HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ` սոցապ նախարարին, Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին

Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու և երեք երեխաներին  մանկատուն տեղափոխելու խնդրի մասին 

Հարգելի պարոն նախարար, պարոն մարզպետ և պարոն քաղաքապետ. 

Գյումրու տնակային ավաններ մեր հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդբաղ թաղամասում, նախկին մարզական համալիրի կացարաններից մեկում հանդիպեցինք ծայրահեղ ծանր սոցիալական և առողջական պայմաններում իր մանկահասակ երեք երեխաների հետ գոյատևող 33-ամյա միայնակ մայր Լիաննա Մելիքյանի ընտանիքին:

Այս ընտանիքը որևէ տեղ գրանցում չունենալու պատճառով արդեն մի տարի է` զրկված է սոցիալական նպաստից և պարզապես մատնված է սովամահության: Երեխաներից մեծը` 12-ամյա Նաիրան, փոքր հասակում սրտի վիրահատության է ենթարկվել և սովորում է Գյումրու օժանդակ գիշերօթիկ դպրոցի 4-րդ դասարանում, սակայն գրեթե դպրոց չի հաճախում, միջնեկը` 9-ամյա Տիգրանը անկողնուն գամված մանկուց հաշմանդամ է, իսկ փոքրը` Լուսինեն 2 տարեկան է ու հարևանների պատմելով` մշտապես զրկված է խնամքից և ուշադրությունից:

Երեխաների մայրը առավոտից մինչև ուշ երեկո օրվա հացը վաստակելու նպատակով բացակայում է տանից, երեխաներին տնակում մենակ թողնելով:

Դիմելով Ձեզ, խնդրում ենք աջակցել այս ընտանիքին` վերականգնելով  ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն, փրկելով նրանց ցրտից և սովից: 

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ`  Վահան Թումասյան 

 24 փետրվարի 2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter