
Կոմբինատի տնօրեինությունն ասուլիս է հրավիրում, իսկ բանվորները շարունակում են բողոքել
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը, արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանը և ընկերության գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանը նախօրեին ասուլիս էին հրավիրել ընկերության աշխատողների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված եւ մամուլում հրապարակված բաց նամակի կապակցությամբ:
Ասուլիսը բացեց ընկերության արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը՝ նշելով. «Մեր կարծիքով՝ դրանք միակողմանի հրապարակումներ են»:
Ըստ Շահնազարյանին՝ իրենք ասուլիս են հրավիրել, որ բաց նամակում տեղ գտած որոշ տեղեկություններ հերքեն, որոշները, որորոնք համապատասխանում են իրականությանը, ընդունեն ի գիտություն, եւ բացթողումները հնարավորինս շտկեն: Սակայն ասուլիսի ընթացքում բանախոսներն առավելապես հակված էին ամեն ինչ հերքելուն:
Գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանը նշեց, թե 2011թ. հունվարին՝ տոնական օրերին, ընկերության աշխատողներին մի քիչ ավել աշխատավարձ է վճարվել նախկին գործատու Սերոբ Տեր-Պողոսյանի հանձնարարությամբ: Իսկ նրա կնոջ՝ Մադլեն Թաշճյանի կողմից այս տարվա հունվարին բանվորներին վճարվող գումարների նվազեցումը եւ արտադրական պլանների կատարման համար տրվող հավելավճարների կասեցումը Սոխակյանը բացատրեց «ընկերության ֆինանսական հնարավորություններով»:
Բանվորները պնդում են, որ ընկերությունը Տեր-Պողոսյանի ազատազրկվելուց հետո էլ շարունակել է կատարել, անգամ գերակատարել արտադրական ծրագրերը:
Տնօրեն Գագիկ Շահնազարյանը աշխատողների աշխատավարձի բարձրացման պահանջի (պայմանավորված պղնձի միջազգային գներով) վերաբերյալ նշեց. «Պղնձի գները շատ-շատ տատանվել են 7 հազար դոլարից մինչև 9 հազար դոլարի սահմաններում: Այդ պատճառով աշխատավարձի բարձրացումը՝ նման ֆինանսական ներհոսքի պատճառով, չէր կարող կտրուկ բարձրանալ»:
Գլխավոր հաշվապահ Սոխակյանն էլ հավելեց. «2008թ. ճգնաժամի պատճառով աշխատողների՝ 20 տոկոս կրճատված աշխատավարձը վերականգնվել է 2009թ. սեպտեմբերի 1-ին՝ շուկայում պղնձի գների վերականգնումից հետո»: Նա նշեց, որ աշխատավարձը 10-15 տոկոսով ավելացել է նաև 2011թ հունվարի 1-ին: Ըստ Սոխակյանի՝ ընկերության գլխավոր բաժնետերը պետության առջեւ պայմանագրով պարտավորություն է ստանձնել, որ միջին աշխատավարձը պետ է լինի 110 հազար դրամ:
Անդրադառնալով ընկերության ղեկավարների հայտարարությանը՝ 140 հազար դրամ միջին աշխատավարձի մասին, Արամ Սոխակյանը նշեց. «Գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանի և ընկերության մյուս տնօրենների աշխատավարձը միջին աշխատավարձի մեջ ներառվել է: Եթե բոլոր տնօրենների աշխատավարձը հանենք, ապա մեր ընկերության աշխատողների միջին աշխատավարձը հասնում է 122 հազար 500 դրամի»:
Հրապարակված պայմանագրային 44 հազար դրամ աշատավարձը, ըստ գլխավոր հաշվապահի, աշխատավարձի հաստիքային դրույքաչափն է, որի դեպքում աշխատողի աշխատավարձը ամսվա ընթացքում կազմում է 110 հազար դրամ: Աշխատավարձը ձևավորվում է դրույքաչափի վրա արտադրական վտանգավոր միջավայրի հավելավճարների, գիշերային և տոնական օրերի վճարների ավելացմամբ: Ըստ բանախոսի՝ տարիֆային դրույքաչափը սահմանել է գործատուն:
Բանվորական արտահագուստի և կյանքի հանար վտանգավոր պայմաններում աշխատողներին լրացուցիչ սնունդ տալու մասին ընկերության արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանն ասաց, որ արդեն պատվիրել են ամառային արտահագուստ: Իսկ թե ինչու են անցյալ տարի արտահագուստ տալու համար բանվորներից 2 անգամ ստորագրություն վերցրել, Վարդանյանը չպատասխանեց: Նա համարում է, որ օրենքը չի պարտադրում գործատուին հատուկ սնունդ տրամադրել կյանքի համար վտանգավոր արտադրական միջավայրում աշխատող բանվորներին:
«Մենք ոչ մի անգամ իրենց չենք արգելել հաց ուտել, մենք ուղղակի սահմանափակում ենք բոլոր աշխատողների միաժամանակ հաց ուտելը, որը բխում է մեր արտադրության շահերից»,- ասաց տնօրենը: Մինչդեռ բանվորները բողոքում են, որ ընմիջմանը հաց են ուտում ցեխոտ աթոռի վրա կքանստած:
Բանվորները նշել են նաեւ, որ ընկերության տնօրինությունը խուսափում է արտադրական ներդրումներից: Այս առնչությամբ արտադրաության գծով տնօրենի տրամադրած տեղեկությունը հիմնականում վերաբերում էր ապագային. «Մենք ջարդման արտադրամասում նախատեսում ենք 2-րդ գծի շահագործում, որի համար պատվիրել և ստացել ենք համապատասխան նախագիծ: Մենք պլանավորել ենք բաց հանքում տեղադրել նորից ջարդման սարքավորում, որպեսզի մեր աշխատանքն ավելի արդյունավետ լինի»:
Կոմբինատի լաբորատորիայի աշխատակիցները, որպես վնասակար պայմաններում աշխատող, արտոնություններից չեն օգտվում: Գագիկ Շահնազարյանն այս առանչությամբ ոչ մի կոնկրետ բան չասաց:
«Բաց հանքի առկայությունը ո՞նց կարա վտանգավոր լինի, ասենք, կյանքի համար, չեմ հասկանում»,- Շամլուղի բաց հանքի մասին ասաց Լյովա Վարդանյանը: «Հետքի» հարցին, թե ինչու է ընկերությունը բաց հանքը շահագործելիս շրջանցել Շամլուղի ավագունու որոշումը, Լ. Վարդանյանը պատասխանեց. «Եթե այդ որոշումը մենք չունենանք, մեզ ոչ ոք չի թույլատրի շահագործել բաց հանքավայրը»:
«Ձեզ մոտ այդ թույլտվության կա՞»,- հարցրեց լրագրողներից մեկը, որին Գագիկ Շահնազարյանը պատասխանեց. «Այո, այո»: Սակայն նա այդպես էլ նշյալ որոշումը ցույց չտվեց:
Գագիկ Շահնազարյանն ասուլիսը ամփոփելիս հայտարարեց, թե հանրապետության նախագահին ուղղված նամակով աշխատողներն իրենց օգնել են որոշ խնդիրների նայել այլ տեսանկյունից. «Ինչի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահին նամակ գրողներին և նամակը կազմողներին»:
Ասուլիսից հետո «Հետքը» զրուցեց Ախթալայի հրապարակում հավաքված ընկերության բանվորների հետ: Նրանցից Նորիկ Սիմոնյանն ասաց, թե կոմբինատի տնօրինությունից բողոքներ շատ կան: Դրանք վերաբերում են արդեն մի քանի տարի չտրվող արտահագուստին, արտադրական վտանգավոր միջավայրում աշխատողներին համապատասխան սնունդ չտրամադրելուն:
«Անցած տարի ֆաբրիկայում մարդ է եղել՝ հունվարին ստացել է 178 հազար դրամ աշխատավարձ, այս տարի հունվարի աշխատավարձը ամենաշատը եղել է 117 հազար դրամ: Տոնական օրերի համար մեզ ամենշատը վճարել են 26 ժամվա համար: Բայց մարդիկ կան՝ աշխատել են 6 տոնական օր»,- ասում է Գարիկ Ջաղինյանը:
«Շախտում եմ աշխատում՝ 140-ում: Աշխատավարձս 150 հազարից ավել չի եղել: Բայց իմ աշխատանքս այնպիսին է, որ ինձ 700 հազար դրամ կարող են տալ: Էդ կարգի աշխատանք է: Մեզ հանքում հագուստ ընդհանրապես չեն տալիս: Հանքը մտնելու սապոգն էլ մենք ենք առնում, որ չհիվանդանանք»,- հավելում է Արթուր Հանիսյանը:
Վարդան Սարգսայանն էլ ասաց. «Ամեն ինչ իրանցն ա, բա մեր շահերը ո՞վ պետք է պահի: Վերջում վինուժդեննի էդ ֆաբրիկան տրաքացնիլ տենք, էլի: Եթե մեզ գործից պտի հանեն, դնիլ տենք սաղ տրաքացնենք: Եթե մեզ համար էդ հանքերում գործ չկա, իրենց համար էլ չպիտի լինի»:
Մեկնաբանել