HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սրբուհի Գալյան. «Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի վարչապետի աշխատակազմ»

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝  շահագրգիռ պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակում: 

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և վստահություն հայտնել, որ շահագրգիռ կողմերի աջակցությամբ մշակված Նախագիծը համահունչ կլինի եվրոպական և միջազգային ստանդարտներին:

Փոխնախարար Գալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին, Եվրոպական միությանը ցուցաբերած մշտական աջակցության համար, Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին, ինչպես նաև աշխատանքային խմբի բոլոր անդամներին՝ տքնաջան աշխատանքի ու ներդրած ջանքերի համար: 

Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ներկայում կատարվում են Նախագծի լրամշակման ու ամփոփման աշխատանքներ, որոնք ավարտելուց հետո այս տարի այն կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ: 

ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան նշել է, որ Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներն այս տարի ակնհայտ առաջխաղացում են գրանցել: Այդ համատքստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կարևորել է նաև քրեական դատավարության ոլորտի բարեփոխումներն ու Նախագծի մշակումը:

Այնուհետև, Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանն ու ԵԽ միջազգային փորձագետ Լորենա Բախմայերը մասնակիցներին ներկայացրել են օրակարգային հարցերն ու անդրադարձել վարույթի մասնավոր մասնակիցների և վարույթին օժանդակող անձանց իրավունքներին և պարտականություններին, ձերբակալման և խափանման միջոցների կիրառման իրավաչափության երաշխիքներին, դատական վարույթներում մրցակցության ապահովմանն ու առանձին խոցելի խմբերի իրավաչափ շահերի պաշտպանության հավելյալ երաշխիքներին:

Հանդիպման ընթացքում շահակից կողմերը բարձրացրել են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին առնչող մի շարք հարցեր, ինչպես նաև հանդես են եկել առաջարկներով:

Ծրագիրը նպաստում է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացին՝ տրամադրելով օրենսդրական, մեթոդաբանական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված աջակցություն: Ծրագրի կողմից նաև տրամադրվում է փորձագիտական աջակցութուն քրեական օրենսդրության մշակման և կիրառման ողջ գործընթացի ընթացքում: Սա ներառում է նաև Արդարադատության ակադեմիայում դատավորներին և դատական ծառայողներին վերապատրաստելու, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտի կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն ուղղված գործողություններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter