HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աուտիզմի ազգային կենտրոնում նշել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը 

Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ այցելել են «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն։ Ստացած տպավորությունները նրանք փոխանցել են տարածված մամուլի հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորև։

Արդեն 14 տարի գործում է «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնը, որը նախատեսված է աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար: Երբ բացվեց կենտրոնը, կար ընդամենը 8 երեխա: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 4 անձից է բաղկացած, հենց նրանց՝ աուտիզմ ունեցող երեխաների ծնողների շնորհիվ էլ ստեղծվեց հիմնադրամը: Հիմա արդեն «Իմ ուղին» կենտրոն հաճախում է 180 սան: 2020 թվականին նրանց թիվը կհասնի 200-ի: Այստեղ կիրառվում են ամերիկյան եւ եվրոպական մեթոդները, որոնք, ըստ պատասխանատուների, արդյունավետ են: Սկզբում կանխատեսելի ու կառավարելի են դարձնում երեխաներին, հետո արդեն Եվրոպայի փորձով, կողմնորոշում մասնագիտության եւ զբաղվածության հարցում: 

Ֆենոմենալ հիշողությամբ, երաժշտական բացառիկ ունակություններով ու ստեղծագործելու արտասովոր կարողություններով երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են կենտրոնում: Ըստ տրամադրության, նվագում են, մասնակցում արտթերապիայի դասերին, բացիկ կամ տիկնիկ են պատրաստում, զբաղվում կավագործությամբ կամ նկարչությամբ:

19-ամյա Վարդանը դաշնամուր է նվագում, իսկ վերջին շրջանում նաեւ քսիլաֆոն: Վարդանը ֆենոմենալ հիշողություն ունի: Միայն ասա ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, եւ նա կասի, թե շաբաթվա որ օրն է եղել այդ իրադարձությունը՝ ընդամենը վայրկյանների ընթացքում: Իմպրովիզացիան նրանց երաժշտական կյանքի անբաժանելի մասն է՝ երգում են ու նվագում պարզապես տեսողական հիշողությամբ: Իրենց ստեղծագործություններն էլ վառ երեւակայության արդյունք են՝ առանց նոտաների: 

Ժպտերես Անուշի մոլբերտի վրա գույները միշտ վառ են: 15-ամյա աղջկան այս կենտրոնում բոլորը մաքրասեր են կոչում՝ իր չորսբոլորը պետք է մաքրամաքուր լինի:

Ստեղծագործական աշխատանքների սենյակում սաները պատրաստվում են Ամանորին՝ մոմ ու բացիկ, տոնի ու տարվա խորհրդանիշներ են պատրաստում:  Վահանը բազմերանգ մոմերի պատրաստման պատասխանատուն է՝ վերջնական փայլն ինքն է հաղորդում:  

Աշխարհի ամենաբարի ու թաքնված կարողություններով տաղանդավորներն ամեն օր՝ վաղ առավոտից շտապում են իրենց հարազատ կենտրոն, սիրելի ուսուցիչների մոտ եւ ամեն ինչ սկսում նորից՝ Սուրենը երգում է փոքրիկ տղայի մասին երգը, Ռաֆայելն ու Վարդանը նվագում Կոմիտաս, Անուշիկը նկարում ծիածան, Վահանը պատրաստում Ամանորի նվերներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter