
«Վանաձոր» ՔԿՀ-ի պետը տեղյակ է եղել հիվանդ կալանավորի ծանր վիճակի մասին
«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կինը և նրա ներկայացուցիչները` որպես տուժողի իրավահաջորդ, դատական կարգով վիճարկում են ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանի` կալանավորի մահվան փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և պահանջում են վերացնել այն:
Ըստ նրանց` Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ հատուկ քննչական ծառայության, խախտել է «կյանքի իրավունքն օրենքով պաշտպանելու» իր պարտավորությունը, քանի որ «քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեղքով» անձի մահվան փաստի առթիվ չի իրականացվել օբյեկտիվ, բազմակողմանի և արդյունավետ քննություն:
Ի թիվս նախաքննական մարմնի անգործությունը հիմնավորող մի շարք փաստարկների` իրավահաջորդի ներկայացուցիչները նշում են այն հանգամանքը, որ անտեսվել է ՀՔԾ պետին ուղղված իրենց դիմումը` պարզելու որոշ պաշտոնատար անձանց առնչությունն ու մեղավորությունը կալանավորին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու և քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» չտեղափոխելու հարցում, որի հետևանքով մահացել է Սլավիկ Ոսկանյանը:
«Հետքը» ձեռք է բերել մի փաստաթուղթ, որը ապացուցում է այն հանգամանքը, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանը տեղյակ է եղել կալանավոր Սլավիկ Ոսկանյանի հիվանդության և ծանր վիճակի մասին:
Փաստաթուղթը գրված է 2010 թվականի հոկտեմբերի 21-ին` կալանավորի մահից 3 օր առաջ, հասցեագրված է ՔԿՀ պետին ՔԿՀ-ի բուժքրոջ ձեռքով:
Վերջինս «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանին զեկուցել է հիվանդ կալանավոր Սլավիկ Ոսկանյանի ծանր վիճակի մասին և հետագա բարդություններից խուսափելու համար խնդրել է նրա կարգադրությունը:
Արտյոմ Մխոյանը ստորագրել է իրեն հասցեագրված դիմումը և մակագրել. «Հարցը շտապ քննարկել ՔԿՀ ԲՍԲ-ի հետ, հրավիրել շտապ համապատասխան մասնագետի կոնսուլտացիայի նպատակով և զեկուցել»:
Մեկնաբանել