HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը. դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքե՞ր, թե՞ պատրվակներ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստն այսօր Վերաքննիչ դատարանում տևեց շուրջ երկու ժամ: Այդ ամբողջ ընթացքում քննության առարկա էր Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատախազությունն ու տուժողները պնդում էին, որ Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր կան, իսկ պաշտպանական կողմը պնդում էր, որ ոչ թե նմանատիպ հիմքեր կան, այլ սոսկ ինքնաբացարկ հայտնելու պատրվակներ:

Դատախազության և տուժող կողմի մատնանշած հիմքերը ինքնաբացարկի վերաբերյալ

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրած դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչ են դատավորի անկախությունն ու անաչառությունը:

«Եվրոպական դատարանի իրավունքի վերլուծությունը թույլ է տալիս նշել, որ դատավորի անաչառությունը գնահատելու երկու մոտեցում կա՝  ներքին կամ սուբյեկտիվ և արտաքին կամ օբյեկտիվ: Սուբյեկտիվ մոտեցման էությունն այն է, որ թույլ է տալիս պարզել՝ իրականում դատավորն անաչառ է, թե ոչ, ես դրա վրա չեմ ցանկանում կենտրոնանալ: Մյուս մոտեցումն օբյեկտիվ մոտեցումն է, որի հիմքում հիմնականում արտաքին գործոններն են, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն, և այս մոտեցման էությունն այն է, որ թույլ է տալիս պարզել՝ արդյոք կա՞ն բավարար երաշխիքներ, որոնք կարող են չեզոքացնել դատավորի կողմնակալության վերաբերյալ կասկածները»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը: Վերջինս, հղում կատարելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, նշեց, որ ցանկացած դատավոր, որի կողմնակալության վերաբերյալ օրինական կասկածներ կան և չկան բավարար երաշխիքներ, որոնք կարող են այդ  կապակցությամբ մտավախությունները չեզոքացնել, պետք է հեռանան գործի վարույթից:

Դատախազը նշեց, որ ՄԻԵԴ-ի այս մոտեցումներին համապատասխան Հայաստանի օրենսդրությամբ ևս սահմանվում է, որ «դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքներից, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկած հարուցել նրա անաչառության վերաբերյալ»:

Դատախազը, բառացի ընթերցեց լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումն այն մասին, որ դատավոր Մխիթար Պապոյանն Ազգային անվտանգության ծառայությանը հանցագործության մասին հաղորդում է տվել: Նշենք, որ հաղորդման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրառում է կատարել այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, որը, հիշեցնենք, հրապարակել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, գրել են դատավոր Մխիթար Պապոյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի ևս երկու այլ դատավորներ՝ Արշակ Վարդանյանը և Վազգեն Ռշտունին: Պապոյանը հայտարարել է, որ տեղեկությունը սուտ է և պահանջել պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի և այդ կեղծ տեղեկությունը վերջինիս հաղորդած անձի արարքներին:

Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 344-րդ հոդվածով՝ դատավորին զրպարտելը:

«Սա վկայում է այն մասին, որ տեղեկությունները, որ դուք՝ սույն գործով դատավոր Մխիթար Պապոյանը, մասնակցել եք առաջին ատյանի դատարանում կայացրած որոշման կազմմանը, քննության առարկա են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, և այդ հանգամանքը պետք է ստուգվի, շարունակվում են ստուգվել ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով: Ըստ էության, սույն գործով քննարկվող հանգամանքները վերաբերում են գործով նախկինում ձեր ունեցած համոզմունքներին, որոնց վերաբերյալ, ես ուզում եմ շեշտել, գնահատական չեմ հնչեցնում: Վերադառնալով մեր միջնորդության ամենասկզբին, ըստ որի՝ առկա են այնպիսի արտաքին գործոններ, որոնք կարող են դատավորի անաչառությունը կասկածի տակ դնել և այդպիսով վնասել նաև այն դատական ակտի հեղինակությունն ու դրա նկատմամբ վստահությունը՝ անկախ դրա բովանդակությունից, միջնորդում ենք  Ձեզ ինքնաբացարկ հայտնել»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը միացավ միջնորդությանը:

«Ինձ համար նույնպես կասկածահարույց է ձեր կողմից կայացվելիք դատական ակտը»,- ասաց Սեդա Սաֆարյանը՝ ըստ էության դատավոր Մխիթար Պապոյանին դիտարկելով դատավորների այն խմբավորման մեջ կամ մոտ այն խմբավորմանը, որը, ըստ պաշտպանի, համակրանք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Դատավոր Մխիթար Պապոյանի հարցին, թե ի՞նչ նկատի ունի տիկին Սաֆարյանը «խմբավորում» ասելով, Սեդա Սաֆարյանը պարզաբանեց, թե ինքը նկատի ունի, որ Պապոյանը, Ալեքսանդր Ազարյանը և Վազգեն Ռշտունին ուղղորդված համակրանք ունեն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Շարունակելով՝ Սեդա Սաֆարյանը նշեց, որ Մխիթար Պապոյանն ու Ալեքսանդր Ազարյանը մոտ ընկերներ են:

«Այսինքն՝ եթե ես որևէ դատավորի ընկեր եմ, ուրեմն նրան չե՞մ կարող հակառակվել կամ չե՞մ կարող նրա որոշման հետ չհամաձայնե՞լ»,- հարցրեց Մխիթար Պապոյանը։ Սեդա Սաֆարյանը նշեց, որ որպես օբյեկտիվ դիտորդ` ինքը համոզմունք ունի, որն արտահայտեց, ու քանի դեռ քննությունը չի սկսվել, իր մոտ այդ համոզմունքը շարունակում է մնալ:

Դատավոր Պապոյանը, ի գիտություն ասաց, որ դեպք է եղել՝ չի հիշում՝ մեկը, թե՞ մի քանիսը, որ ինքը բեկանել է Ալեքսանդր Ազարյանի կողմից կայացված դատական ակտերը, երբ ինքը եղել է Վերաքննիչ դատարանի դատավոր, իսկ Ալեքսանդր Ազարյանն՝ առաջին ատյանի:

Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս տուժող կողմի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր է թե՛ Սեդա Սաֆարյանի, թե՛ դատախազների կողմից նշված հիմքերով:

«Հեղափոխությունից հետո թե՛ վարչապետի, թե՛ Կառավարության կողմից փորձ է կատարվում դատական իշխանությունն անկախացնելու, անաչառ դիտորդի մոտ Ձեր կողմից կայացված դատական ակտը չպետք է կասկած հարուցի դատարանի անաչառության վերաբերյալ»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Մխիթար Պապոյանը հարցրեց՝ դատական համակարգն անկախ չէ՞, ապա  չսպասելով պատասխանի՝ ասաց, որ ինքը, քանի դեռ աշխատում է որպես դատավոր, եղել և լինելու է անկախ:

«Հարգելի՛ դատարան, ես չեմ ասում, որ դուք անկախ չեք, պարզապես  Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի մի շարք դատական ակտերով փաստվել է, որ դատական համակարգում անկախության հարց կա»,- ասաց Արա Ղարագյոզյանը, իսկ դատավոր Մխիթար Պապոյանը պատասխանեց, թե իրեն ՄԻԵԴ նման որոշում հայտնի չէ:

Քոչարյանի պաշտպաններն առարկեցին միջնորդության դեմ

Ինքնաբացարկի վերաբերյալ առարկություն ներկայացնելիս Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն, անդրադառնալով Ղարագյոզյանի կողմից ասվածին, թե վարչապետը  փորձում է դատական իշխանությունն անկախացնել, հարցրեց՝ արդյոք Ղարագյոզյանը նկատի չունի Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո դատարանների մուտքերն արգելափակելու գործողությունները:

Անդրադառնալով դատավոր Գևորգ Բաղդասարյանի միջնորդությանը՝ Հայկ Ալումյանն ասաց. «Այս միջնորդությունն իր ձևով ինքնաբացարկի միջնորդություն է Ձեզ, բայց իր իրական բովանդակությամբ, ըստ էության, հետևյալ միջնորդություն է. միջնորդում ենք գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին»,- ասաց Ալումյանը՝ միջնորդությունը որակելով որպես ակնհայտ անհիմն և նշելով, թե այն անհեթեթության հասնող օրենսդրական հիմնավորումներ է պարունակում:

«Երբ ՀՀ-ն դեռ նոր էր վավերացրել «Մարդու իրավունքների և  հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիան, դրա վերաբերյալ իրավաբանների, դատախազների, փաստաբանների, նաև դատավորների պատկերացումները բավականին մշուշոտ էին: Մի առիթով դատախազներից մեկը սկսեց հղում անել Կոնվենցիայի 6-րդ հոդվածին՝ մեղադրանքի որոշ փաստարկներ պաշտպանելու համար, և երբ փաստաբանը առարկեց դրա դեմ՝ նշելով, թե Կոնվենցիան դատախազներին չի վերաբերում, դրան ի պատասխան՝ դատախազն ասաց. «Ինչու դատախազը մա՞րդ չէ: Այդ ժամանակ բոլորը ծիծաղեցին, որովհետև դեռ բոլորը չէին հասկացել, որ Կոնվենցիայի իմաստով, այո, դատախազը մարդ չէ, դատախազը հանդես է գալիս որպես պետություն»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Կոնվենցիան մարդու համար է պետությունից պաշտպանվելիս:

Այսպիսով՝ Ալումյանը նշեց, որ դատախազներն իրենց փաստարկները ներկայացնելիս չեն կարող հղում անել Եվրոպական կոնվենցիային:

«Դատախազներն, իրենց ասածներն առավել ճշմարտանման և գուցե, դրանք եթերով հեռարձակվելու հանգամանքը հաշվի առնելով՝ առավել գրագետ ցույց տալու համար»,- շարունակում էր Ալումյանը, երբ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց նրա հայտարարության դեմ:

«Իմ միջնորդության գրագիտության հետ կապված որևէ գնահատական շատ տխուր պատասխանի կարժանանա»,- ասաց Բաղդասարյանը: Դատավոր Մխիթար Պապոյանը հավաստիացրեց, որ եթե պաշտպանի կողմից վիրավորական արտահայտություն հնչեր, ինքը կմիջամտեր: Գևորգ Բաղդասարյանի դիտարկմանը, որ դրանում ենթատեքստ կար, Պապոյանը նորից պարզաբանեց, որ պաշտպանի խոսքում վիրավորանք չկար, նրա խոսքը դատախազի գրագիտությանը չէր վերաբերում, այլ ընդամենը նա ասում էր, որ դատախազը ցանկացել է առավել գրագետ ներկայացնել ասելիքը: Հայկ Ալումյանը հավաստեց այս հանգամանքն ու շարունակեց խոսքը:

Ալումյանի խոսքով՝ եթե առաջնորդվելու լինեն այն տրամաբանությամբ, որ դատախազ Բաղդասարյանի կողմից ներկայացված հանգամանքը ինքնաբացարկի հիմք է դատավորին, ապա ցանկացած դատավորի մասին, ով ինչ-որ գործ է քննում, կարելի է նմանատիպ հրապարակում անել, և երբ դատավորը դիմի՝ քրեական գործ հարուցելու համար, նրան կարելի է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

«Եթե այդպիսի տեխնոլոգիաներ սկսեն կիրառել, ապա Հայաստանում, գուցե դատավոր չմնա»,- ասաց Հայկ Ալումյանը:

Պաշտպանը հիշեցրեց, որ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է մի գործով, որը նախաքննություն իրականացնող մարմինը կապել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Խոսքը Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործի մասին է, որոնք, հիշեցնենք, մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նրանք փորձել են դատավոր Աննա Դանիբեկյանի վրա ճնշում գործադրել:

Ալումյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, երբ այդ գործի բովանդակությունը ևս փորձ է արվել կապել Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

«Իրենք նախապես գիտեն՝ Աննա Դանիբեկյանն ինչ որոշումներ է կայացնելու»,- ասաց Հայկ Ալումյանը, ապա շարունակելով՝ նշեց, որ դատախազությունը ոչ թե պատճառ է տեսնում ինքնաբացարկ հայտնելու, այլ պատրվակ:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նկատեց, որ քրեական գործը, որին հղում են կատարում դատախազները, վերաբերում է դատավորին զրպարտելուն, և, ըստ մամուլում առկա տեղեկությունների, դա որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ արարքների առթիվ քննվող գործին: Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված փաստարկներին, որոնք իրեն հիմք են տալիս որպես անաչառ դիտորդ կասկածներ ունենալ դատավորի անաչառության վերաբերյալ, Արամ Օրբելյանը դիտարկեց, որ դատավարության կողմերից և ոչ մեկն անաչառ դիտորդ չէ, իրենք այս գործընթացների մասնակից են:

Հանգամանքը, որ դատավարության մասնակիցներն անաչառ դիտորդ չեն, ընդունեց նաև մեղադրող կողմը:

Պաշտպաններից Արամ Վարդևանյանը նշեց, որ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու օբյեկտիվ հիմքը վերաբերում է դատավորի անաչառության վերաբերյալ օրինաչափ կասկածին:

«Մեկ այլ անձի կողմից ենթադրյալ հակաօրինական արարք կատարելը չի կարող առաջացնել օրինաչափ կասկած՝ դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար»,- ասաց Արամ Վարդևանյանը: Վերջինս հարց բարձրացրեց, թե ի՞նչ կլիներ, եթե դատավոր Մխիթար Պապոյանի կողմից  հանցագործության մասին հաղորդում ներկայացված չլիներ:

«Ֆեյսբուքում ոչ միայն դատարանների, այլև դատախազների, փաստաբանների նկատմամբ կա զրպարտություն, և մենք դա դիտարկում ենք օրինական կասկածի լույսի ներքո»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը նշեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արտակ Գալստյանի կողմից իրականացված գործողությունը նախապես ծրագրված սադրանք է եղել, որպեսզի այն դատավորները, որոնք կլինեն անաչառ, չմասնակցեն այս դատական գործընթացին՝ ըստ էության նշելով, որ եթե դատավոր Մխիթար Պապոյանը բավարարի իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, ապա դա իրենց մոտ այս վարկածը կհիմնավորի:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ եթե դատավորին զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդումը և դրա վերաբերյալ քննությունը դիտարկվում է որպես նրան ինքնաբացարկ ներկայացնելու հիմք, ապա դա ևս մեկ անգամ ոտնձգություն է դատարանի նկատմամբ:

«Այս միջնորդությունն ընդամենը գործիք է՝ ազատվելու հերթական դատավորից, ով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս նշեց, որ իր կողմնակիցները կարող են Ֆեյսբուքում կարծիք հայտնել դատախազների, ցածր վարկանիշ ունեցող դատավորների վերաբերյալ, հակառակ կողմը կարող է կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների մասին:

Անդրադառնալով դատախազների կողմից նշված հիմքով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը՝ Քոչարյանն ասաց. «Այդ ճանապարհով հնարավոր կլինի չեզոքացնել իրենց համար անցանկալի դատավորներին, շարքից հանել կոնկրետ քրեական գործերով: Պետք է սրա դեմն առնել և չստեղծել նման պրակտիկայի հետագա հնարավորություն»:

Դատական նիստին մեկնարկից փոքր-ինչ ուշ ներկայացել էր նաև տուժող կողմի փաստաբաններից Տիգրան Եգորյանը: Վերջինս ևս միացավ դատախազների միջնորդությանը, կարծիք հայտնեց, որ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ պարտավոր է հիմք ընդունել մեղադրող կողմի հայտնած դիրքորոշումը:

Դատական նիստի հետագա ընթացքում դատավարության կողմերը շարունակ հայտարարություններ էին անում մեկը մյուսի հայտնած իրավական դիրքորոշման վերաբերյալ:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ իրենք դատավոր Մխիթար Պապոյանից «պաշտանվելու» խնդիր չունեն, ծայրահեղական համարեց փաստաբան Հայկ Ալումյանի ասածն այն մասին, որ դատախազներն իրավունք չունեն հղում կատարել Եվրոպական կոնվենցիային:

«Մեղադրանք հնչեցվեց, որ այս ամենը սադրանք է՝ ուղղված անցանկալի դատավորներից ազատվելուն: Քանի որ միջնորդությունը ես եմ ներկայացրել, ուզում եմ ասել, որ ես ցանկալի դատավոր չունեմ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը:

Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի և Մխիթար Պապոյանի առնչությամբ քննվող քրեական գործերին, որոնց միջև համեմատականներ տարվեցին, Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ դրանց փաստական հանգամանքներն էականորեն տարբեր են, նշեց նաև, որ դատավորներին զրպարտելու առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում չի կարող քննության առարկա չդառնալ հանգամանքը՝ արդյոք դատավորը կատարել է X անձի կողմից մատնանշված արարքը, թե՞ ոչ:

Պետրոս Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրենք ևս կարծում են, որ դատավոր Պապոյանն անկողմնակալ է, չեն կիսում այն տեսակետը, թե դատավորի կապերը կամ ինչ-ինչ հարաբերություններ նրա անաչառությունը կասկածի տակ են դնում իրենց դատախազների աչքերում, սակայն գոյություն ունեն արտաքին գործոններ, որոնք հասարակության՝ անաչառ դիտորդի մոտ, կարող են այդպիսի կասկածներ հարուցել:

Պաշտպանները Պետրոսյանի այս խոսքերից փաստեցին, որ դատախազությունը ևս կասկածի տակ չի դնում դատավոր Պապոյանի անաչառությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter