
Պատգամավորն առաջարկում է դատական կարգադրիչներին եւս հավելավճար ստանալու իրավունք տալ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է օրենքով ամրագրել, որ դատական կարգադրիչները ևս կարող են ստանալ հավելավճար: Պատգամավորն այդ նպատակով փոփոխություններ է առաջարկում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում:
«Օրենքը սահմանում է այն ցանկը, թե ինչ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց են այդ խրախուսումները տրվում, և անհասկանալի է, թե ինչու են դատական կարգադրիչները դուրս մնացել այդ ցանկից: Սրանով խրախուսելու ենք նրանց աշխատանքը և´ ֆինանսապես և´ բարոյապես»,-ասաց նախագծի հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ հավելավճար ստանում են հարկադիր կատարողները, հարկային, մաքսային, Հատուկ քննչական ծառայության ծառայողները, Քննչական կոմիտեի ծառայողները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով` նախագիծը խտրական կարգավորումներ է առաջարկում, քանի որ կան խմբեր, որոնք կրկին զրկվում են հավելավճարների իրավունքից: Պատգամավորն առաջարկեց համակարգը վերանայել և ոչ թե հատվածային լուծում տալ:
«Համաձայն եմ, բայց այսօր չունենք ամբողջական լուծում, և այսօր այն ինչ կա, արդեն իսկ խտրական է, օրինակ ինչու ԴԱՀԿ աշխատակցիները օգտվում են հավելավճարներից, կարգադրիչները` ոչ»,-արձագանքեց Արթուր Դավթյանը:
Նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանի խոսքով` համաձայն են, որ դատական կարգադրիչների աշխատավարձը շատ ցածր է, այն վերանայման կարիք ունի, սակայն այս լուծումը ֆրագմենտալ է:Մի քանի հակափաստարկներ կան` դատական կարգադրիչին կոչում տրվում է գործի ընդունվելու ժամանակ, այսինքն չի աշխատում այն տրամաբանությունը, որ արժանապատիվ և լավ աշխատանքի համար պետք է հավելավճար տրվի»,-ասաց փոխնախարարը:
Ուդումյանի խոսքով` Քաղծառայության մասին օրենքի փոփոխությամբ կառավարությունը վերացրել է հավելավճարները, որոնք դասային աստիճանի հետ էին կապված:
«Եթե այս խմբերի համար գնում ենք նշված ուղղությամբ, տրամաբանական չէ, որ մյուս խմբի համար հարկադիր մոտեցում որդեգրենք: Կառավարությունը հանձն է առել համապարփակ մոտենալ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքին և ունենալ ավելի համապարփակ լուծում»,-եզրափակեց փոխնախարարը:
Մեկնաբանել