HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրություններ. տվյալների վերլուծություն

Դեկտեմբերի 8-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Հայաստանի 6 մարզերում (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք) գտնվող 12 համայնքներում ընտրելու են համայնքի նոր ղեկավարների։ Վերլուծել ենք գալիք ընտրությունների բաց տվյալները։

Նախ նշենք, որ 12 համայնքներից ուղիղ կեսում գրանցվել է ընդամենը մեկ թեկնածու, երկրորդ թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել։ Սա նշանակում է, որ այս համայնքներում ընտրությունները մրցակցային չեն, վերջնական գրանցվել է մեկ թեկնածու ու բնակիչները ունեն ընդամենը մեկ ընտրություն եւ քվեարկելու են մեկ թեկնածուին կողմ կամ դեմ։  

 

Վերլուծելով բոլոր 12 համայնքներում անցկացված հինգ ընտրությունների տվյալները, կարելի է արձանագրել, որ երեքից ավելի թեկնածու հազվադեպ է գրանցվում, հիմնականում մեկ համայնքում թեկնածուների միջին թիվը երկուսն է։ Միակ բացառությունը Տափերական համայնքն է՝ այս տարի այստեղ գրանցվել է 8 թեկնածու։ 

 

Նկատվում է միտում, երբ գործող համայնքի ղեկավարները նորից դնում են իրենց թեկնածությունները։ Նրանցից շատերը պաշտոնը զբաղեցնում են բավականին երկար ժամանակ։

Այսպես, համայնքներից ընդամենը երկուսում՝ Արարատի մարզի Տափերականում եւ Գեղարքունիքի մարզի Զովաբերում է, որ գործող ղեկավարները չեն մասնակցելու ընտրություններին։ Մնացած տասը համայնքների գործող ղեկավարները թեկնածուներ են։

 

Սակայն, պետք է նշել, որ Զովաբերի գործող ղեկավարը՝ Սամվել Եսայանը, մի քանի օր առաջ հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ Տափերականի ղեկավարը՝ Միհրան Մանասերյանը, այս տարվա սեպտեմբեր ամսին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Պարոն Մանասերյանից փորձեցինք ճշտել, թե ինչն է պատճառը, որ իր հրաժարականից հետո այսքան թեկնածու է գրանցվել, նա ասաց, որ հստակ պատճառ չի կարող նշել։ Իսկ ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մարգարյանը ասաց, որ չի ցանկանում մասնակցել ընտրություններին ու թեկնածուների քանակը բացատրեց նրանով, որ հեղափոխությունից հետո բնակիչները ավելի ակտիվ են։

Թեկնածուների ճնշող մեծամասնությունը անկուսակցական է։ Թեկնածուներից միայն երկու հոգի է կուսակցական. Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի գործող ղեկավար Նորայր Մելքոնյանը ԲՀԿ-ի անդամ է, Արագածոտնի մարզի Հակո համայնքի գործող ղեկավար Սերյոժա Չարչոյանը ՀՀԿ-ի անդամ է։ 

 

Ցավոք, այս համայնքներում կին թեկնածու չի գրանցվել։ 

 

ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու է ընդամենը 4 ԶԼՄ ներկայացուցիչ, որոնցից միայն «Գեղամա» հեռուստաընկերությունն է մարզային։ 

 

Համայնքի ղեկավարի ընտրություններից բացի, Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արարատի 4 համայնքներում ընտրելու են նաև ավագանու անդամների։ Մոտ օրերս կանդրադառնանք այդ ընտրություններին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter