HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանն ակնկալում է որպես ծննդյան «նվեր» ստանալ երկրագնդի ցանկացած վայրից հավաքված մեկ տոպրակ աղբ

Վանաձորի բնակիչ Հակոբ Միկոյանը որպես ծննդյան «նվեր» է ակնկալում ստանալ երկրագնդի ցանկացած վայրից հավաքված մեկ տոպրակ աղբ:

Հակոբ Միկոյանը «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակն է, ծրագրում է իր ծննդյան օրվանից` դեկտեմբերի 11-ից մինչ մայիսի 3-ը կազմակերպել մաքրապատման աշխատանքներ: Առաջին մասնագիտությամբ զինվորական, երկրորդ մասնագիտությամբ ռադիոինժեներ Հակոբը արշավական է, և հաճախ է արշավների ժամանակ սարերից աղբ իջեցնում:

Ասում է` ծնվել ու մեծացել է զինվորականի տանը, որտեղ ամեն ինչ պետք է ունենար իր տեղը:

«Նույնիսկ եթե կոշիկներս մի փոքր ծուռ էի դնում, հայրս անպայման նկատողություն էր անում, ասում էր՝ էսպես պետք է դնես: Դե հետո ես ինքս ստացել եմ զինվորական կրթություն»,- ասում է Հակոբը:

Երկիրը մաքուր պահելու միտքն իր մոտ ծագել է «Յութուբում» դիտած մի տեսանյութից, թե ինչպես էստոնացի գործարարը բազմաթիվ կամավորների հետ` առանց որևէ պետության աջակցության, մեկ օրում հավաքել են Էստոնիայի աղբը: «Հավաքվել էր շուրջ 10 հազար տոննա աղբ: Նախաձեռնությանը միացել էին բազմաթիվ կամավորներ, երբ ես նայեցի, որոշեցի, որ նման ակցիա պետք է իրականացնեմ Հայաստանում»,- ասում է նա:

Հակոբը նմանատիպ նախաձեռնությունների հիմնադիրների հետ է հանդիպել և առաջարկել միահամուռ ուժերով մաքրման աշխատանքներ կատարել:

Հակոբի խոսքով` շաբաթօրյակներն անիմաստ են, քանի որ մեկ ամիս անց նույն տարածքը նույն չափով աղտոտվում է:

«Եթե շեշտը դնենք, որ չի կարելի աղբը գցել գետնին, շաբաթօրյակների կարիք չի լինի»,- ասաց Հակոբ Միկոյանը:

Վերջինս իր նախաձեռնության մասին պատմում է նաև դպրոցականներին, կոչ է անում միանալ, ասում է երեխան ինքը պետք է հասկանա, որ չպետք է գետնին աղբ թափել:

Ինչ վերաբերում է ծննդյան օրվա նախաձեռնած միջոցառմանը Հակոբ Միկոյանն ասաց.

«Արդեն մի քանի տարի «Ֆեյսբուքում» փակել էի ծննդյանս օրվա մասին տեղեկությունը, փորձում էի այնպես անել, որ ով ինձ հիշում է, հիշի նաև այդ օրը: Այս տարի որոշեցի այդ ձևաչափում փոփոխություն անել,  իվենթ արեցի և ասացի՝ ովքեր ուզում են ծննդյանս օրը շնորհավորել, եթե ֆիզիկապես չեն կարող լինել և ինձ հետ մաքրել Երևանի բուսաբանական այգին, կարող են այդ օրվա ընթացքում երկրագնդի ցանկացած կետից մի տոպրակ աղբ հավաքել, նկարել և գցել «Ֆեյսբուք»` գրելով, որ նվիրում են ինձ»:

 

Լուսանկարները` Հակոբ Միկոյանի և «Աղբ թափելն ամոթ է»  նախաձեռնության ֆեյսբուքյան էջերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter