
Պատգամավորներն առաջարկում են գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ոստիկանությանը. Կառավարությունը դեմ է
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն առաջարկում են փոփոխություններ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:
Նախագծի հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով` այս խնդիրն օր առաջ պետք է լուծել:
«Մենք հապաղելու ոչինչ չունենք և նոր հեծանիվ հնարելու կարիք չունենք, այս խնդիրն առաջացել է տաս և ավելի տարիների պրակտիկայի արդյունքում, պրակտիկան ցույց է տվել, որ նման խնդիր ունենք: Ընդհանուր առմամբ նախագիծը միտված է ոստիկանության բարեփոխումներին»,- ասաց նա:
Նախագիծն արժանացել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ` նախագիծը ճիշտ պահին է ներկայացվել:
«Իմ կարծիքով պատահական չէ, որ 2007 թվականին ոստիկանությանը զրկել էին նման հնարավորություն ունենալուց, և 2008-ին տեղի ունեցավ Մարտի մեկը: Վերջերս շրջանառության մեջ հայտնվեց նախաքննական մարմնին տրված Ազգային անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի խոստովանական ցուցմունքները առ այն, որ Մարտի մեկի գործով անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր, և եթե ոստիկանությունն այդ ժամանակ ունենար գաղտնալսելու հնարավորություն, ես համոզված եմ, որ նման կեղծումները կլիներ անհնար»,- ասաց Քոչարյանը:
Նախագծի հարակից զեկուցող Տիգրան Կարապետյանը ևս համակարծիք էր Անդրանիկ Քոչարյանի հետ` այս հարցում հապաղելու ժամանակ չկա:
«Մեր ոստիկանությունն էս գործիքի կարիքն ունի, և ամենակարևորը` ուժային կառույցներում պետք է լինի հակակշիռների մեխանիզմ, այլ դեպքում ունենալու ենք այն, ինչ ունենք»,- նշեց Կարապետյանը:
Նախագիծը, սակայն, գործադիրի հավանությանը չի արժանացել: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով` Կառավարությունը դեմ է այս նախագծին:
«Քանի որ դեռևս չի վերջնականացվել ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը: Որևէ դեպքում Կառավարությունը չի ասում՝ չպետք է ոստիկանությանը նման հնարավորություն տալ, Կառավարությունն ասում է` նման հատվածական կարգավորմամբ ոստիկանությունը չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն: Եւ արդյոք այս փուլում ինֆորմացիայի արտահոսքի և նման այլ ռիսկերը գնահատում ենք, թե ոչ»,- ելույթը եզրափակեց փոխնախարարը:
Այսքանով նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
Մեկնաբանել