HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Մասիսի ավագանու անդամն ընդդեմ Թումո ստեղծարար կենտրոն ստեղծելուն

Արարատի մարզի Մասիս քաղաքի ավագանու անդամ Էդմոնդ Ստեփանյանը Մասիսի զարգացման հիմնադրամի համար խնդիրներ է ստեղծում։ Հիմնադրամը քաղաքում նախատեսել է Թումո ստեղծարար կենտրոն հիմնել, իսկ ավագանու անդամը միտումնավոր այդ տարածքում հողեր է գնել և ապօրինի շինարարություն է իրականացնում։ Այդ ամենին լուռ հետևում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

Սկսենք սկզբից։ Մասիսի զարգացման հիմնադրամը ծրագրել է Մասիս քաղաքի սկզբնամասում Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոն կառուցել։ Այդ նպատակով գնել է ավելի քան 20 հեկտար հողակտոր։ Թումո կենտրոնի ստեղծման գաղափարին ծանոթացել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելել էր Մասիս քաղաք՝ մասնակցելու Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ կառուցված Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը։

Մինչ վարչապետը կծանոթանար այդ գաղափարին, Մասիս քաղաքի ավագանու անդամ Էդմոնդ Ստեփանյանը ստեղծվելիք կենտրոնի համար նախատեսված հողերի անմիջապես կողքին՝ հանրապետական նշանակության ճանապարհի երկայնքով, հողակտոր է գնում։ Դրանից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը նրան շինթույլտվություն է տալիս, որպեսզի սառնարանային տնտեսություն կառուցի։ Կարճ ժամանակ անց շինարարությունը սկսվում է։

Ինչպե՞ս է այդ տարածքում հայտնվել ավագանու անդամը

Էդմոնդ Ստեփանյանը Մասիս քաղաքի սկզբնամասում սեփականության իրավունքով ունի 765 քմ մակերեսով հողամաս։ Այդ հողամասի մի մասը՝ 452 քմ-ն, ձեռք է բերել այս տարի։ Նա Մասիս քաղաքի մեկ այլ հատվածում իրեն պատկանող հողը փոխանակել է Թումո կենտրոնի համար նախատեսված հողամասի անմիջապես դիմացի հողի հետ, որը պատկանում էր Մասիս համայնքին։ Իսկ 313 քմ մակերեսով հողը ձեռք է բերել 2014 թ-ին՝ կրկին համայնքից։ Հետագայում 313 քմ և 452 քմ հողերը միավորել է և այժմ սեփականության իրավունքով տնօրինում է 765 քմ հողը։ Ուշագրավ է, որ 2014 թ-ին գնված հողամասը, որը սկզբում 1152 քմ է եղել, գնվել է ընդամենը 21 հազար 624 դրամով։ Մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Մասիսի քաղաքապետին և հարցրել, թե ինչպե՞ս է օտարվել ճանապարհի եզրին գտնվող 313 քմ մակերեսով հողը, ու՞մ և ի՞նչ հիմքով։ Քաղաքապետարանից չէին տրամադրել հողի օտարման հիմքի մասին տեղեկություն։ Հետագայում բանավոր հայտնեցին միայն, որ հողն օտարվել է ավագանու 24․12․2013 թ-ի 89-Ա որոշմամբ։ Մասիսի քաղաքապետարանի կայքում փորձեցինք գտնել այդ որոշումից բխող մյուս որոշումները (աճուրդի արդյունքների, վաճառքի և այլն), սակայն դրանք հրապարակված չէին։ Ի դեպ, հողամասը փոխանակելու որոշման քվեարկությանը մասնակցել է նաև Էդմոնդ Ստեփանյանը։ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի պահանջն է, որ ավագանու անդամը չպետք է մասնակցի իրեն վերաբերող հարցի քվերակությանը։

Բացի այդ, Էդմոնդ Ստեփանյանի և Զոհրապ Թազայանի կողմից Մասիս քաղաքի կենտրոնական հատվածում ապօրինի կառուցված տունը և հողամասը օրինականացվել են։ Ավագանու որոշման քվեարկությանը մասնակցել և կողմ է քվեարկել նաև Էդմոնդ Ստեփանյանը։

Շինթույլտվությունն ու ապօրինի շինարարությունը

Ավագանու անդամը հողամասը փոխանակելուց հետո միավորել է արդեն իսկ իրեն պատկանող հողամասին, որից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այս տարվա մայիսի 15-ին հողի կատեգորիան է փոխել, տվել է շինթույլտվություն և հասցե։ Մասիսի զարգացման հիմնադրամը փորձել է քաղաքապետից ստանալ ավագանու անդամին տրամադրված շինթույլտվությունը, սակայն չի կարողացել։ Ավագանու անդամն էլ շինթույլտվությունը ստանալուց հետո սկսել է կառուցապատումը։

Մասիսի զարգացման հիմնադրամը դիմել է վարչական դատարան, քանի որ գտնում է, որ շինթույլտվությունն ապօրինի է, իսկ դրա հետևանքով խախտվում են հիմնադրամի իրավունքները։ Ըստ հայցվոր կողմի` շինթույլտվություն է տրամադրվել քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ։ Վարչական դատարանը վարույթ է ընդունել՝ շինթույլտվությունը վերացնելու պահանջով հայցադիմումը: Վարույթ ընդունելու որոշման մեջ գրված է, որ «Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»։ Դատարանը համապատասխան որոշումը տրամադրել է նաև կողմերին, որից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի՝ դեկտեմբերի 3-ի որոշմամբ կասեցվել է շինարարությունը, սակայն մինչ օրս շինարարությունը շարունակվում է։ Էդմոնդ Ստեփանյանին պատկանող տարածքում մենք արձանագրել ենք կասեցման որոշման հաջորդող օրերին իրականացվող շինաշխատանքները։ Փաստացի դատական ակտը կառուցապատողի կողմից չի կատարվում, իսկ քաղաքապետարանը չի վերահսկում։

Մասիսի զարգացման հիմնադրամը շահերի բախում է տեսնում

Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Վահան Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը սեփականության իրավունքով Մասիս քաղաքում ունի մոտ 20 հա հողակտոր, որի վրա ուզում են կառուցել Թումո կենտրոն, ունեն արդեն նախագիծը։ Հարցին՝ ինչո՞վ է խանգարում կառուցվող շինությունն այդ ծրագիրն իրականացնելուն, Վահան Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե հիմնադրամն ուզում է կառուցել շատ գեղեցիկ` մարզի, Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող նախագիծ, ու դրա դիմաց պետք է լինի սառնարան, կամ մեքենաների սպասարկման տեղ, ճիշտ չի լինի, ամբողջ տեսքը կկորի»։ Հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, որ դատարան են դիմել, որոշում կա շինարարությունը կասեցնելու, սակայն դա չի խանգարում, որ ավագանու անդամը նույն թափով շարունակի իր գործը։ Վահան Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ կառուցվելիք կենտրոնը պետք է լինի բարեգործական, կառուցվելուց հետո դրա ֆինանսավորումն իրականացնելու է Մասիսի զարգացման հիմնադրամը, որից հետո պետք է կենտրոնը փոխանցեն Թումոյին։ Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարն ավագանու անդամի քայլերում շահերի բախում է տեսնում։

Խնդրի վերաբերյալ փորձեցինք խոսել Մասիսի ավագանու անդամ Էդմոնդ Ստեփանյանի հետ, սակայն քաղաքապետարանից նրա հեռախոսահամարը չփոխանցեցին։ Ստեփանյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով դիմեցինք՝ խնդրելով կապ հաստատել մեզ հետ, քանի որ իրեն վերաբերող նյութ ենք պատրաստում, սակայն ավագանու անդամը այդպես էլ չարձագանքեց։

Հ․Գ․ Սովորաբար Հայաստանում մեծածավալ նախագծեր իրականացնելուց պատահում են նման դեպքեր։ Օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասին երբ հանրությունն իմացավ, որոշ պաշտոնյաներ այդ ճանապարհի երկայնքով գտնվող հողերը գնեցին, որպեսզի հետագայում ավելի թանկ գնով վաճառեն։ Մասիսում տեղի ունեցողը շատ նման գործընթաց է։

Շինհրապարակի լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի 

Գլխավոր լուսանկարի մեջտեղում Էդմոնդ Ստեփանյանն է

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Այո ցավոք սրտի դեռ Մասիսում տիրում է անարդարությունը։ Մարդկանց վրա կրկնակի վաճառք են անում իրենց ըստ հողակտորը։ Խնդում եվ կոչ ենք անում պատկան մարմիներին որպեսզի հետեվողական լինեն Մասիսում գործող անարդարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter