է Լևոնը:

Ռուսլան Կարապետյանը ևս պայմանագրային զինծառայող է: Մի քանի տարի է՝ վարկային պատմությունների մէջ է: Ասում է նույն բանկից 6 անգամ վարկ է վերցրել, 5-ը ժամանակին մարել է, սակայն այս մեկը կանգնել է «կոկորդին»:

Պատմեց, որ վարկ վերցնելու ժամանակ իր աշխատավարձը կազմել է 190 հազար դրամ և տասնապատիկի չափով վարկ է վերցրել՝ 1 մլն 900 հազար դրամ: Սակայն, վերցնելուց հետո 30.000 դրամով կրճատել են աշխատավարձը և հայտնվել է դժվարին իրավիճակում: Որոշ չափով վճարումներ կատարել է, սակայն հետագայում հայտնվել է փակուղում: Ռուսլանը նշեց, որ 2016թ-ին պայմանագրային զինծառայողները ստանում էին 185-190 հազար դրամ, բայց հիմա աշխատավարձը կրճատել են՝ հասցնելով 155 հազար դրամի: Այժմ ստանում է 210 հազար դրամ աշխատավարձ:

«Մենք աշխատավարձը ստանում ենք ամսի 27-28-ին, բայց վարկի վճարումը բանկը գրել է ամսի 20-ին, որ 7-8 օրը տույժ-տուգանք լինի: Այդ օրերի համար մոտ 40.000 տույժ-տուգանք են քաշել քարտից: Գնում էինք բանկ դա էին ասում»,- նշում է Ռուսլանը: Նա ասաց, որ արգելանքի տակ է գտնվում ոչ միայն իր տունը, հողամասը այլև երաշխավորի ավտոմեքենաները: Իր վարկային պարտավորության գումարի չափը հասնում է արդեն 4 մլն դրամի: Իսկ հարկադիր բռնագանձման գումարը կազմում է 11 մլն դրամ, որի մի մասը իր վարկի գումարն է, մնացածը՝ այն վարկառուներինը, որոնց համար երաշխավոր է եղել:

«Ես երեք հոգու երաշխավոր եմ «Հայբիզնեսբանկ»-ում: Բոլորն էլ եղել են ժամկետային զինծառայողներ: Հիմա երկուսը չեն աշխատում, մեկն էլ Ռուսաստանում է, տեղեկություն էլ չունեմ: Ես ո՞նց անեմ: Ռուսաստան գնացողներն էլ բանկերի դարդից են գնացել, աշխատավարձ չէին ստանում: Ընտանիքին վերցրել, գնացել են»,- հավելում է Ռուսլան Կարապետյանը:

Պայմանագրային զինծառայողը զարմացած է բանկային համակարգի վրա, թե ինչպես են թույլ տալիս, որ մարդ մեկից ավելի վարկային պայմանագրերով երաշխավոր դառնա ու հայտնվի այս վիճակում:

Դավիթ Սարգսյանն էլ պատմում էր, որ վարկ է վերցրել 1 մլն 700 հազար դրամի չափով, որից մոտ 900 հազար դրամը վճարել է, սակայն, անձը ում համար երաշխավոր է եղել, չի կատարել իր վարկային պարտավորությունը, ինքն է հայտնվել է «սև ցուցակում»: Ասում է, որ գործընկերը, ում համար երաշխավոր է եղել ևս պայմանագրային զինծառայող է եղել, անցել է թոշակի և հիմա ունի աշխատանք, սակայն աշխատավարձն առձեռն է ստանում, չեն կարողանում գանձել:

«Աշխատավարձիս 30 %-ը միայն այդ մարդու վարկի գումարն են պահում ինձնից: Ես արդեն չկարողացա իմ վարկը մարել, տակը ապրելու գումար չմնաց: Այդ մարդը առձեռն ստանում ա, բարձր թոշակ ստանում ա, չի վճարում: Ինձ գցեցին հարկադիրի դռները, ես եմ վճարում իր փոխարեն»,- ասում է Դավիթը: Վերջինիս պատմելով՝ իր վարկային պարտավորությունը կազմում էր 800 հազար դրամ՝ կեսից ավելին վճարել է, սակայն այժմ պարտավորությունը կազմում է 3 մլն 600 հազար դրամ: Դավիթը պատրաստակամություն է հայտնում վճարել իր վարկերը, եթե իր վրայից հանեն երաշխավորի պարտականություններն ու  իր տույժ-տուգանքները:

«Ուրիշ երկրներում, երբ վարկը տալիս են, տեսնում են մարդը ունակ չի, չի կարողանում վճարել, տոկոսն են իջացնում, տոկոսը հանում, թողնում են մայր գումարը: Իսկ այստեղ տեսնում են մարդը 13 %-ը չի կարողանում վճարի, ֆռռացնում, դարձնում են 34 %: Լրիվ տանում են կործանման: Հեսա կգան տները ձեռքներիցս կվերցնեն»,- նշում է Դավիթը:

Պայմանագրային զինծառայողները փաստում էին, որ իրենք ակամայից հայտնվել են ծուղակում և չեն կարողանում դուրս գալ՝ մի կողմից բանկի, մյուս կողմից գործընկերների պատճառով, որոնց համար երաշխավոր են եղել:

«Հայբիզնեսբանկ»-ի աշխատակազմից «Հետք»-ին փոխանցեցին, որ վճարային քարտով վարկային գծի պայմանագրերով վճարման պարտավորությունները չեն սկսում յուրաքանչյուր ամսվա 20-ից: Տվյալ վարկատեսակը ընձեռում է հնարավորություն մի դեպքում՝ առավելագույնը 27 օր տևողությամբ ժամկետում քարտային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու եղանակով վճարել օգտագործված վարկային գծի նվազագույնը 10 %-ը և հաշվարկված տոկոսագումարները` անկախ այն հանգամանքից, թե քարտային հաշվին պարտավորությունների կատարման ժամկետին դրամական միջոցներ կան թե ոչ: Իսկ մյուս դեպքում՝ յուրաքանչյուր ամսվա 27-ին վարկային գծից մարվում է ֆիքսված գումար, իսկ հաշվարկված տոկոսագումարները վճարվում են վարկային գծի մարման ամսաթվին նախորդող 20 օրվա ընթացքում /ավտոմատ եղանակով/:

«Այս հարցի շուրջ տեղեկացնում ենք, որ վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը կողմերի համաձայնությունն է՝ ուղղված քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, ուստի վարկառուների վճարային պարտավորությունների կատարման ժամկետները որոշվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Նշյալ պայմանագրերի 7-րդ բաժնով նախատեսված է Կողմերի համաձայնությամբ պայմանագրի պայմանների փոփոխման հնարավորությունը` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (լրացուցիչ համաձայնագիր), առավել ևս երբևէ, որևէ կերպ չի սահմանափակվել վարկային գծի պայմանագրերով ֆիքսված մարման գրաֆիկում փոփոխություն կատարելու հաճախորդների հնարավորությունը»,- նշում են «Հայբիզնեսբանկ»-ից:

Վարկառու զինծառայողներից Դավիթ Սարգսյանը հակադարձում է՝ դժգոհելով բանկի քաղաքականությունից: Ասում է, որ նույնիսկ ամսի 29-ին է մոտեցել բանկ, որպեսզի վճարման օրը հենց այդ ժամանակ հաշվեն, սակայն, դարձյալ վճարման պարտավորություն են սահմանել աշխատավարձի ստացման օրվանից առաջ, և ակամայից հայտնվում են տույժ-տուգանքների տակ:

Ինչ վերաբերում է վարկային տոկոսի բարձրացմանը, բանկից նշում են, որ վարկային տոկոսը անփոփոխ է: Համաձայն Հայաստանի տարածքում գործող օրենքների և բանկի ու հաճախորդի միջև կնքված պայմանագրի՝ պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, հաշվարկվում է տուժանք, ինչը չի հանդիսանում բանկում գործող վարկային տոկոսադրույք, այլ հանդիսանում է քաղաքացիական իրավունքի կողմից պահանջված նորմ` պարտավորությունների կատարման ապահովման:

Անդրադառնալով երաշխավորների հարցին, բանկը նշում է, որ տվյալ վարկատեսակով վարկավորումն իրականացվում է հաճախորդների աշխատավարձի ապահովմամբ և հիմնականում վարկավորման գումարները մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձի գումարը, այդ իսկ պատճառով, ռիսկերի զսպման նպատակով, որպես լրացուցիչ ապահովվածություն՝ գործում է երաշխավորների ինստիտուտը:

«Կենտրոնական բանկի կողմից 2017թ օգոստոսի 04-ին հաստատվել է և գործում է 8/06 Կանոնակարգը, որը հաստատում է Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնները, որտեղ առկա չէ սահմանափակում նույն վարկատեսակով մի քանի անձանց, որպես երաշխավոր ներգրավելու վերաբերյալ, իսկ ռիսկերի գնահատման մասով Բանկը միշտ գործում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հաստատված կանոնակարգերի սահմաններում: Գործող իրավակարգավորումների շրջանակներում յուրաքանչյուր անձ կարող է երաշխավորել մի քանի պարտավորություններ: Բանկի կողմից տրամադրվող յուրաքանչյուր պրոդուկտի դեպքում գնահատվում է հավանական վարկառուի վարկունակությունը, վճարունակությունը և տրամադրվող վարկի վերադարձելիությունը, որոնք հանդիսանում են վարկային ռիսկի գնահատման տարրեր»,- նշում են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակազմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter