HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պատվիրակության հիմնական առաջարկներն ընդունվել են

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը փետրվարի  24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ունեցած քննարկումների արդյունքները:

Նոյեմբերին Տիրանայում ՍԾՏՀ  ԽՎ 38-րդ նստաշրջանն անավարտ էր մնացել` ալբանական իշխանությունների  ապակառուցողական դիրքորոշման պատճառով, ինչն էլ Ստամբուլում մեկ անգամ եւս հավաքվելու եւ ընթացիկ հարցեր քննարկելու, վեհաժողովի բյուջեն հաստատելու անհրաժեշտություն էր առաջացրել: Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ընթացակարգային հարցերին զուգահեռ, քննարկվել է նաեւ  կանոնակարգում փոփոխություններ նախատեսող հարցը: Հայկական պատվիրակությունն արդեն ավելի քան երկու տարի է` փորձում է հետեւողականորեն փոփոխություն կատարել հիմնական պաշտոններում ընտրվելու կարգում:

Վեհաժողովին անդամակցող 12 երկրները, կախված երկրի մեծությունից, տարբեր թվակազմով են ներկայացված ԽՎ-ի պատվիրակություններում: Արդյունքում` քվեարկությունների ժամանակ Ռուսաստանը, Թուրքիան կամ Ուկրաինան պաշտոններ զբաղեցնելու առավել մեծ հնարավորություն են ստանում, քան փոքր երկրները: Այս անհավասարությունը վերացնելու նպատակով հայկական պատվիրակությունը կանոնակարգը փոխելու վեց առաջարկ է ներկայացրել: Կազմակերպությանն անդամակցող խոշոր պետություններն ու մասնավորապես Թուրքիան  դեմ էին առաջարկվող փոփոխություններին. նախորդ անգամ այդ կետերը բացասական եզրակացություն էին ստացել:

Լարված քննարկումներից հետո հայկական կողմը Ստամբուլում հաջողել է ընդունելի  դարձնել 6 առաջարկներից  4-ը: Մասնավորապես վեհաժողովի նախագահի 5 տեղակալների համար սահմանվել է, որ յուրաքանչյուր երկիր կարող է մեկ տարի ժամանակով միայն  զբաղեցնել այդ պաշտոնը եւ որ հաջորդ տարի նույն  պաշտոնում պատգամավոր առաջադրելու իրավունք չի ունենա: Հանձնաժողովի նախագահների եւ փոխնագահների դեպքում եւս արգելվել է անընդմեջ առաջադրումը նույն երկրի կողմից:

Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաեւ ԽՎ-ի աշխատակազմի` դիվանագիտական անձնագրեր ունեցող 8 պաշտոնյաների դեպքում, մինչդեռ Հայաստանի համար կարեւոր էր Թուրքիայում ունենալ դիվանագիտական լիազորություններ ունեցող պաշտոնյա: Գագիկ Մինասյանը նշված փոփոխությունները գնահատեց մեծ ձեռքբերում` ուշագրավ համարելով, որ դրանք հաջողեցին Խվ-ում Հայաստանի նախագահության պայմաններում:

Ստամբուլում քննարկումները նախագահել է ԱԺ պատգամավոր եւ պատվիրակության անդամ  Արեգ Ղուկասյանը, ով, որպես վեհաժողովի նախագահի տեղակալ, փոխարինել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Մայիսին, վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում, Հայաստանը նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին: Մինչ այդ մեր պատվիրակությունը կշարունակի աշխատանքները` չընդունված երկու առաջարկները եւս կանոնակարգում արտացոլելու համար: 

Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter