HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամասիայի բրդի գործարանի արտադրանքը շուտով կհայտնվի տեղական եւ միջազգային շուկաներում

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության ծրագրի» շրջանակներում hուլիսի 19-ին Ամասիա խոշորացված համայնքի Ամասիա բնակավայրում բացվեց բրդի գործարան: Ծրագիրը (ընդհանուր արժեքը՝ 549,819 եվրո), որ մեկնարկել է 2018թ-ի մարտին եւ շարունակվելու է մինչեւ 2020թ-ի մարտ ամիսը, իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ (335 հազար եվրո) եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից:

Բրդի արժեշղթայի՝ ոչխարաբուծությունից մինչեւ բրդյա թելի եւ ապրանքների արտադրությունն ապահովելու համար տարածաշրջանի ընտրությունը պատահական չէր: Դեռեւս խորհրդային տարիներին Ամասիայի շրջանը հայտնի էր ոչխարաբուծությամբ: Անասնապահության այդ ճյուղով, առավել ինտենսիվ, զբաղվում էին հատկապես Արփի լճի մերձակա բնակավայրերում: 

Անցած 30 տարիներին, այս ոլորտում բազմաթիվ վայրիվերումներ եղան, մի քանի անգամ պակասեց անասնապահությամբ, հատկապես ոչխարաբուծությամբ զբաղվողների թիվը: Թեկուզ քիչ քանակությամբ՝ մարդիկ գերադասում էին խոշոր եղջերավոր անասուն պահել: Պրոբլեմներից գլխավորը մսամթերքի իրացումն էր, ոչխարի դեպքում՝ նաեւ բրդի:

Խորհրդային տարիներին ոչխարի բուրդը ոչ միայն հանձնում էին, այլեւ անհատապես իրացնում, նաեւ գործածում սեփական կարիքների համար՝ հայկական ընտանիքներում նախկինում գերադասում էին քնել բրդե ներքնակ-վերմակից բաղկացած անկողիններում: Հայ օրիորդի օժիտի բաղկացուցիչ մաս կազմող անկողնու բուրդն ընտրվում էր ամենայն մանրամասնությամբ՝ առավել հարգի էին ամբողջական, մեծ կտորներից բաղկացած բրդի տեսակները: Շատ մանր բուրդն օգտագործում էին վերմակներ կարելու նպատակով:

Կանանց գործը հեշտացնող արհեստական նյութերից պատրաստված, հեշտ լվացվող, զանազան այլ գործառույթներ չպահանջող անկողնային պարագաները շատերի կենցաղից դուրս մղեցին բուրդը: Խանութներում պատրաստի հագուստի առկայությունը նույն կերպ «վարվեց» շյուղերի եւ տատիկների հոգատարության խորհրդանիշ բրդյա ջեմպերների, շարֆերի ու գուլպաների հետ: «Իսկ հիմա, շնորհիվ մեր գործարանի, կարելի է ասել, որ բուրդը կրկին վերադառնում է կենցաղ»,- ժպտալով նկատում է Ամասիայի բրդի գործարանի տնօրեն Անդրանիկ Թադեւոսյանը: Բրդի նորաստեղծ գործարանն ունի 20 աշխատակից, եւս երեք՝ ֆինանսիստի, ներկողի եւ վաճառքի գծով մասնագետի կարիք ունեն, որի բացը կլրացնեն առաջիկայում: 

«Վաճառքի գծով մասնագետի եւ ֆինանսիստի տեղի համար մրցույթ ենք հայտարարել, ներկողի տեղի համար երեք հայտատու ունենք, որ վերապատրաստում են անցել «Կենաց տուն» կազմակերպությունում՝ ընտրելու ենք լավագույնին: Մեզ մոտ քիմիական ներկերի օգտագործումը բացառվում է: Պահանջ է դրված աշխատել միայն բնական ներկանյութերի հետ, որ հիմնականում ստանում ենք բույսերից: Գիտե՞ք, նույն բույսից հնարավոր է լրիվ տարբեր երանգներ ստանալ, նայած թե թարմության ինչ աստիճան ունի. այս նրբությունները պարտադիր պետք է հաշվի առնի մասնագետը»,- բացատրում է զրուցակիցս:

Անցած 4-5 ամիսների ընթացքում գործարանը մթերել է 7 տոննա բուրդ 150 ֆիզիկական անձից՝ կգ-ը 300 դրամով: Տնօրենի փոխանցմամբ, սկզբում բավականին դժվարություններ են ունեցել, մարդիկ թերհավատությամբ են վերաբերվել իրենց գործունեությանը: «Հայտարարություն էինք տվել, գյուղապետերն իրենց հերթին էին հորդորում, որ բուրդը հանձնեն, բայց էլի սկիզբը շատ դանդաղ էր: Հիմա, որ մեր լիմիտը պրծել է, էս պահին էլ չենք ընդունում՝ ամեն օր զանգում են, գալիս են, առաջարկում են: Մարդիկ երեւի չէին հավատում, թե աշխատելու ենք, եւ նորմալ էլ գործ է լինելու, բայց էս ընթացքում հասցրեցինք վստահություն ձեռք բերել»,- ասում է Անդրանիկ Թադեւոսյանը:

Բրդյա թել, գործվածք եւ կիսաֆաբրիկատ՝ անկողնային պարագաների համար, սա դեռ ոչ ամբողջական ցանկն է ապրանքատեսակների, որ կարող է առաջարկել Ամասիայի բրդի գործարանը: «Ես երկար տարիներ զբաղվել եմ գորգագործությամբ, բայց ճիշտն ասած չէի պատկերացնում, թե էլ ինչեր կարելի է ստանալ բրդից՝ թաղիքե ոտնամաններ, կիսաթեւ բաճկոններ եւ այլն: Մոսկվայում գտնվող մի ֆիրմա մեզնից, որպես նմուշ, կիսաֆաբրիկատ բուրդ էր ուզել անկողնային պարագաների համար: Ուղարկել ենք, իրենք արդեն փորձարկել են եւ շուտով պատվեր կունենանք: Այսինքն սկսում ենք մրցակցել սինթետիկ վերմակների հետ,- նշում է զրուցակիցս,- մեր բրդյա վերմակներն էլ կարելի է նույնությամբ լվանալ լվացքի մեքենայով, չորացնել առանց խնդրի»:

Ամասիայի բրդի գործարանում, որպես հումք օգտագործում են տեղական ոչխարի կոշտ բուրդը: Տնօրենի փոխանցմամբ, գործարանում առկա սարքավորումները առավել հարմարեցված են բրդի այդ տեսակին, եւ խնդիրներ են ստեղծում առավել նուրբ բրդատեսակի դեպքում: Օրինակ է բերում կորիդել ոչխարի բուրդը, որի հետ աշխատելիս ունեցել են դժվարություններ: Մյուս պրոբլեմը հանձնվող բրդի մաքրությունն է: «Մեր մոտ բացակայում է ոչխարի պահման մաքրության կուլտուրան: Բրդին կպած փուշն էդքան չի խանգարում, որքան ոչխարի սեփական կեղտը, որ գյուղացին չի մաքրում, բուրդն էդ ձեւով բերում է: Հասկանում ենք, որ մարդիկ հնարավորություն չունեն կենդանուն լողացնեն, նոր խուզ իրականացնեն, սակայն պիտի գոնե հետեւեն մաքրությանն, այլապես կորուստները հանձնվող բրդի մեծ է լինում»: Անդրանիկ Թադեւոսյանն ասում է, որ մրցույթ են հայտարարել շրջիկ ծառայություն ունենալու համար, որը կապահովեր գյուղերում եւ խուզը, եւ մաքրության հարցը: Դիմողներ եղել են, սակայն դիմումատուները չեն կարողացել հիմնավոր ծրագիր ներկայացնել: 

Մեկնաբանություններ (2)

Հովհաննես
Բարև ձեզ, կարեք էք տրամադրել հեռսխոսահամար, ունեմ գործնական առաջարկ:
Հեղինե Եղյան
Բարև ձեզ մենք ընտանիքով արդեն տարիներ շարունակ զբաղվում ենք ոչխարաբուծությամբ ,բայց խնդիր ունենք բրդի մթերման հարցում,տարիներ շարունակ արդեն հավաքվել է տոննաից ավել բուրդ:Խնդրում եմ օգնեք մեզ այդ հարցում:Կանխավ շնորհակալություն:093 50 64 57

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter