HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երթեւեկության համար անպիտան դարձած Կապս-Ջրաձոր 5,7 կմ ճանապարհն ասֆալտապատվել է

Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա 25 կմ միջպետական ճանապարհի Կապս-Ջրաձոր հատվածը՝ 5 կմ 700 մետր, հնարավոր եղավ հիմնանորոգել միայն այս տարի՝ պետբյուջեի տրամադրած գումարների հաշվին: Երթեւեկության համար այլեւս անպիտան դարձած, 30 տարուց ավելի ասֆալտի երես չտեսած ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ծախսվել է 665 մլն 700 հազար դրամ: Բացի ասֆալտապատումից, ոլորապտույտ հատվածներում տեղադրվել են բետոնյա նոր հենապատեր՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով: Աշխատանքներն ավարտվել են մեկ շաբաթ առաջ:

«Մարզին հատկացված սուբվենցիոն գումարների շնորհիվ է հնարավոր եղել իրականացնել ծրագիրը,- հայտնեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը,- ընդհանուր առմամբ 24 կմ ճանապարհի վրա է ծախսվել գումարը: Ընտրել ենք մարզում էն ճանապարհահատվածները, որոնք այլեւս հնարավոր չէր փոսալցումներով երթեւեկելի դարձնել: Կապս-Ջրաձոր ճանապարհն հենց այդպիսին էր՝ ընդհանրապես անանցանելի էր դարձել»:

Ջրաձորի շարունակությունը կազմող Արեգնադեմ-Ամասիա մոտ 8 կմ անբարեկարգ ճանապարհը նախատեսված է ասֆալտապատել 2020թ-ին՝ նախագծանախահաշվային աշխատանքներն են ներկայում իրականացվում: Գրեթե ամեն տարի քննարկվող Ամասիա-Արփի լիճ ճանապարհի ասֆալտապատումը, որ պիտի աշխուժացնի տարածաշրջան տուրիստական խմբերի այցերը, հաջորդ տարվա ծրագրերում դարձյալ ընդգրկված չէ:

«Հաջորդ տարվա համար արդեն իսկ նախատեսել ենք Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Աշոցքի հատվածում ասֆալտապատում իրականացնել եւ Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհի Իսահակյան գյուղի հատվածում,- նշեց Խաչատուր Խնձրցյանը,- այս տարի նորոգվել է Վարդաղբյուրից մինչեւ Աշոցք 7 կմ 800 մ հատվածը եւ Գյումրուց Վանաձոր գնացող ճանապարհի 10 կմ 300 մ հատվածը: 2020թ-ին քննարկվում է ծրագիր մտցնել Մարմաշեն վանական համալիր տանող 2,4 կմ ճանապարհը, որ տուրիստական երթուղի է, շատ են այցելում, ճանապարհից դժգոհություններն էլ շատ են»:

Արդյո՞ք Կապսի ջրամբարի կառուցումը, որի մեկնարկն ամեն տարի հետաձգվում է, չի զրոյացնի Կապս-Ջրաձոր ճանապարհի վրա կատարած ծախսերը: Խաչատուր Խնձրցյանը դժվարացավ մեկնաբանել՝ նշելով, որ ջրամբարի կառուցման ծավալների հետ է կապված, եթե կառուցվի 25 մլն խմ ծավալով, ապա նշված հատվածին չի հասնի, բայց եթե որոշեն 60 մլն խմ ծավալով, ապա հնարավոր է, որ ջրածածկ լինի: «Ամեն դեպքում կառուցման աշխատանքները սկսված չեն, իսկ ճանապարհի նորոգումն անհրաժեշտություն էր»,-փոխանցեց պաշտոնյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter