
Առաջարկվում է օրենքով սահմանել «բնապահպանական տեղեկություն» հասկացությունը
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում նախատեսել առանձին կետ «բնապահպանական տեղեկություն» հասկացության համար։ Նախարարությունը կարծում է, որ այդ կերպ ավելի հստակ կլինի տեղեկատվության շրջանակը, և նման տեղեկատվությունը երաշխավորված կլինի կամայական մեկնաբանությունների հնարավորությունից։
Շրջակա միջավայրի նախարարությունը դրա վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, որը հրապարակված է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։
Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է բնապահպանական տեղեկությունը տրամադրել, եթե այն վերաբերում է շրջակա միջավայրին, ջրերին, մթնոլորտին, օդին, հողին, լանդշաֆտին, բնական օբյեկտներին, կենսաբազմազանությանը։ Տեղեկատվություն կտրամադրվի նաև նյութերի, աղմուկի, ճառագայթման, շրջակա միջավայրի ոլորտային համաձայնագրերի, քաղաքականության, իրավական ակտերի և փորձաքննական եզրակացությունների մասին, որոնք ազդում կամ կարող են ազդել շրջակա միջավայրի բաղադրիչների վրա։
Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է նաև տեղեկատվություն փոխանցել մարդկանց առողջության և անվտանգության, կենսապայմանների, մշակութային վայրերին և շինությունների մասին այնքանով, որքանով դրանք կրում կամ կարող են կրել շրջակա միջավայրի բաղադրիչների վրա ազդեցություն։
Սակայն Շրջակա միջավայրի նախարարությունը կարող է մերժել տրամադրել բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին տեղեկատվության տրամադրումը:
Քննարկման ներկայացված նախագծում նախարարությունն ընդգծել է, որ այս փոփոխությունը շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինողին հնարավորություն կընձեռի պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։
Մեկնաբանել