HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արայիկ Հարությունյան. «Այո, ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բերման ենթարկված իր տեղակալի գործի մասին մանրամասներ չի ուզում ասել, սակայն վստահեցնում է` անկախ նրանից, թե ով կլինի կոռուպցիայում ներգրավված, միևնույնն է, պատասխանատվության է ենթարկվելու:

«Պետք է սահմանափակվենք ԱԱԾ-ի տարածած հայտարարությամբ, մեկ օր է ընդամենն անցել այդ դեպքից, երկրորդ` կա անմեղության կանխավարկած, բայց միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ով է տվյալ պաշտոնյան, պետք է պատասխանատվության ենթարկվի (նկատի ունի կոռուպցիայում ներգրավված պաշտոնյաներին,- հեղ.): Սակայն կոնկրետ այս գործի մասին չէ խոսքը, որովհետև առայժմ միայն ԱԱԾ-ի հայտարարությունն է եղել»,- խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Դիտարկմանը, որ վարչապետի խոսքով` կոռուպցիոներների «թաթիկները կտրվելու են», արդյոք համակարծիք է վարչապետի հետ, նախարարն արձագանքեց.

«Այո, ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն»,- ասաց նա` հավելելով, որ ամենաշատ քրեական գործերը, որոնք առնչվում են կոռուպցիային, հարուցվել են կրթության ոլորտում:

Նախարարը նաև հայտնեց, որ փոխնախարարի առնչությամբ գործի մասին ԱԱԾ-ի հաղորդագրությունից չի տեղեկացել:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է փոխնախարարն իրեն կցված ծառայողական մեքենա և վարորդ ունեցել` այն դեպքում, երբ հայտարարվել է, որ փոխնախարարները չեն ունենալու ծառայողական մեքենա, նախարարը պատասխանեց` իր վարորդը չի եղել, նախարարության ենթակա հերթապահ մեքենաներից է եղել: Արայիկ Հարությունյանը նաև վստահեցրեց` որևէ փոխնախարարին ծառայողական մեքենան ոչ տնից աշխատանքի է տանում, ոչ էլ` աշխատանքից տուն, այդ պահին էլ Լոռեցյանը Պետական գույքի կոմիտե է գնալիս եղել:

Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ինչից հետո ՀՀԿ-ն այն որակեց որպես քաղաքական հետապնդում, Հարությունյանն ասաց.

«ՀՀ-ում առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չկան, չեն եղել ու չեն լինելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter