HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև ՀՅԴ երիտասարդական միության հավաքի վերաբերյալ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել 2019 թ․ դեկտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպված հավաքի վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«2019 թ․ դեկտեմբերի 3-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից կազմակերպվել էր հավաք, որի նպատակն էր հանդիպել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և ներկայացնել իրենց պահանջները։ Հավաքի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդության ընթացքում արձանագրվել են մասնակիցների՝ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ ոչ համաչափ միջամտություններ։ Մասնակիցների կողմից Վ․ Սարգսյան փողոցի երթևեկելի հատվածում նստացույցը սկսելուց գրեթե անմիջապես հետո ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջել է հեռանալ փողոցից։ Թեև պահանջը միայն փողոցի երթևեկելի հատվածն ազատելն էր, հավաքի մասնակիցների կողմից պահանջը չկատարելուց հետո ոստիկանությունը նստացույցի մասնակիցներից մոտ երկու տասնյակի բերման ենթարկեց։ Ոստիկանության կողմից մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում (ժամը 16։30-17։30-ի սահմաններում) առանձին դեպքերում ոստիկանության կողմից կիրառվել է կոպիտ, անհամաչափ ուժ։ Գտնում ենք, որ նշված գործողությունը վարչարարության տեսակետից անհրաժեշտ չէր, քանի որ այլ եղանակով ոստիկանությունը կարող էր հասնել իր առջև դրված նպատակին՝ փողոցի երթևեկությունը վերականգնելուն։ Հավաքի վայրում ոստիկանության ներկա ուժերը (ըստ դիտարկման՝ ավելի քան 200, տարբեր ստորաբաժանումներից, ներառյալ՝ հատուկ գումարտակից) բավարար էին այլ եղանակով մասնակիցներին երթևեկելի հատվածից հեռացնելու և վերջիններիս կողմից փողոցը կրկին փակելը թույլ չտալու համար (օրինակ՝ մայթեզրի երկայնքով շղթա կազմելով, ինչը արդյունքում արեցին ոստիկանության ծառայողները)։ Հաշվի առնելով, որ նստացույց իրականացնող մասնակիցների մոտ կեսը բերման են ենթարկվել, ոստիկանության գործողությունները հանգեցրել են հավաքի փաստացի դադարեցման»,- նշված է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։