
Ռուստամ Բադասյանի համոզմամբ` նախագիծը ձեռքսեղմում է պետության և ՍԴ անդամների միջև
Խորհրդարանում քննարկվեց Սահմանադրական դատարանի անդամների կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը: Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել Սահմանադրական դատարանի մասին օրենքում:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Այս նախագծով ներկայացվում է ՍԴ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու ինստիտուտը, սակայն սա նորություն չէ Հայաստանի իրավական համակարգում, գործող ՍԴ-ի մասին օրենքում նախատեսված է կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտը»,-ասաց նախարարը:
Առաջարկվող նախագծով` կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և նույն գլխի ուժի մեջ մտնելուց հետո իրենց պաշտոնավարումը շարունակած անձինք կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Այս դեպքում ևս պահպանվում է վերջիններիս աշխատավարձի չափով վաղ կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Նախագծի համաձայն` վաղ կենսաթոշակի իրավունքը կարող է գործել ՍԴ դատավորների մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցութան քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե նախագծի ընդունվելու և ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գնալու դեպքում որքան գումար է հարկատուների վճարած հարկերից ծախսվելու «նման շռայլությունների համար»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքեց` եթե յոթ դատավորները միասին միանգամից հրաժարականի դիմում ներկայացնեն, ապա այդ վաղաժամ կենսաթոշակի ծախսերը կկազմեն շուրջ 630 միլիոն դրամ:
«Ինչ վերաբերում է հարցին, որ հարկատուների գումարից նման շռայլության ենք գնում, կարող եմ ասել, որ հասարակությունն ավելի անհանդուրժող կգտնվի, եթե ոչինչ չփոխենք դատական համակարգում, և ամեն ամիս իրենց վճարած հարկերից դատավորներին աշխատավարձ վճարենք»,-ասաց Բադասյանը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ «հանցագործ» որակեց Սահմանդարական դատարանի գործող կազմին և ասաց, որ դեմ է` հանցագործ հանցագործ անդամներին վաղաժամ կենաթոշակի հնարավորություն ընձեռվի:
Նախարար Բադասյանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, ասաց` չունի նման փաստեր վերջիններիս հանցագործ որակելու համար: Նախարարի խոսքով` սա ձեռքսեղմում է պետության և ՍԴ անդամների միջև:
Մեկնաբանել