HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել` զինծառայողին ինքնասպանության հասցնելը

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Քրեական օրենսգրքով սահմանել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար խիստ պատժաչափեր: Առաջարկվում է «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների» գլխում (Քրեական օրենսգիրք) որպես ինքնուրույն հանցակազմ սահմանել զինծառայողին ինքնասպանության հասցնելը:

Նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ բանակում ինքնասպանությունների թիվը խիստ մտահոգիչ է, 2018-ին արձանագրվել է ինքնասպանության 11, 2019-ի այս պահի դրությամբ` 10 դեպք է եղել:

«Ամենացավալին այն է, որ թշնամու կրակոցից ավելի քիչ է զինվոր զոհվում, քան ինքնասպանությունների, բանակում գործող ոչ կանոնադրական հարաբերությունների, բանակային ենթամշակույթի պատճառով»,- ասաց Զոհրաբյանը:

Առաջարկվում է Քրեական օրենսգիրքն ավելացնել 260.1 հոդվածով` զինծառայողին ինքնասպանության հասցնելը: Ըստ նախագծի` զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից` պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տաս տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

«Պիտի խստացնել պատժաչափը, որ այն լինի զսպող օղակ այն զինվորի, հրամանատարի, կամանդիրի համար, ով կարծում է` զինվորը իր ենթական է կարող է պարբեբարար նվաստացնել նրան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Տեղեկացնենք, որ գործող իրավակարգավորմամբ` զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից` պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter