
Յուրի Խաչատուրովի սահմանահատումների վրա արգելք դրված չէ
Դատարանի թույլտվության դեպքում նա կարող է հատել ՀՀ սահմանը
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը Մարտի 1-ից անջատված մասով անցնող մեղադրյալների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացրեց միջնորդություն՝ Խաչատուրովի ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, նրա սահմանահատումների վրա դրված արգելքը վերացնելու վերաբերյալ:
Պողոսյանը նշեց, որ Խաչատուրովը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո, երբ դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի պայմաններում անարգել հատել է ՀՀ սահմանն ու մեկնել ՌԴ, ապա պաշտոնից ազատվելուց հետո անարգել վերադարձել Հայաստան:
Այսինքն՝ այդ ժամանակ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելք չի եղել:
Պաշտպանը հիշեցրեց, որ Հայաստանի օրենսդրությամբ՝ անձի սահմանահատման վրա արգելք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս իրավակարգավորման պարագայում, սակայն, այս տարվա հունիսի 8-ին Խաչատուրովին արգելվել է անձնական անհրաժեշտությունից ելնելով հատել հայ-վրացական սահմանը: Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահ ուժերը թույլ չեն տվել նրան դուրս գալ երկրից:
Նշենք, որ ավելի վաղ, անդրադառնալով այս հանգամանքին, Պողոսյանը հայտնել է, որ թեև վարույթն իրականացնող մարմինը Խաչատուրովի ելքի վրա որևէ սահմանափակում չէր կարող դնել, ինքը, ծանոթ լինելով ԱԱԾ–ի , ՀՔԾ–ի և ոստիկանության գործելաոճին, միջնորդել է դատարանին՝ Խաչատուրովի ելքի ենթադրյալ արգելքի դեպքում վերացնել այն, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019-ի հունիսի 6–ին բավարարել է իր միջնորդությունն ու թույլատրել Խաչատուրովին մեկնել Հայաստանից՝ միևնույն ժամանակ գրություն ուղարկելով քաղաքացիների մուտքի և ելքի սահմանափակման հարցերով իրավասու մարմնին՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը։
Այն բանից հետո, երբ Խաչատուրովին արգելվել է լքել Հայաստանը, պաշտպանը դիմել է ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին՝ պարզաբանման համար:
ԱԱԾ քննչական դեպարտամենտից նրան պատասխանել են, թե Խաչատուրովի սահմանահատումների վրա արգելանք է դրվել հունիսի 6-ին, այսինքն՝ նույն օրը, երբ դատարանը գրությամբ հայտնել է, որ սահմանափակումների վրա արգելք դրված լինելու դեպքում այն ենթակա է վերացման:
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից էլ հայտնել են, որ Խաչատուրովի տեղաշարժը վերահսկվել է, քանի որ նա հանդիսանում է ամբաստանյալ:
Պողոսյանը հիշեցրեց, որ բացի դատարանում այս պահին քննվող գործից, Խաչատուրովը որևէ այլ գործով ամբաստանյալ չի հանդիսանում, հետևաբար խոսքն այս գործով ամբաատանյալ լինելու մասին է:
Ըստ Միհրան Պողոսյանի՝ ակնհայտ է, որ պաշտոնատար անձանց կողմից անօրինական կարգով կիրառված է եղել արգելք:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը պնդեցին, որ այս պահին, փաստացի, Խաչատուրովի սահմանահատումների վրա արգելք չկա և անհասկանալի է, թե ինչպե՞ս պիտի վերացվի այն արգելքը, որը չկա:
Մեղադրողների համար պարզ չէր նաև, թե ի՞նչ է պաշտպանն ակնկալում դատարանից: Պետրոս Պոտրոսյանը նշեց, որ միջնորդություն ներկայացնող կողմը պետք է հստակ պահանջ ներկայացնի, որն այս դեպքում չի արվում:
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունն՝ առարկայազուրկ լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը ևս արձանագրեց, որ այս պահին Խաչատուրովի սահմանահատումների վրա արգելք չկա դրված, այդպիսի արգելք չի դրվել նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից: Միհրան Պողոսյանը հարցրեց. «Այսինքն՝ Խաչատուրովը կարո՞ղ է անարգել հատել ՀՀ սահմանը»: Ի պատասխան` դատավոր Դանիբեկյանն ասաց, որ դատարանի թույլտվության առկայության պայմաններում կարող է:
Պողոսյանի հարցին՝ իսկ ԱԱԾ սահմանապահների գործողություններում, ըստ դատավորի, առկա չե՞ն հանցագործության տարրեր, Դանիբեկյանը պատասխանեց, որ պաշտպանը գիտի և´ Հատուկ քննչական ծառայության տեղը, և´ հանցագործության մասին հաղորդում ներլայացնելու կարգը և անհրաժեշտության դեպքում կարող է դիմել ՀՔԾ:
Լուսանկարում (ձախից)` Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը
Մեկնաբանել