HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է հատուցում տրամադրել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին. ՊՆ-ն դեմ է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի շրջանակում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։

Նախագիծը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Վերջինիս խոսքով` իրենք առաջարկում են սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում սահմանել 35 միլիոն դրամ, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25 միլիոն դրամ, կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15 միլիոն դրամ փոխհատուցում:

«Անկախ նրանից՝ զինվորին ինչ ծավալի վնաս է հասցվել, պետությունը պարտավոր է պահպանել ու պաշտպանել տվյալ զինծառայողի առողջությունը մինչ նրա ամբողջական կազդուրվելը»,- ասաց Թանդիլյանը` հավելելով, որ նախագծի վերաբերյալ բավականին շատ քննարկում են ունեցել ոլորտային հանձնաժողովում: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիփան Փաշինյանը հետաքրքրվեց, թե կան, արդյոք, հաշվարկներ՝ նախագծի ընդունվելուց հետո որքան շահառու է ընդգրկվելու:

«Թվերը չհնչեցնելու համար ասեմ, որ շատ ավելի փոքր թիվ է, քան ես էի նախատեսել, իսկ ես նախատեսել էի տարեկան քսան հոգու համար փոխհատուցում: Եթե ենթադրենք, որ տարեկան քսան հոգի է, մեկ տարվա ծախսը կկազմի 130 միլիոն դրամ»,- արաձագանքեց Թանդիլյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը` առաջարկելով  կողմ քվեարկել նախագծին:

«Սա ուղերձ է, որ դուք կարևորը առողջ վերադարձեք տուն, չենք ուզում մտածեք, որ պետք է ծանր-ծանր վիրավորում ստանաք կամ զոհվեք, որ աջակցություն ստանաք: Մենք միայն առողջ կլինենք, որ առողջանաք, բայց եթե երեք ամիս այդ թոշակի կարիքը լինի, պետությունը պետք է վճարի»,- ասաց նա` դիմելով զինծառայողներին:

Կառավարությունը, սակայն, այս մոտեցումը չի կիսում: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց գործադիրի բացասական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

«Մենք գտնում ենք, որ նշված նախագծով հիմնադրամի հիմնադրման ժամանակ դրված նպատակներից շեղում է արձանագրվում»,- ասաց նա:

Բալայանի խոսքով` նման փոփոխությունը հիմնադրամի գործունեության մեջ հնարավոր հետագա ռիսկերն ավելի է մեծացնում:

«Գործադիր իշխանության քաղաքականությունը նշված ոլորտում հետևյալն է` ոչ թե մեծացնել շահառուների շրջանակը, այլ ինչքան հնարավոր է հետ գնալ: Մենք հանձնառություն ենք վերցրել, որ առաջիկա երկու-երեք տարիներ ընթացքում շահառուների ընդգրկման ժամկետը իջնելու է մինչև 1992  թվականի մարտական գործողությունների սկիզբը»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարի խոսքով` եթե ստեղծվի իրավիճակ, երբ հիմնադրամի մուտքերը դադարեն, վերջինս պետք է կարողանա ստանձնել իր պարտավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter