
Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը օրինականացրել է ինքնակամ կառույցը
Ալավերդի համայնքի 2020թ.-ի բյուջեի նոյեմբերի 28-ի հանրային քննարկմանը «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն, գործարար Սոս Սիրադեղյանը մասնակիցներին խնդրեց հանդես գալ բյուջեում նոր եկամուտներ ներգրավելու առաջարկությամբ:
Ինքը՝ Ս. Սիրադեղյանը, ներկայացրեց երկու առաջարկություն: Ալավերդիում բազմաթիվ տաքսի մեքենաներ կան, որոնք ավագանու որոշմամբ տարեկան լիցենզիայի տուրք պետք է վճարեն համայնքի բյուջե:
«Երկու տարի է՝ ես իմ տաքսի սերվիսով էդ տուրքը չեմ վճարում՝ այն դեպքում, երբ նախկինում ես այդ տուրքը պարտաճանաչ վճարում էի: Մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ, ինձ անհագստացնողներ չեն եղել»,- հայտնեց գործարարը:
Սոս Սիրադեղյանի առևտրի կենտրոնը գտնվում է Ալավերդու Ս./ Սարահարթ թաղամասի հրապարակի հարևանությամբ: Նա նկատել է, որ հրապարակում ամեն օր կանգնում է շուրջ 32 տաքսի: Պարզել է, որ նրանցից համայնքի բյուջե լիցենզիայի տուրք են վճարում միայն երկուսը: Ս. Սիրադեղյանը Սասուն Խեչումյանին նաև առաջարկեց հողի օտարման իրական աճուրդներ իրականացնել և աճուրդի մասին մարդկանց պատշաճ տեղեկացնել:
«Համայնքից հողամաս են առնում մինիմում գնով, մեկ ամիս հետո այն վաճառում են 5-10 անգամ ավել գնով: Այդ գումարը, այնպես արեք, որ համայնքի բյուջե գա, ուսումնասիրեք նաև օտարվող հողի շուկայական գինը»,- առաջարկեց գործարարը:
«Համայնքապետը դժկամությամբ ընդունեց առաջարկությունները. «Պարոն Սիրադեղյան, իմ ազնվության չափը դուք գիտեք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ս. Խեչումյանն այս տարվա օգոստոսի 27-ի իր որոշումով Թումանյան փողոցի N 103/1 հասցեում գտնվող 0,01125 հա հողամասը 371 250 դրամ արժեքով հասարակական օբյեկտ կառուցելու նպատակով վաճառել է «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի «Գրիմում գրուպ» ՍՊԸ-ին: «Գրիմում գրուպ» ՍՊԸ-ն դեղերի մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն է: Սասուն Խեչումյանն ու Ստեփան Մոսինյանը մտերիմ ընկերներ են: Ս. Խեչումյանը Ստեփան Մոսինյանի քրոջ ամուսնուն՝ Ալավերդու համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ավագ մասնագետ Հրայր Նազարյանին վաճառած Թումանյան փողոցի երկաթգծի պաշտպանական գոտու՝ Ալավերդի քաղաքում հողի շուկայական ամենաթանկ գին ունեցող հատվածի՝ 51/6 հասցեի 80 քմ մակերեսով հողամասը, վերավաճառելու նպատակով իր 2019թ.-ի փետրվարի 27-ի որոշումով վերաբաժանել է 44 քմ և 36 քմ մակերեսների: Հիշեցնենք, որ Թումանյան փողոցի այդ հասցեում հողի 1 քմ-ն վաճառվում է մինչև 250 դոլարով: Վերաբաժանված 44 քմ մակերեսով հողամասին նա տրամադրել է 51/6-2 փոստային հասցեն, իսկ 36 քմ մակերեսով հողամասին՝ 51/6-1 փոստային հասցեն: Համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վալերիկ Մինասյանի ասելով ՝ Հրայր Նազարյանի անունով վերաբաժանված 44 քմ մակերեսով հողամասը արդեն վերավաճառված է շուկայական գնով: Ս. Խեչումյանը 2018թ.-ի հոկտեմբերի 15-ի իր որոշումով համայնքի սեփականություն հանդիսացող Ս./Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցի արևելյան մասում գտնվող 0,004466 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 21 հազար դրամ վարձավճարով տրամադրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանին:
Ս. Խեչումյանը օրինականացրել է ինքնակամ կառույցը՝ մայթի տարածքով: Ալավերդի համանքի ավագանու նախկին անդամ, ներկայում Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Էվոյանը 2017թ.-ին Թումանյան փողոցի գծանցի կամրջի մոտ, տրանսպորտային միջոցներով գերբեռնված ճանապարհի մայթին կառուցել է 39,8 քմ արտաքին մակերեսով շինություն: Սասուն Խեչումյանը ինքնակամ կառույցը երթևեկությամբ ծանրաբեռնված մայթից քանդելու փոխարեն, 2018թ.-ի հունիսի 25-ի որոշումով օրինականացրել է: Համայնքապետը իր որոշման մեջ երթևեկելի տարածքը համարել է Գագիկ Էվոյանին պատկանող սեփական հող: Ինքնակամ կառույցի օրինականացման համար Սասուն Խեչումյանը Գագիկ Էվոյանից պահանջել է 87 560 դրամ վճարել համայնքի բյուջե:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը ավագանու անդամ Գագիկ Էվոյանին ուղղակի վաճառքով, 243 հազար դրամ կադաստրային արժեքով վաճառել է Ալավերդու Թումանյան փողոցի հարավարևմտյան մասում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը: Վաճառելուց հետո հողամասին տրամադրվել է Թումանյան 89 հասցեն: 2014 հոկտեմբերի 8-ի որոշումով Արտավազդ Վարոսյանը Թումանյան փողոցի 35/2 հասցեում գտնվող 30 քմ մակերեսով հողամասը 69 հազար դրամով օտարել է Գարիկ Էվոյանին՝ խանութ -սրահ կառուցելու համար: Ավագանու անդամ Հարություն Ձավարյանի խոսքով՝ համայնքապետարանի վարձակալությամբ տված հողերի վրա թույլ է տրվում կառուցել շինություններ: Կարճ ժամանակ անց հողը վարձակալած բնակիչները դիմում են համայնքապետին ինքնակամ կառույցը վարձակալած հողի հետ օրինականացնելու պահանջով:
«Մարդիկ հողի կադաստրային արժեքը վճարում և դառնում են վարձակալած հողի սեփականատեր»,- ասում է Հարություն Ձավարյանը: Իր պաշտոնավարման երկու տարիներին Սասուն Խեչումյանն օրինականացրել է մոտ 60 ինքնակամ կառույց: Նա 2018թ.-ի դեկտեմբերի 13-ի իր որոշումով Թումանյան փողոցի հարավային մասում գտնվող ինքնակամ կառուցված 26,15 քմ մակերեսով ծածկարանը առանց ավագանու քննարկման ներկայացնելու, ճանաչել է համայնքի սեփականություն: Ապա օրինականացրել է ծածկարանը իր 40քմ մակերեսով հողամասով և վերջինիս տվել է Թումանյան 64/3 փոստային հասցեն: Նա իր որոշման մեջ հանձնարարել է քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Դավիթ Ծատինյանին, օրինականացրած ծածկարանը և սպասարկման համար զբաղեցրած 40 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով ձեռք բերելու համար ներկայացնել գնման գրավոր առաջարկություն՝ իր նախապատվությամբ:
Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ կադաստրում մերժել են համայնքապետի այս որոշումով առաջարկվող գրանցումը:
Մեկնաբանել