HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել

Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հերթական որոշումն է կայացրել Հայաստանի դեմ: ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածներով երաշխավորված՝ արդար դատաքննության (հոդված 6), ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու (հոդված 8) իրավունքների խախտում: ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում դիմողին վճարել 1200 եվրո գումար:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Կ. Համբարձումյանն աշխատելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում որպես կանանց տեղամասի պետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անհրաժեշտ գործողություններ կատարելուն նպաստելու համար կրկին ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Մասնավորապես՝ նա պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի` իր ղեկավարած տեղամասի դատապարտյալ Ա. Ս.-ի հետ վերջինիս օգտին կատարել է մի շարք գործողություններ՝ կարճաժամկետ արձակուրդի տրամադրում, բաց ռեժիմ փոխադրում և այլն, որոնց դիմաց ստացել է խոշոր չափի գումարներ:

2010թ. փետրվարի 4-ին, նախօրոք պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Չարենցի փողոցում 23 հազար 800 ԱՄՆ դոլարը ստանալու պահին բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության համապատասխան ծառայության աշխատակիցների կողմից։

Նախաքննության ընթացքում ամբաստանյալ Կ. Համբարձումյանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել և, ըստ մեղադրական եզրակացության, ցուցմունք է տվել այն մասին, որ դատապարտյալն իր տունը գրավից հանելու համար է գումարներ խնդրել, ով էլ իր ընկերուհիներից պարտքով վերցրել և տվել է դատապարտյալին։ Որևէ կաշառք չի պահանջել և չի ստացել, իսկ 2010թ. փետրվարի 4-ին իրեն բերման են ենթարկել դատապարտյալի կողմից պարտքերը վերադարձնելուց հետո:

Նշենք, որ ոստիկանությունում հատուկ մշակված թղթադրամներով է վճարվել ընդհանուրը 23 հազար 800 դոլարը, բացի այդ գումարը տալու ժամանակ հատուկ սարքերով տեսաձայնագրվել է խոսակցությունները, գաղտնալսվել են Կ. Համբարձումյանի հեռախոսային խոսակցությունները:

Կ. Համբարձումյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանում պնդել է, որ իր պաշտպանյալի գործողություններում կաշառքի հանցակազմ կարող էր առկա լիներ, եթե գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվեր, որ գումարը նրան տրվել է այնպիսի արարքների համար, որոնք թեև չեն մտել նրա լիազորությունների մեջ և ինքը չէր կարող անձամբ կատարել դրանք /կարճաժամկետ մեկնում տրամադրել, բաց տեսակի ՔԿՀ տեղափոխել կամ վաղակետ պայմանական պատժի կրումից ազատել/, սակայն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` նպաստել է այլ պաշտոնատար անձանց, պետական ծառայողներին կաշառք տվողի օգտին այդպիսի արարքների կատարմանը:

Բացի այդ, գտել է, որ Կարինե Համբարձումյանը իրավապահ մարմինների կողմից տեսանկարահանվել և ձայնագրվել է, նրա հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր իրավունքների և ազատությունների էական խախտմամբ: Այն է՝ իրեն ձայնագրելու և տեսանկարահանելու համար դատարանի համապատասխան որոշման բացակայության պայմաններում և այդ նյութերը հետագայում դրվել են նրա մեղադրանքի հիմքում: Նշված նյութերը, որպես ապացույցներ օգտագործման համար անթույլատրելի են:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2010թ. նոյեմբերի 9-ին Կ. Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման 9 տարի ժամկետով` ութ միլիոն դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի վերաքննիչ բողոքը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2010թ. դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ: Իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է:

Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարությունն ընդունել է, որ Կ. Համբարձումյանի իրավունքներին միջամտություն է եղել՝ գաղտնալսման, տեսաձայնագրելու իմաստով: Այնուամենայնիվ, համարել են, որ նման միջամտությունն արդարացված է եղել և առկա է եղել դատարանի որոշում: Մինչդեռ պաշտպանական կողմը պնդել է, որ դատարանի որոշման մասում նշված չի եղել Կ. Համբարձումյանի անունը որպես այն անձն, որի նկատմամբ ձայնագրությունն ու տեսագրությունը թույլատրվել է իրականացնել ոստիկանության կողմից:

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ քաղաքացիների նկատմամբ գաղտնի հսկողություն իրականացնելու իրավասությունները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն հանդուրժվում են այնքանով, որքանով դրանք խստագույն անհրաժեշտ են ժողովրդավարական հաստատությունների պահպանման համար: Գործնականում սա նշանակում է, որ չարաշահման դեմ պետք է լինեն համարժեք և արդյունավետ երաշխիքներ: Իսկ գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են հնարավոր միջոցառումների բնույթը, շրջանակը և տևողությունը, դրանց պատվիրման համար պահանջվող հիմքերը, դրանց լիազորությունները թույլատրելու, իրականացնելու և վերահսկելու իրավասու մարմինները, ինչպես նաև այն միջոցները, որոնք նախատեսված են ներպետական օրենքներով:

«Դատարանն այն կարծիքին է, որ գաղտնի վերահսկողությունը լուրջ միջամտություն է անձի անձնական կյանքի հարգանքի իրավունքի նկատմամբ, դրա հիմքում ընկած դատական ​​թույլտվությունը չի կարող կազմվել այնպիսի մշուշոտ պայմաններով, որոնք տեղ են թողնում շահարկումների և ենթադրությունների համար՝ հաշվի առնելով դրա բովանդակությունը և, ամենակարևորը, այն անձին, ում նկատմամբ կիրառվում է տվյալ միջոցը»,- նշել է ՄԻԵԴ-ը և արձանագրել, որ Կ. Համբարձումյանի գաղտնի վերահսկողության թույլտվությունը պատշաճ ընթացակարգերով չի անցել և գրանցել իրավունքի խախտումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter