HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության ծառայողը, 10 ամիս աշխատանքի չներկայանալով, ստացել է 1,2 մլն դրամ աշխատավարձ (տեսանյութ)

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ջոկի հրամանատարը, առանց ղեկավարությանը զեկուցելու, 2018 թվականի մայիսին մեկնել է Մոսկվա։

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, այնտեղ կատարել է ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն՝ կաշառք տալը, ինչի համար նույն թվականի հուլիսին Մոսկվայի Չերտանովսկիի շրջանի դատարանի վճռով դատապարտվել է 10 ամիս ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո ՊՊԳՎ ջոկի հրամանատար ոստիկանության ենթասպան վերադարձել է Հայաստան և շարունակել ծառայությունը։

Պարզվել է նաև, որ ծառայողի անմիջական ղեկավար վաշտի հրամանատարը և ոստիկանության ՊՊԳՎ անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի պետը, ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, տևական ժամանակ չեն ստուգել ջոկի հրամանատարի ծառայությունը և չեն պարզել ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավարությանը չեն զեկուցել նրա ծառայության չներկայանալու մասին։

Ըստ հաղորդագրության՝ արդյունքում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ջոկի հրամանատարը շուրջ 10 ամիս բացակայել է ծառայությունից, ստացել 1 մլն 290 հազար դրամ աշխատավարձ, ինչով պետությանը պատճառվել է խոշոր չափով վնաս։ Ավելին՝ ջոկի հրամանատարի աշխատանքի չներկայանալու հանգամանքը թաքցնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթերում մտցվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքին, ռազմամթերք ստանալու ու հրաձգության վարժություններին նրա մասնակցության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ։

Ջոկի հրամանատարը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։

Դեպքերի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter